Չնայած «վարչապետ չընտրելու» ԱԺ նիստի գաղափարն ինձ բավականին ծիծաղաշարժ է թվում, բայց, ո՞վ գիտի, գուցե գործող Սահմանադրության ոչ այնքան հստակ ինչ-որ կետեր պահպանելու համար այն պետք է անցկացվեր: Բոլոր դեպքերում դա իսկապես լավ առիթ էր ներքաղաքական իրավիճակը քննարկելու համար, եւ այդ առումով վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի շարք ուշագրավ արձանագրումներ է արել: Դրանցից ամենաէականը «հեղափոխություն-իշխանափոխություն» երկվության վերլուծությունն էր, որի ընթացքում, մասնավորապես, արտահայտվել է հետեւյալ միտքը. «Պետական կառավարման համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկայական մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ և սովորույթներով, այլև հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած»: Իրավիճակի նկարագրությունը ճշգրիտ է, բայց դրան հետեւած պնդումը վիճելի է՝ այդ հին տրամաբանությամբ գործող մարդկանց «ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական նախկին մեծամասնությունն է և նախկին իշխող համակարգը»:
Կաշառակերներն ու կոռուպցիոներները սթափ, պրագմատիկ մարդիկ են՝ նրանք քաղաքական գործիչներ չեն, նախկին նախագահներ չեն, որ տարիներով պալատականների հեքիաթներն էին լսում այն մասին, թե ժողովուրդն ինչպես է իրենց սիրում եւ, հետեւաբար, իրականության մասին խեղված պատկերացում ունեն: Պետական բյուրոկրատիան եւ օլիգարխիան (որը հաճախ նույնն է) այնքան միամիտ չէ, որ հույսը դնի քաղաքական մի ուժի վրա, որը մի շաբաթից, ժամանակավորապես թե ընդմիշտ, հեռանալու է ասպարեզից: Դա նույնն է, եթե ասեինք, որ 1990-91 թվականներին անազնիվ մտադրություններ ունեցող մարդիկ հույսը դրել էին կոմունիստների վրա: Պարզ չէ՞, որ նրանց ներշնչանքի աղբյուրը… ՀՀՇ-ն էր:
Այդպես էլ հիմա է: Կոռուպցիոներների հույսը մի կողմից՝ իրենց սեփական հարմարվողականությունն է կամ, եթե կենսաբանական եզրույթ օգտագործենք՝ «միմիկրիան», մյուս կողմից՝ հեղափոխականների աստիճանական այլասերումը: Պատահական չէ, որ օլիգարխիան արդեն ամբողջությամբ պաշտոնապես անցել է նոր իշխանությունների կողմը, հատկանշական է նաեւ, որ թե՛ Երեւանի ավագանու, թե՛ ՏԻՄ վերջին ընտրությունների ժամանակ որոշ տեղերում ՔՊ-ի շտաբների մոտ սկսեցին պտտվել այն նույն մարդիկ, որոնք նախորդ ընտրություններում «աշխատում էին» ՀՀԿ-ի համար: Իսկ գույնը փոխելը եւ բոցաշունչ հեղափոխական, հակաՀՀԿ-ական ճառեր արտասանելը զուտ տեխնիկայի հարց է: Մի՞թե մենք այդ ամենը չենք անցել:
Ինչպես անել, որ այդ ամենը չկրկնվի՝ այդ հարցի ամբողջական պատասխանը ես չգիտեմ: Կարող եմ միայն ասել, որ ես հույսս չէի դնի միայն հեղափոխականների վրա: Եթե մարդը քայլել է, վանկարկել է, թմբուկ է խփել, եթե նա անգամ անձամբ նվիրված է հեղափոխության լիդերին, դա ամենեւին երաշխիք չէ, որ նա չի այլասերվի: Համենայնդեպս, նախորդ տարիների փորձը դա՛ է ցույց տալիս:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պարոն Աբրահամյան,մեր անկախության տարիների ամենավտանգավոր մարդիկ ,,սվաղչիներն..են,որոնք բոլոր իշխանությունների որոք էլ տարբեր ձևակերպումներով արդարացրել են իշխանությունների ճիշտ,կամ սխալ որոշումները:Այսօր էլ այդ նույն ,,սվաղչիները,, իրար հերթ չտալով թմբկահարում են ,,հեղափոխության,,հաղթանակը,ճանաչված ,,տնտեսագետները,,փնովում են նախորդ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը,նոր ոչինչ չառաջարկելով:Վերջերս ,,Շանթ,,հեռուստաալիքով Դուք բանավեճի եիք հրավիրել երկու տնտեսագետների՝տարբեր օրերի,նրանցից ոչմեկը որևէ արժանի միտք չարտահայտեց՝ինչ անել,նույնիսկ ես չհասկացա ինչի մասին են խոսում,նույնը Ձեր դեմքի արտահայտությունից էր երևում,որ Դուք էլ չհասկացաք:Հիմա մարդկանց մեծ մասը ,,թամաշա,,է ուզում,ինչպես Ֆրանսիական հեղափոխության ժամանակ,դե ներկայիս իշխանություններն էլ աշխատում են հուսախաբ չանել…..
