Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան այց՝ ընդդեմ Ռուսաստանի ազդեցության

Հոկտեմբեր 25,2018 10:29

Բոլթոնի այցով Վաշինգտոնը կարեւորում է Հարավային Կովկասը

Այս շաբաթվանից մեկնարկել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Ռուսաստան եւ Հարավային Կովկասի երկրներ:
«Հոկտեմբերի 20-ին կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան՝ հանդիպելու իմ պաշտոնակիցների եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, առաջ մղելու ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում»,- թվիթերյան իր էջում գրել էր Բոլթոնը: Հիշեցնենք, որ Ջոն Բոլթոնը ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է այս տարվա ապրիլից, նա հայտնի է պաշտոնական Թեհրանի ու Դամասկոսի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ: Այսօր Երեւանում կայանալու է Ջոն Բոլթոնի մամուլի ասուլիսը:

Հայ-ամերիկյան հարաբերություններն ակնհայտորեն ունեն բացեր: Հայտնի չէ, թե Հայաստանի կառավարությունը կոնկրետ ինչ ուղղություններով, ինչ քայլերով է պատկերացնում այդ հարաբերությունների զարգացումը: Հստակ է, որ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերություններին ձգտում է նոր որակ հաղորդել, եւ հենց պաշտոնական Մոսկվայի հետ հարաբերությունները չփչացնելուն են ուղղված նրա կառավարության ողջ ջանքերը: Մինչդեռ հայկական կողմից նախաձեռնողական քաղաքականության անհրաժեշտություն կա նաեւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում:

Նույնիսկ այս փուլում, երբ սրված են ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները, երբ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կոշտ քաղաքականություն է վարվում, Հայաստանը պետք է փորձի հարեւան Իրանի հետ փոխհարաբերությունները պահպանելով՝ արդյունավետ նոր քաղաքականություն վարել Միացյալ Նահանգների հետ: Ու այստեղ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ Ջոն Բոլթոնի այցը Հարավային Կովկաս որոշակի ուղերձ է նաեւ Մոսկվային: Սա նշանակում է, որ Բոլթոնի այցով Վաշինգտոնը կարեւորում է Հարավային Կովկասը, մինչդեռ Թրամփի նախագահությունից հետո տպավորություն էր ձեւավորվել, որ Հարավային Կովկասի նկատմամբ որոշակի անտարբերություն կա, կամ որ Վաշինգտոնը հաշտվել է այն մտքի հետ, որ մեր տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի է: Ըստ ամենայնի, կան արդեն նախանշաններ՝ համարելու, որ Միացյալ Նահանգների համար մեր տարածաշրջանը դառնում է ռազմավարական կարեւորության ու նշանակության:

Վաշինգտոնն աջակցում է ժողովրդավար, անվտանգ
եւ բարգավաճ Հայաստանին

Այն, որ Վաշինգտոնը Հայաստանի հետ հարաբերությունների նոր մակարդակ հաղորդելուն պատրաստ է, այդ ուղղությամբ Ջոն Բոլթոնի այցից առաջ հստակ ուղերձներ հնչեցին հենց Երեւանում:
«Միացյալ Նահանգները աջակցում է ժողովրդավար Հայաստանին, եւ հայաստանյան խորհրդարանական ընտրություններից հետո Վաշինգտոնն ու Երեւանը քննարկելու են հարաբերությունների խորացման հարցը»,- օրեր առաջ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը: «Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո, հավանաբար գալիք տարվա փետրվարին, Վաշինգտոնում մենք կգումարենք ամերիկա-հայկական միջկառավարական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ անցկացնելու ռազմավարական նշանակության քննարկումներ: Կարծում եմ՝ մեզ համար դա գերազանց պահ կլինի՝ քննարկելու, թե ինչպես կարող ենք խորացնել մեր հարաբերությունները: Ինչպես դեսպան Միլսը հայտարարեց անցած շաբաթ, ի պատասխան այստեղ տեղի ունեցած փոփոխությունների, որոնք դուք անվանում եք «թավշյա հեղափոխություն», ԱՄՆ-ը մեծացրեց Հայաստանին հատկացվող աջակցությունը՝ օժանդակելու այն փոփոխություններին, որ հայաստանցիները առաջ են տանում»,- նշել էր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը:

