Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ից կասկածներ ունեն, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ միասին «ինչ-որ բան է անում», բայց ինչ՝ չգիտեն

Հոկտեմբեր 25,2018 15:30

ՔՊ-ականների արձագանքը՝ Իոաննիսյանի քննադատությանն
ու ՀՅԴ-ի՝ «կողմ ըլլալով՝ դեմ ըլլալուն»

«Ընտրական օրենսգրքի» տապալումից հետո վարչապետին կից Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը հայտարարել էր, որ «Ընտրական օրենսգրքի» տապալման մեղավորը ոչ միայն ՀՀԿ-ն ու «թեթեւակի» սաբոտաժ արած ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են, այլեւ գործադիր իշխանությունը: «Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը: Ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխումը Նիկոլ Փաշինյանի առանցքային խոստումներից էր, եւ չէր կարելի օրենսգիրքը չփոխած սկսել ընտրությունների գործընթացը»: «Առավոտի» հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանն ասաց. «Ինձ համար անհասկանալի է Իոաննիսյանի այդ դիրքորոշումը՝ մանավանդ, որ ինքը շատ լավ տեղյակ է, թե ինչքան ջանք են գործադրել կառավարությունը եւ «Ելք» խմբակցությունը, որ ամռանից սկսվեն քննարկումները, ունենանք առաջարկությունների փաթեթ, նաեւ շատ լավ տեղյակ է, թե ինչ ջանքեր են գործադրվել Վենետիկի հանձնաժողովում, որ ստանանք նախագծին հավանություն: Այդ ամենով հանդերձ չգնահատել մեր ջանքերը եւ մեղավոր համարել՝ ինձ համար անհասկանալի է ու անտրամաբանական»: Լենա Նազարյանը Իոաննիսյանին հիշեցրեց, թե ինչու մոտեցավ ընտրությունների անցկացման ժամկետը, դա եղավ հոկտեմբերի 2-ի «ԱԺ կանոնակարգում» փոփոխությունից հետո. «Մենք արձագանքեցինք իրավիճակին, չէինք կարող չարձագանքել: Ինքը պետք է հիշի, թե ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում: Չէինք կարող հապաղել, քանի որ եթե այդ փոփոխությունն ուժի մեջ մտնի, այդ պարագայում շատ ավելի բարդ կլինի մեզ համար հասնել ԱԺ-ի լուծարմանը: Այսինքն՝ ի՞նչ էր ինքն առաջարկում, սպասեինք կանոնադրության մեջ այդ փոփոխությունը լիներ, հետո հայտնվեինք մի այնպիսի իրավիճակում, երբ անհասկանալի կլիներ, թե ոնց պիտի այդ իրավիճակից դո՞ւրս գանք, ինչ է թե «Ընտրական օրենսգիրքն» է գալիս»:

«Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը նույնպես ընդդիմացավ Իոաննիսյանին: Ըստ նրա՝ անկախ ամեն ինչից, ՀՀԿ-ն ոնց ուզենար՝ կվարվեր, ու եթե մայիսին լիներ ընտրությունը, նույն կերպ կարող էր վարվել ու սաբոտաժ անել: Հրաչյա Հակոբյանն էլ Իոաննիսյանին փոխանցեց՝ «արտահերթի ժամկետները մոտեցնելն ինքնանպատակ չէր, չէ՞, տեղի ունեցան որոշ գործողություններ, ու հարկ եղավ արտահերթի ժամկետներն ավելի մոտեցնել»: Հարցին՝ ամեն դեպքում դուք կարծում եք, որ մայիսին արտահերթն անցկացնելու վտանգներն ավելի մե՞ծ էին, քան դեկտեմբերին այն անելու ռիսկը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ մայիսին ինչ տեղի կունենար, ինչ կլիներ, բայց արդեն երեւում էր, որ օր առաջ պետք էր մոտեցնել արտահերթը եւ չսպասել մայիսին»:

Մեր հարցին՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հեգնեց, որ 69 պատգամավորի համաձայնություն ունեիք, որ պետք է կողմ քվեարկեին ԸՕ-ին, բայց հազիվ 57 մարդ գտաք, ըստ ձեզ՝ ի՞նչն էր պատճառը, որ չեկան, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, երեւի մի փոքր այդ հարցում կար նաեւ մեր թերացումը: Կարծում եմ, որ պետք էր շատ ավելի կազմակերպված մոբիլիզացնեինք, երեւի դա է միակ պատճառը: Միգուցե մտածել են՝ դե լավ, ես չգնամ, մեկ ա, այսքանը կգան»: Հարցին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը մարզահագուստով է եղել, դրա համար չի մտել նիստերի դահլիճ, Վարդան Ղուկասյանը Գյումրիից չի հասցրել գալ, ՀՅԴ-ից Սուրեն Մանուկյանն ասաց, որ անձնական խնդիրներ է ունեցել ու չի եկել՝ այս պատճառաբանությունները ձեզ համար ընդունելի՞ են այսքան կարեւոր օրենսգրքի քննարկմանը չմասնակցելու համար, Հակոբյանը պատասխանեց. «Ես վստահ եմ, որ եթե մեկ ձայնի պակաս ունենայինք, Գագիկ Ծառուկյանը թեկուզ մարզահագուստով կմտներ դահլիճ, 7 հոգու ձայն էր պակաս, ու Գագիկ Ծառուկյանը եթե մտներ դահլիճ, ոչինչ չէր փոխվելու: ՀՅԴ-ի մոտեցումն անհասկանալի էր, ստորագրահավաքին էլ չեն մասնակցել, բայց ասում են, որ կողմ են քվեարկելու: Եթե նորից պիտի նույն ձեւով կողմ քվեարկեն, ինչ նախորդը… չգիտեմ, իրենց դիրքորոշումն անհասկանալի է, որովհետեւ եթե կողմ եք ԸՕ փոփոխություններին, ուրեմն պետք է ներկա գտնվել, ասել՝ կողմ ենք, բայց կողմ ըլլալով՝ դեմ ըլլալն անընդունելի է»:

Հարցին՝ ըստ Ձեզ, կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ի հետ միասին ՀՅԴ-ն մասնակցում է սաբոտաժի, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Ախր այն, որ ինչ-որ բան իրենք միասին են անում, դա ակնհայտ է, բայց թե ինչ են անում՝ ես չգիտեմ: Իսկ այն, որ նրանք միասին ինչ-որ բան անում են՝ դա ակնհայտ է»:

«Դեմ ըլլալով՝ կողմ լինելու» հետ կապված ՔՊ-ականի քննադատությանն ի պատասխան՝ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանն արձագանքեց. «Գիտեք ինչ, մանիպուլյացիաներն այնքան հեշտ են իրենք անում ու օգտագործում: Դա իրենց սկզբունքն է մանիպուլյացիաներով ժողովրդին հրամցնելու մի ուրիշ բան, անել ուրիշ բան»: Մենք ճշտեցինք՝ եթե «դեմ ըլլալով՝ կողմ չեք», ինչո՞ւ երեկ ԸՕ-ն 72 ժամում քննարկելու հարցին ձեռնպահ քվեարկեցիք, որ ոչ թե 24 ժամում քննարկվի, այլ 72, Կյուրեղյանը պատասխանեց. «Որովհետեւ դա էլ է քիչ, այս փաստաթղթի համար նորմալ քննարկում է պետք»: Հարցին՝ իսկ «Ընտրական օրենսգրքի» առաջին ընթերցման քվեարկությանը ձեր խմբակցությունը ողջ կազմով չմասնակցեց, 2 պատգամավոր չկային, սա՞ ինչպես կբացատրեք, նա պատասխանեց. «Դե գիտեք ինչ, որովհետեւ ֆորս-մաժորը միշտ կա, ինչպես իրենք են ասում, բայց ով որ կար՝ կողմ է քվեարկել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

24.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031