Վարչապետի պաշտոնակատար, վարչապետի ֆորմալ թեկնածու եւ, դատելով դեպքերի ընթացքից, ամենայն հավանականությամբ՝ հաջորդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չափազանց ծանր է տարել, որ Կապանում անցած կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ոչ թե իր պաշտպանած «Քաղպայմանագրի» թեկնածու Նարեկ Բաբայանն է հաղթել, այլ նրա անկուսակցական մրցակից Գեւորգ Փարսյանը:
Եվ, դատելով երեկ խորհրդարանում ունեցած ելույթի տոնայնությունից ու որոշ շեշտադրումներից, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը կապանցիներին դեռ հիշեցնելու է այդ մասին։ Այնպես է հիշեցնելու, որ փոշմանեն:
Հարցը, ավելի ճիշտ, այդ հարցին Նիկոլ Փաշինյանի արձագանքն ու գնահատականները ոչ միայն լուրջ են, այլեւ լրջորեն մտահոգվելու հիմնավոր առիթներ են տալիս: Նա, «միանշանակ ու աներկբա» (շատ է սիրում այս կապակցությունը, երեկ մի 4-5 անգամ կրկնեց), հայտարարեց, թե՝ նախկին իշխանությունները, այսինքն՝ ՀՀԿ-ն, ռեւանշիստական նպատակներ է հետապնդել, որպեսզի… «Նախ, հնարավորինս կոնսոլիդացված պահել երկար տարիներ Հայաստանում գործած պետական կոռումպացված համակարգը:
Երկրորդ՝ Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային: Այսինքն՝ մարդկանց անընդհատ «տոկի տալ», որ մարդիկ հանդարտ, իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենան: Հնարավորինս խաթարել տնտեսական եւ ներդրումային միջավայրը, եւ հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար:
Եվ սպասել հարմար պահի՝ ռեւանշի հասնելու համար»։
Նկատենք, «նախկին կոռումպացված համակարգի» ներկայացուցիչներից Նիկոլ Փաշինյանի չ-կոռումպացված իշխանությունը ներկայացնող ոստիկանությունը, ԱԱԾ-ն ու քննչական մարմինները ում ցանկացել են, նրան էլ անկաշկանդ մեղադրել, ձերբակալել ու կալանավորել են: Ի՞նչ «կոնսոլիդացված» պահելու մասին կարող է խոսք լինել:
Երկրորդ՝ եթե վարչապետ դառնալուց հետո Հայաստանում եղել է որեւէ գործիչ, որ շարունակաբար ներքաղաքական լարվածություն է հրահրել ու «մարդկանց տոկի է տվել», եղել է անձամբ ինքը՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող ու այդ պաշտոնում վերահաստատվել կամ վերարտադրվել ձգտող Նիկոլ Փաշինյանը:
Տնտեսական եւ ներդրումային միջավայրի համար խոչընդոտներ ստեղծելու մասին ԱԺ երբեմնի կամ նախկին մեծամասնությանն ուղղված մեղադրանքն ուղղակի անհեթեթ է: Հա, դա երեւի ՀՀԿ-ական ակտիվիստներն են ամիսներով շրջափակում եւ կաթվածահար անում օտարերկրյա խոշոր ներդրմամբ ընկերության աշխատանքը…
Իսկ միգուցե «հեղափոխության կողմն անցած» եւ դրա համար աջակցության ու խրախուսանքի արժանի (Փաշինյանն էր, չէ՞, ասում) գործարար-պատգամավորնե՞րը չեն հարկերն ամբողջությամբ մուծում:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում