Ընթացիկ տարում Վեոլիա Ջրում նախատեսում են
խնայել մոտ 6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգն ունի մեկ կարեւոր առանձնահատկություն. այն շատ էներգատար է: Ռելիեֆը Հայաստանում լեռնային է, կտրտված, հենց միայն Երեւանում տարբերությունը քաղաքի բարձրադիր ու ցածրադիր հատվածների միջեւ մոտ 350 մետր է: Դրանով պայմանավորված, ջրամատակարարումը ընկերության սպասարկման տարածքի շատ բնակավայրերում ու տարածքներում իրականացվում է պոմպակայանների միջոցով: Դրանցից հզորները ջուրն աղբյուրներից մղում են բնակավայրեր, իսկ ավելի փոքրերը նախատեսված են քաղաքների առանձին թաղամասեր կամ շենքեր սպասարկելու համար:
Մինչդեռ էլեկտրաէներգիան մեզանում բավական թանկ է եւ Վեոլիա Ջրի շահագործման ծախսերի մեջ մեծ տեղ է զբաղեցնում: Բացի այդ, մեխանիկական եղանակով ջրամատակարարումը նվազ հուսալի է, քան ինքնահոս եղանակովը: Դրա համար էլ Վեոլիա Ջուրն ամենուր անցնում է ինքնահոս ջրամատակարարման, իսկ որտեղ դա հնարավոր չէ, պոմպակայանների վերակառուցման եւ նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով նվազեցնում է էլեկտրաէներգիայի ծախսը:
Ընկերության Կենտրոնական կարգավարական ծառայությունը, ուր մենք այցելեցինք էներգասպառմանը ծանոթանալու համար, գտնվում է Աշտարակ քաղաքում: Այն իր ուրույն դերն ունի համակարգի բոլոր ինժեներական կառույցների, այդ թվում պոմպակայանների աշխատանքի վերահսկման գործում: Այստեղից, ըստ անհրաժեշտության, դրանք միացվում են կամ անջատվում՝ տնտեսելով էներգիա:: Նաեւ տագնապ է հնչեցվում պոմպերի աշխատանքի խափանման ժամանակ:
«Մենք ունենք մոտ 50 մեծ եւ 500 փոքր պոմպակայաններ, որոնք տարեկան սպառում են 61 միլիոն կիլովատժամ էեկտրաէներգիա,-ասում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ Տեխնիկական տնօրինության Ռազմավարության եւ մշտադիտարկման վարչության պետ Վահրամ Մաճկալյանը: – Դրա համար էլ գործունեության առաջին իսկ օրերից նորարարական տեխնոլոգիաների կիրառման միջոցով աշխատում ենք տնտեսել էլեկտրաէներգիան: Ներկայումս ընթանում են աշխատանքներ հետեւյալ 3 ուղղություններով. ջրատար համակարգի օպտիմալ կառավարում, նոր պոմպերի տեղադրում եւ էներգավերահսկողություն»:
Աշտարակից ոչ հեռու գտնվող «Ագարակ» պոմպակայանը, ուր մեզ խորհուրդ տվեցին այցելել, ըստ մասնագետների՝ ջրատար համակարգի օպտիմալ կառավարման ցայտուն օրինակ է: Այն նախկինում շատ ծախսատար էր, որովհետեւ ողջ կարողությամբ հարակից մայրուղային «Ղազարավանի» ջրատարից ջուր էր մղում դեպի Էջմիածին ու մի շարք այլ բնակավայրեր: Բայց ահա գտնվեց ինժեներական լուծում՝ «Ղազարավանի» աշխատանքը կարգավորելու համար, եւ հնարավոր դարձավ պոմպակայանի հզորությունը կտրուկ նվազեցնել: Այս մեկ նորարարությունը տվեց տարեկան 950 հազար կՎտժ էներգիայի տնտեսում:
Մեծ ակնկալիքներ ունեն Վեոլիա Ջրում նաեւ հնամաշ, խիստ ծախսատար եւ որպես կանոն՝ դեռեւս խորհրդային արտադրության պոմպերի փոխարինման ծրագրից, որի արժեքը 500 մլն դրամ է: Նախատեսվում է 9 պոմպակայանում տեղադրել 57 ժամանակակից պոմպ, որը կտա տարեկան 4,8 մլն կՎտժ-ի տնտեսում: Դրանցից մեկը մեր այցելության պահին արդեն հաջողությամբ գործում էր Արագածոտնի մարզում տեղակայված «Կոշ» պոմպակայանում:
Ըստ Վահրամ Մաճկալյանի՝ էներգավերահսկողությունը համակարգում նույնպես նորովի է իրականացվում: Մասնագետներին օգնության են եկել լոգերներով հագեցված հաշվիչները, որոնք ոչ միայն մշտապես գրանցում են էներգիայի ծախսը, այլեւ անմիջապես ահազանգում են պոմպերի վթարի կամ անսարքության պատճառով առաջացած էներգիայի գերածախսի դեպքում:
Այս ամենի շնորհիվ 2018թ.-ին Վեոլիա Ջրում նախատեսում են խնայել մոտ 6 մլն կՎտժ էլեկտրաէներգիա:
Ընդ որում, շատ դեպքերում աշխատանքներն իրականացվում են ջրամատակարարման համակարգի ընդհանուր բարելավման ծրագրի շրջանակներում, ինչպես, օրինակ, դա կատարվեց Բերդավանում: Այստեղ մի կողմից ունեցանք 86 տոկոս էներգիայի տնտեսում, մյուսից՝ 12-ժամյա ջրամատակարարումը դարձավ շուրջօրյա: Իսկ 23 տեղային պոմպակայան ընդհանրապես դադարել է գործել այս ընթացքում՝ համակարգի վերակառուցմամբ պայմանավորված, ինքնահոս ջրամատակարարման անցնելու շնորհիվ: Հետեւաբար, շահում է նաեւ սպառողը, ստանալով ինքնահոս, նվազ ծախսատար եւ ավելի հուսալի ջրամատակարարում:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
Հանրային
կապերի ծառայություն
«Առավոտ»
25.10.2018