2018 թ. հոկտեմբերի 24-ին ցուցարար Վահրամ Պետրոսյանի վերաքննիչ բողոքի բավարարումից հետո ՀՀ Վարչական դատարանը շարունակեց քննել նրա դեմ ՀՀ Ոստիկանության հայցը:
ՀՀ Ոստիկանությունը վարչական դատարան ներկայացրած հայցով պահանջել էր պատասխանատվության ենթարկել 2015 թ. սեպտեմբերի 1-ին Երևանի Բաղրամյան փողոցում տեղի ունեցած հավաքի մասնակից Վահրամ Պետրոսյանին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար:
2016 թ. սեպտեմբերի 28-ին ՀՀ Վարչական դատարանը, դատավոր Կարեն Զարիկյանի նախագահությամբ, բավարարել էր ոստիկանության հայցն ու ցուցարարին տուգանել 50.000 ՀՀ դրամով:
Վերաքննիչ դատարանում որոշումը բողոքարկելուց հետո 2017թ. նոյեմբերի 2-ին որոշում է կայացվել գործը նոր քննության ուղարկելու մասին:
Վարչական դատարանում երեկ կայացած դատական նիստի ընթացքում Վահրամ Պետրոսյանը բանավոր ձևով լիազորեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբաններ Էմմա Շահինյանին ու Մարիամ Կարապետյանին որպես իր ներկայացուցիչներ:
Կողմերը հայտնեցին իրենց դիրքորոշումները, որից հետո հայցվոր ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը միջնորդեց որպես վկա ներգրավել Վահրամ Պետրոսյանին ձերբակալած ոստիկան Արտակ Կոստանյանին:
Այդ հիմքով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2019թ. փետրվարի 5-ին՝ ժամը 15:00-ին:
ՀՔԱՎ