Ռուսական «Կոմերսանտ» թերթի աղբյուրների համաձայն՝ Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որն իր քաղաքական կարիերան ավարտեց գարնանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո, կարող է ընդգրկվել «Զարուբեժնեֆտի» տնօրենների խորհրդի կազմում: Այդ նշանակումը կարող է լինել և՛ որպես քաղաքական ժեստ, և՛ որպես ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի երկարատև աշխատանքի արդյունք:
Մասնավորապես թերթի զրուցակիցն ասել է, որ առաջիկայում Կարեն Կարապետյանը կարող է ստանալ անկախ տնօրենի տեղը, որն այժմ զբաղեցնում է ֆինանսիստ Հրայր Սիմոնյանը:
«Զարուբեժնեֆտ»-ում և Պետգույքի կառավարման դաշնային գործակալությունից չեն պատասխանել թերթի հարցմանը:
Արդյոք Կարեն Կարապետյանի նշանակումը ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում քաղաքական ազդակ է թե այն կապված է նրա բիզնես կարիերայի հետ՝ պարզ չէ:
«Կարապետյանին լավ են ճանաչում Ռուսաստանի բիզնես շրջանակներում, և նա միանգամայն կարող էր նման առաջարկ ստանալ»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը:
Կարապետյանի նախկին մամուլի խոսնակ Արամ Արարատյանը թերթին ասել է, որ ոչինչ չգիտի նախկին վարչապետի նոր աշխատանքի մասին, և հավելել, որ ինքն այլևս իրավասու չէ մեկնաբանել նրա հետ կապված որևէ տեղեկատվություն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