Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ տեղեկանքով ժառա՞նգ

Հոկտեմբեր 25,2018 14:00

Վարդգես Ղարիբյանն ամուսնացել է Լաուրա Ղարիբյանի հետ 1967 թվականին: Գրանցել են իրենց ամուսնությունը եւ ձեռք բերել գույք, որն այդ օրվանից նրանց համատեղ սեփականությունն է եղել: Այդ համատեղ ձեռք բերված գույքի մեջ էր մտնում Օրբելի փողոցի 6/71 մեկսենյականոց բնակարանը, բնակարանին կից ավտոտնակը: Ընդ որում, ըստ դատարանում առկա գործի նյութերի, այդ բնակարանը «Ֆիզիոլոգ» շինկոոպերատիվի կողմից էր տրվել, բնակարան, որի համար նախապես հերթագրվել էր Վ.Ղարիբյանը՝ ամուսնությունից դեռ երեք տարի առաջ վճարելով 40 տոկոս գումարը: Մնացյալ 60 տոկոսը համատեղ կյանքի ընթացքում են վճարել: Նկատենք, որ այդ բնակարանի նկատմամբ ամուսնու սեփականության իրավունքը 70 տոկոս էր կազմում:

Մեկ այլ կոոպերատիվ էլ՝ չորսսենյականոց բնակարան հերթագրվել, ձեռք էր բերվել Աջափնյակ թաղամասում, կնոջ՝ տիկին Լաուրայի կողմից 1976 թվականին: Հասկանալի էր, մեկսենյականոցը փոքր էր, իսկ ընտանիքն էլ աճելու միտում ուներ:

1979 թվականի փետրվարի 25-ին ամուսիններով վճարել են 6 հազար սովետական ռուբլի, որը կազմել է 60 տոկոսը, մնացյալը՝ կինը, 1986-ին, երբ ամուսնալուծվել են: Այս բնակարանի նկատմամբ էլ Լաուրան ուներ 70 տոկոսի սեփականության իրավունք: Աջափնյակ թաղամասում շենքի բակում տիկնոջ անունով տրվել էր նաեւ ավտոտնակ, առկա էր վկայագիր, այդ ավտոտնակն էլ համարվում էր համատեղ ձեռք բերված գույք: Ընդ որում, կա մեկ այլ համատեղ գույք էլ. ավտոմեքենան, որը ձեռք է բերվել 1979 թվականի նոյեմբերի 28-ին:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր դիմել Վարդգես Ղարիբյանը, նրա ներկայացուցիչը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Սամվել Միրզոյանը: Կողմը պահանջում է ժառանգության վկայագիրը եւ դրա հիման վրա որդուն՝ Արմեն Ղարիբյանին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու, իրենց համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու, փաստացի տիրապետման ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու: Հակընդդեմ հայց էր բերել որդին՝ Արմենը՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջով:

Հայցվոր հոր փաստարկներով՝ Աջափնյակ 16 թաղամասի 43 շենքի վիճելի բնակարանի նկատմամբ ձեռք բերված իրավունքը կեղծ հիմքերով է տրվել Արմեն Ղարիբյանին: 2009թ. մահացած Լաուրա Ղարիբյանի սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ որպես ժառանգական գույք փաստացի տիրապետման փաստով պետք է ճանաչվի ամուսնու՝ Վարդգես Ղարիբյանի ժառանգության եւ սեփականության իրավունքը ինչպես Օրբելի փողոցի 6 շենքի վիճելի բնակարանի, նույն շենքում գտնվող ավտոտնակի, այնպես էլ Աջափնյակ 16 թաղամասի 43 շենքի վիճելի բնակարանի եւ նույն շենքի բակում գտնվող ավտոտնակի նկատմամբ: Ժառանգության բացման պահին նրանք եղել են օրինական ամուսիններ եւ ըստ օրենքի՝ կնոջ մահվանից հետո առաջին հերթի ժառանգը համարվում է ամուսինը:
Ուշագրավ է այս գործով ժառանգության բացման պահը եւ ժամանակը:

Լաուրա Ղարիբյանի ժառանգների համար նրա գույքի իրավունքի ժառանգության բացման պահը 2009թ. հունվարի 21-ի մահվան փաստն է: Նա մահացել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում: Հանգուցյալը հուղարկավորվել է այնտեղ, ըստ մահվան վկայականի՝ հանգուցյալի հուղարկավորության վայրը հանդիսացել է Վարդգես Ղարիբյանի բնակավայրը: Մահվանից հետո նրա գույքի միակ տիրապետողը հանդիսացել է ամուսինը, որն անձամբ մինչեւ ԱՄՆ մեկնելը հանձնարարականներով եւ ցուցումներով գույքի կառավարումը, տիրապետումը, պահպանությունը հանձնել է Լաուրայի եղբոր ընտանիքին: Վարդգես Ղարիբյանի համաձայնությամբ կնոջ եղբոր՝ Գագիկի միջոցով վարձակալության է հանձնվել Աջափնյակի վիճելի բնակարանը այլ անձանց, որոնցից ստացված գումարներով հոգացել են բնակարանների համար պահանջվող բոլոր ծախսերը: Ի դեպ, որոշ ժամանակ Արմեն Ղարիբյանի զոքանչը զբաղեցրել է Աջափնյակի վիճելի բնակարանը, իսկ երբ Վարդգես Ղարիբյանը պահանջել է, զոքանչը դուրս է եկել բնակարանից, բնակարանի բանալիները վերադարձրել կրկին հանգուցյալ կնոջ եղբորը: Հայցվոր կողմը ներկայացրել է վճարման անդորրագրեր: Ըստ հայցվորի ներկայացուցիչ Ս. Միրզոյանի՝ «Պատասխանող կողմը հանդես է գալիս հայտարարելով միայն, սակայն որեւէ ապացույց չի ներկայացնում բնակվարձը մուծելու, տվյալ հանգամանքը հաստատելու համար: Իսկ թե ում միջոցներով է մուծվել՝ այդ փաստը պատասխանող կողմից ներկայացվում է միայն բանավոր, բացի Արմեն Ղարիբյանի կողմից 2013թ. կատարված մուծման, որը գտնում եմ՝ չի կարող հիմք հանդիսանալ եւ վերաբերելի ապացույց ընդունվել վերջինիս կողմից Լ. Ղարիբյանի մահից հետո հանդես գալու որպես փաստացի տիրապետող ժառանգ այնքանով, որ այդ մուծումը կատարվել է ժամկետանց՝ 4 տարի հետո եւ ոչ թե ժառանգատուի մահից 6 ամսվա ընթացքում, ինչը կատարվել է ու առայսօր շարունակվում է կատարվել Վարդգես Ղարիբյանի կողմից»: Ըստ հայցվորի՝ կնոջ մահից հետո ինքը շարունակել է տիրապետել եւ կառավարել Օրբելի փողոցի 6-րդ շենքի վիճելի բնակարանը, ավտոտնակը, ավտոմեքենան: Հայցվոր կողմի ներկայացուցիչը դատարանի ուշադրությունն էր հրավիրել, թե ինչպես է ընդունվել ժառանգությունը: Արմեն Ղարիբյանի կողմից ոչ մի նոտարական գրասենյակ ժառանգության ընդունման կամ ժառանգության վկայագիր ստանալու մասին դիմում մուտք չի եղել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով: Որդին նոտարին է ներկայացրել (ի դեպ՝ նոտարն էլ է պատասխանող-Ռ.Մ.) մի տեղեկանք բնակության վայրից, այն մասին, որ «մինչ մոր մահը բնակվել է մոր հետ համատեղ եւ մոր մահից հետո շարունակում է բնակվել նույն բնակարանում եւ կատարում է կոմունալ բոլոր վճարումները»: Այդ տեղեկանքը գրված է Աջափնյակ համայնքի «Միկրո- 43» համատիրության ձեւաթղթի վրա: «Ներկայացվածը հաստատում է, որ տվյալ ձեւաթուղթը ունի հստակ որոշված հասցեատեր եւ հստակ որոշված պաշտոնատար անձ, ով իրավասու է կազմելու կամ համաձայնելու տեղեկանքի բովանդակությանը ու հաստատելու իրեն վերապահված լիազորության շրջանակներում տեղեկանքում ներկայացված իրականությանը համապատասխանող փաստը (կամ ժխտող), սակայն ներկայացված տեղեկանքը միակն է, որը հիմք է հանդիսացել նոտարի համար՝ ընդունելու Արմեն Ղարիբյանին որպես մահացած մոր ժառանգական զանգվածից փաստացի տիրապետող ժառանգի ու դրա հիմքով Արմեն Ղարիբյանին տալու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական: Տեղեկանքը կեղծ է, կեղծված է տեղեկանքում ներկայացված փաստը, որ «մոր մահից հետո շարունակում է բնակվել նույն բնակարանում», իսկ համատիրության նախագահ Պ. Սամվելյան ազգանվան դիմաց ստորագրել է այլ անձ: Տեղեկանքը հաստատվել է այլ տեղեկանքի վրա առկա «Նորաշեն» իրավաբանական անձանց միության կլոր կնիքով եւ ոչ թե համատիրության կնիքով»,- ասում է Ս. Միրզոյանը:

«Նորաշենի» նախկին նախագահ Մ. Մարգարյանը գրավոր հայտարարություն էր տվել այն մասին, որ իրավաբանական անձանց միությունը ընդհանրապես բնակիչներին փաստաթղթեր չի տրամադրում, միության մեջ մտնող համատիրություններն են հանդիսանում իրավաբանական անձ: Մեկ այլ խոսուն փաստ էլ կար, ինչն ապացուցում է, որ որդին չէր կարող նշյալ ժամանակահատվածում բնակվել մոր տանը. ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից տրված եւ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգից ստացված տեղեկությունն է. հինգ տարի առաջ «Զվարթնոցով» Մոսկվա-Երեւան չվերթով որդին մայիսին եկել է Հայաստան, իսկ դեկտեմբերին մեկնել Մոսկվա: Այսինքն, մոր մահից հետո՝ 2002-2013-ը ՀՀ մուտք չի ունեցել:
Դատավոր Ա. Մխիթարյանը մերժել էր հայցը, իսկ որդու ժառանգություն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին, բավարարել է մասնակի: Արմեն Ղարիբյանին ճանաչել են 1978 թվականի մեքենայի նկատմամբ…ժառանգ:

Փաստաբանը դիմել է բարձրագույն դատական խորհրդին՝ դատավորի գործողությունների դեմ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

24.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031