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ օրեր առաջ հիշեցրեց, որ այս տարի ԱՄՆ-ը 14 միլիոն դոլարով ավելացրել է Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, իսկ գալիք ֆինանսական տարվա համար նախատեսում է 20 միլիոն դոլար ավելի հատկացնել, քան նախատեսված էր ի սկզբանե: Հիշեցնենք, որ Ջորջ Քենթին ընդունել էր Նիկոլ Փաշինյանը, ամերիկացի դիվանագետն ասել էր, որ ԱՄՆ-ը կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը. «ԱՄՆ-ը աջակցում է ժողովրդավար, անվտանգ եւ բարգավաճ Հայաստանին: Տեղյակ ենք, որ ձեր երկիրը ժողովրդավար կերպով փոխվեց, հնարավոր են նոր ընտրություններ, եւ մենք քաջալերում ենք, որպեսզի այդ ընտրությունները լինեն ազատ եւ արդար, որոնց կմասնակցեն բոլորը»:

Անդրադառնալով Թրամփ-Փաշինյան հնարավոր հանդիպման հարցին՝ Քենթը վստահություն էր հայտնել, որ այն կկայանա. «Որպես դիվանագետներ՝ մենք միշտ աջակցում ենք մեր առաջնորդների միջեւ հանդիպման կայանալուն: Վստահ եմ, որ հանդիպումը կկայանա, սակայն չեմ կարող ասել, թե այն երբ ու որտեղ կկայանա: Կարող եմ ենթադրել, որ հանդիպման հարցը կքննարկվի վարչապետ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հանդիպմանը»:

ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը խոսել էր նաեւ Իրանի հետ հարաբերություններից. «Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները թիրախավորում են որոշակի ընկերությունների, որոշակի ոլորտներ: Խնդիրը փոքր ծավալի բնականոն առեւտուրը չէ: Սակայն հայաստանյան, ինչպես նաեւ վրացական ու ադրբեջանական ընկերությունները, որոնց ներկայացուցիչների հետ ես խոսեցի անցած շաբաթ, պետք է գիտակցեն, թե ովքեր են իրենց հաճախորդները: Այո, մենք քաջալերում ենք ընկերություններին առեւտուր չանել իրանական որոշակի ընկերությունների հետ, որովհետեւ նրանք կարող են ԱՄՆ պատժամիջոցների ներքո լինել: Միացյալ Նահանգների այն պաշտոնյաները, ովքեր պատասխանատու են պատժամիջոցների քաղաքականության համար, հավանաբար այս նոյեմբերին կայցելեն տարածաշրջան՝ հայաստանյան, վրացական ու այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկումներ տանելու համար»:

Ռազմավարական հարաբերություններ՝ Հայաստանի, Վրաստանի
ու Ադրբեջանի հետ

«Միացյալ Նահանգները ցանկանում է ամրապնդել ռազմավարական հարաբերությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի հետ»,- անցյալ շաբաթ, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Վաշինգտոնում գումարված Ատլանտյան խորհրդի նիստում նշել է պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով օգնական Վես Միտչելը՝ ընդգծելով, որ նախագահ Թրամփի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հենց այդ նպատակով է ժամանում տարածաշրջան:

Խոսելով Հայաստանի մասին՝ պետքարտուղարության բարձրաստիճան դիվանագետը հարկ էր համարել հատուկ ընդգծել վերջերս տեղի ունեցած քաղաքական զարգացումները. «Մենք փորձում ենք այդ տարածաշրջանում ամրապնդել մեր հարաբերությունները, խորացնել կապերը Ադրբեջանի հետ, Հայաստանի հետ՝ հատկապես օբյեկտիվ գնահատելով վերջին քաղաքական իրադարձությունները, որտեղ մենք տեսանք կայունությունը պահպանելու իրական հանձնառություն: Վրաստանում հաջորդ տարի ուժի մեջ կմտնի նոր Սահմանադրությունը, եւ դրա կիրառումը մեզ շատ բան կասի իշխանության լծակները տարանջատելու եւ բարեփոխումները շարունակելու Թբիլիսիի պատրաստակամության մասին: Ընդհանուր առմամբ, այս երեք երկրներն էլ զգայուն են եւ մեծ ճնշումների են ենթարկվում Ռուսաստանի կողմից: Բացի այդ, մենք ականատես ենք Չինաստանի տնտեսական ներթափանցմանը»:

«Աշխարհում նոր մրցավազք է սկսվել ազդեցության գոտիների համար»,- հավելել էր ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ մանրամասնելով. «ԱՄՆ-ի մրցակիցները ընդարձակում են իրենց քաղաքական, ռազմական ու տնտեսական ազդեցությունը Բալթյան տարածաշրջանից մինչեւ Հարավային Կովկաս: Վրաստանում եւ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական միջամտություններից հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում Մոսկվայի ռազմական ներկայությունը կրկին գործոն է դարձել, որի հետ պետք է հաշվի նստել: Այդ սահմանից հեռու՝ Կենտրոնական Եվրոպայի երկրներում էլ Ռուսաստանը օգտագործում է էներգետիկ մանիպուլյատիվ ռազմավարություն, կոռուպցիա ու քարոզչություն, որպեսզի ներսից թուլացնի արեւմտյան պետությունները եւ քայքայի նրանց հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ»:
Դիվանագետը նշել էր, որ տարիներ շարունակ Վաշինգտոնը լուրջ չի մոտեցել այս մրցակցությանը եւ սառը պատերազմի ավարտից հետո կարծել է, թե այդ տարաձայնություններն այլեւս անցյալում են: Հիմա, ըստ բարձրաստիճան դիվանագետի, Միացյալ Նահանգներում փոխել են այդ տեսակետը. «Այսօր քարտեզին նետված մեկ հայացքն անգամ ստիպում է վերանայել այդ քաղաքականությունն ու ընդարձակել աջակցությունը տարածաշրջանին՝ Ռուսաստանի ազդեցությանը դիմակայելու համար: Մենք պետք է ակտիվանանք, հակառակ դեպքում պատրաստ լինենք պարտության… Ինչպես եւ տասնամյակներ առաջ, այսօր էլ Վաշինգտոնը շարունակում է օգնել այն երկրներին, որոնք պատրաստ են իրենք իրենց օգնել ազատության համար պայքարում: Ի տարբերություն մեր մրցակիցների՝ Ամերիկան չի փորձում երկրներին կախվածության մեջ դնել իրենից: Մենք ուզում ենք, որ մեր դաշնակիցները լինեն ազատ, հզոր, ինքնավստահ պետություններ, որոնք ուզում են եւ կարող են կիսել Արեւմուտքի պաշտպանության պատասխանատվությունը»:

Քննարկմանը մասնակցել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը, որը օրեր առաջ Հարավային Կովկաս կատարած այցի շրջանակներում հանդիպել է երեք երկրների ղեկավարներին: Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, թե «հայաստանյան հեղափոխությունն իսկապես առանձնահատուկ էր, եւ վարչապետ Փաշինյանը, ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձային փոփոխություններ չի ծրագրում»: Նա նկատել է. «Չեմ կարծում, որ Հայաստանի վարչապետը հարցականի տակ է դնում կախվածությունը Ռուսաստանից՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավորից, եւ դա շատ հետաքրքիր ու վերլուծական համեմատության հիմք է տալիս Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ, որոնք տարված են եվրաատլանտյան նկրտումներով: Այսօր՝ թավշյա հեղափոխությունից հինգ ամիս անց, ինչպես քննարկման մասնակիցներից մեկը նշեց, Փաշինյանը 91 տոկոս աջակցություն ունի՝ ավելի, քան Սաակաշվիլին, Պյոտր Պորոշենկոն կամ Բիձինա Իվանիշվիլին երբեւէ ունեցել են: Այս փուլում հայաստանյան հասարակությունը համախմբված մանդատ է տվել նրան՝ փոփոխություններ իրականացնելու համար: Կարծում եմ՝ մեզ բոլորիս համար հետաքրքիր է հետեւել, թե ինչպես դա տեղի կունենա մի երկրում, որը հարցականի տակ չի դնում հարաբերությունները Ռուսաստանի հետ»: Փաստելով, որ Վաշինգտոնը շարունակելու է ուշադրությամբ հետեւել հայաստանյան զարգացումներին ու բարեփոխումներին՝ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան այնուհետեւ հավելել էր. «Ամենակարեւորը, թերեւս, արդար դատական համակարգի կայացումն է, որը կերաշխավորի ոչ միայն արդյունավետ պայքարը կոռուպցիայի դեմ, այլեւ հասարակության ու բիզնես միջավայրի վստահությունը պետության նկատմամբ»:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031