Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, ինչպես մեզ հետ զրույցում նշեց տեղի հայ համայնքի ղեկավար Միխայիլ Խաչատուրյանը, հայերի մուտքը հիշատակվում է դեռևս 7-րդ դարից: Մեր առևտրականները Կազան են հասցրել հայկական գորգեր, որդան կարմիր, արհեստագործական աշխատանքներ և այլն: Իսկ որպես մեծաթիվ ներկայություն և հայկական համայնքի ձևավորման սկիզբ՝ դարձավ Անիի ավերումը և գաղթական հայ ընտանիքների՝ Կազանում հաստատվելը:
Միխայիլ Խաչատուրյանի հետ հարցազրույցը տեղի ունեցավ Կազանի՝ Ժողովուրդների բարեկամության տանը, որի համահիմնադիրներից է նաև մեր զրուցակիցը: Այստեղ ներկայացված է 38 ժողովրդի մշակույթ: Հայկական բաժինը, Խաչատուրյանի խոսքով, ոչ միայն, որպես թանգարան, լավագույնս ներկայացնում է հայ արվեստագետներին ու հայկական մշակույթը, այլ յուրօրինակ հարթակ է դարձել Հայաստանից ժամանող արվեստագետների հետ հանդիպումներ կազմակերպելու և մշակութային միջոցառումներ իրականացնելու համար:
Ի դեպ, Կազանի հայկական համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ պայմանագիր է կնքվել տեղի Կենտրոնական և Երևանի Նոր Նորք վարչական շրջանների միջև:
Համայնքի գործունեության և թե ինչ են մտածում մեր հայրենակիցները հայաստանյան ներքաղաքական զարգացումների մասին՝ ներկայացնում ենք տեսանյութում:
Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