Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ բանվորն իրեն համարում է տուժող

Հոկտեմբեր 25,2018 14:30

Նա դիմել է ՀՀ վարչապետին

Ձեզ է դիմում սիրիահայ Ժիրայր Հակոբյանը, որը ծնվել է 1959թ.-ին, Սիրիայի Հալեպ քաղաքում: Պատերազմի ժամանակ՝ 2012թ.-ին վերադարձել եմ Հայաստան, ստացել եմ Հայաստանի քաղաքացիություն 2013 թվին, նույն տարում անցել եմ աշխատանքի «Նոր-Ձովք» խանութում՝ որպես բանվոր: Աշխատանքի ժամանակ ծանոթացել եմ «Նոյ» խանութում աշխատող Ռուզաննա Վարդանյանի հետ, որն ապրում էր Երեւանում, իսկ նրա ամուսինը գտնվում էր քրեակատարողական հիմնարկում: Ռ. Վարդանյանին աշխատանքից ազատեցին, նա հաճախակի էր դիմում ինձ եւ խնդրում էր սննդով օգնել իրեն եւ ես որոշ չափով օգնում էի։

2013 թվին ես մեկնեցի Ռուսաստանի Դաշնություն՝ աշխատելու, առաջին աշխատավարձս ուղարկեցի կնոջս, որը բնակվում էր Երեւանում։ Կինս Հայաստանի քաղաքացի չէր, չկարողացավ ստանալ իմ կողմից ուղարկված գումարը։ Ես հեռախոսով կապվեցի իմ ծանոթ Ռուզաննա Վարդանյանի հետ, բանավոր համաձայնության եկանք, որ ես կարող եմ գումարը ուղարկել նրան, այդ գումարը հավաքվի՝ հետագայում վերադարձնի ինձ, նա պատասխանեց, որ այդ ուղարկած գումարները կհավաքի եւ կվերադարձնի ինձ։ Նա ինձ ուղարկեց անձնագրի պատճենն ու իր լուսանկարը, խոստացավ, որ գումարը պակասելու դեպքում Եղեգնաձորում ունի իր սեփական բնակարանը՝ 13-րդ շենք, բնակարան 13, կվաճառի եւ հասանելիք գումարը լրիվ կվերադարձնի ինձ։

2013 թվին իմ առաջին հավաքած գումարը փոխանցեցի Ռուզաննա Վարդանյանին, որն ապրում էր Էրեբունի համայնքի Դավիթ-Բեկ փողոցի շենքերից մեկում:
2014թ. փետրվարին երկրորդ անգամ իմ աշխատավարձը փոխանցեցի տիկնոջս՝ Տեր- Սահակյան Սոնային, հետո իմ ուղարկած գումարը նորից ուղարկվեց Ռուսաստանի Դաշնություն եւ ես այդ գումարը ստացա, որովհետեւ կինս Հայաստանի քաղաքացի չէր։

2014թ. մարտին գումարը նորից փոխանցեցի Ռ. Վարդանյանին, դրանից հետո շարունակական 23 ամիսների իմ քրտինքով վաստակած աշխատավարձը եւ մի քանի հատ հեռախոսներ եւ պլանշետներ փոստի միջոցով ուղարկեցի Երեւան՝ Ռուզաննա Վարդանյանին, առկա են բոլոր փոխանցումների անդորրագրերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է 540.000 (հինգ հարյուր քառասուն հազար) ռուսական ռուբլի։
2015 թվականին ես վերադարձա Հայաստան, պահանջեցի Ռուզաննա Վարդանյանից իմ ուղարկած գումարը, հեռախոսները, պլանշետները, որոնց ընդհանուր գումարը կազմում է 540.000 ռուսական ռուբլի։ Խաբեբա տիկինն ինձնից խնդրեց, որ ժամանակ տամ, պատճառաբանելով, որ առայժմ չի կարող վերադարձնել գումարը, կվաճառի իր սեփական բնակարանը, որը գտնվում է Եղեգնաձորում, որից հետո կվերադարձնի ամբողջ գումարը: Ես նրան առաջարկեցի գնալ նոտարական գրասենյակ, ձեւակերպել, որ ինքը ինձ պարտք է 540 000 ռուբլի: Խաբեբան մերժեց նոտարական գրասենյակ գնալը, երկար վիճաբանությունից հետո նրան ասացի, որ կբողոքարկեմ, նա ինձ ասաց՝ դա քո իրավունքն է։

2015թ.֊ին ես հայց ներկայացրի Էրեբունի վարչական շրջանի առաջին ատյանի դատարան: Դատի ժամանակ ես դատավորին խնդրեցի ինձ տրամադրել թարգմանիչ, դատավորը ինձ այդ հնարավորությունը չտրամադրեց, առանց թարգմանչի ես չէի կարող հասկանալ նրանց խոսակցությունները եւ առաջին ատյանի դատարանը վճիռ կայացրեց, որ ես Ռուզաննա Վարդանյանին իբր թե «նվեր» եմ ուղղարկել եւ նա վճիռ կայացրեց ի վնաս ինձ: Նա իմ օրինական կինը չէ եւ ոչ էլ ընկերուհին. ես ինչպես կարող էի նվերներ անել, քանի որ ես իմ ընտանիքի հետ բնակվում էի վարձով։
Ես բողոքարկեցի Վճռաբեկ դատարան, Վճռաբեկ դատարանը որոշեց թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը հօգուտ Ռ. Վարդանյանի, եւ ինձ պետտուրք նշանակեցին 16.200 ռուբլի, երեք տարվա մեջ այդ գումարը կրկնապատկվեց-եռապատկվեց եւ դարձավ 388.000 դրամ։

Մի քանի անգամ դիմեցի Ռ.Վարդանյանին, որ վերադարձնի իմ ուղարկած գումարը, նա ինձ սկսեց շանտաժի ենթարկել, որ ես սպառնացել եմ՝ իբրեւ իրեն կսպանեմ եւ գործը տվեց դատարան: Մինչեւ օրս Կենտրոնի դատարանում վճռի կայացումը մի քանի անգամ հետաձգվել է, հերթական դատավարությունը նշանակվել է հոկտեմբերի 29-ին։

Հարգելի պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեզ, որ Դուք թավշյա հեղափոխությունից հետո պայքարում եք կաշառակերների եւ շորթողների դեմ, պաշտպանեք իմ իրավունքները եւ նորից քննություն սկսել: Արդարությունը պետք է որ հաղթի, իմ երկուսուկես տարվա աշխատած քրտինքով գումարները օգնեք ետ ստանալ: Ես գտնվում եմ տնտեսական ծանր վիճակում, ինձ օգնում է Գերմանիայի կարմիր խաչը, որ ես կարողանամ գոյատեւել։

Խնդրում եմ չմերժել:

ԺԻՐԱՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

24.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031