Համաձայն ըլլանք կամ ոչ յառաջիկայ ընտրութիւններուն ՀՀԿ-ի մասնակցութեան, այս կուսակցութեան կողմէ, այդ ընտրական միջոցաւ, «ռևանշի » յղացքը, անհասկնալի է: Կը նպաստէ միայն տեղի ունեցող քաղաքական խաղերի երեխայական բնոյթին:
Այդ կուսակցութիւնը պիտի հռչակուի անօրէ՞ն, Օրէնքի դէ՞մ: Ոչ միայն բաւական նոյնանման կացութեան մէջ այդպիսի նախադէպ կայ, այդ տարօրինակ երկրում, այլ ՀՀԿին եւ դեռ այլ կուսակցութիւններու արդէն մի անգամ արգիլուեցաւ թեկնածու ներկայացնել վարչապետի պաշտօնին, մինչ ա նոնց բառացիօրէն պարտադրուեցաւ քուէարկել թելադրուած ուղղութեամբ:
Եթէ ոչ, ինչպէ՞ս կարելի է «վրէժխնդրութիւն» որակել կուսակցութեան մը մասնակցութիւնը խորհրդարանական ընտրութիւններու: Եւ այդ ալ՝ շարժումի մը կողմէ որ կը յաւակնի գործել էականօրէն յանուն Ժողովրդավարութեան բարձր չափանիշների հաստատման Հայաստանի մէջ:
Ի դէպ, բանից դուրս եկաւ որ այդ շարժումը ոչ յեղափոխութիւն է ոչ ալ իշխանափոխութիւն: Պարզապէս, փողոցի հարկադրանքի տակ – այսինքն, նոյն քուէարկող քաղաքացիների մտքի փոփոխութեամբ -, կանխահաս չեղարկումն է կատարուած ընտրութիւններու արդիւնքներին: Այսինքն, ընթացիկ խաղին յանկարծակի ընդմիջումով… «ռևանշ» մը: Արդէն fair play-ի պակաս կայ այստեղ:
Իսկ այն ինչ կը վերաբերի քաղաքական նոր ղեկավարների յետագայ բարոյական բտումի հաւանականութեան, այս պահին, այդ՝ նուազ մտահոգիչ է, քան թէ անոնց այժմու կատարեալ անատակութիւնը, եւ լուրջ ու բովանդակալից ծրագիրների պակատը, դատարկութիւնը: Հիմնական այժմու թերութիւններ, որոնց որպէս հետեւանք արդէն, ամէն դէպքում, դեռ նախկին կաշառակերներն ալ բոլորը պիտի չմաքրուին, տեղ բանալու համար նորերին:
Իրոք, ամէն օր քիչ մը աւելի հեշտ կը դառնայ այս ամէնը նկատել պարզապէս որպէս ծիծաղաշարժ թատերգութիւն, երգիծանքով դիտել ու խնդալ: Եթէ չըլլար սակայն պատերազմի խնդիրը…