Ճանաչված ջազային երաժիշտ, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանը հոկտեմբերի 28-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա բացառիկ համերգով, որը նվիրում է իր սիրելի Երեւանի հիմնադրման 2800-ամյակին։
«Առավոտի» հետ զրույցում նա նշեց, որ այս անգամ համերգի հյուրը 10-ամյա աղջնակ է` Կարինե Իգնատյանը, որին, երբ հեռուստանախագծերից մեկի ժամանակ հարցրել են, թե ում կուզենար հանդիպել, իր անունն է տվել; Ինքն էլ խոստացել է, որ այդ աղջիկը ելույթ կունենա իր համերգին: Նշենք, որ Հայաստանում «Գարի Քյոսայան» ջազ քառյակն առաջին անգամ համերգով հանդես է եկել 1995թ. եւ այս տարիների ընթացքում կոմպոզիտորի հրավերով ԱՄՆ-ից Հայաստան են եկել շուրջ 20 անվանի երաժիշտներ: Ընդհանրապես, Գարի Քյոսայանը աշխարհում ունեցել է 130 համերգ, ավելի քան 25-ն էլ Հայաստանում: Նա հեղինակ է 100-ից ավելի ստեղծագործությունների:
Ինչ վերաբերում է կայանալիք համերգին, երաժիշտը նշեց, որ արդեն սիրված գործերից զատ, կհնչեն նաեւ 7 նոր գործեր, իսկ մեկ ստեղծագործություն նվիրելու է Շառլ Ազնավուրին: Դերասանուհի եւ երգչուհի Ալլա Սահակյանն էլ հավելեց, որ համերգին կհնչեցնի Ազնավուրի այն երգերը, որոնք քիչ են կատարվում: Համերգին բնականաբար կլինի երեւանյան քառյակը` Նելլի Մանուկյան, Արմեն Մովսիսյան, Արմեն Հովակիմյան, Կարեն Սեդրակյան: Գարի Քյոսայանն ընդգծեց, որ ծրագիրը նվիրված է Երեւանին, հետեւաբար ստեղծագործություններում կլինեն այնպիսիները, որոնք երեւանյան շունչ կունենան:
Հարցրինք, թե ինչքանով է իրեն համարում երեւանցի եւ ինչքանով աշխարհաքաղաքացի: «Ես ծնվել եմ ամենակենտրոնում: Իմ երկու պապենական տներից մեկը Տերյան 31-ում էր, մյուսը` Ղուկասյան 21-ում` Արա Սարգսյանի տուն-թանգարանի դիմաց: Ծնվել եմ երկու պապիկների տների մեջտեղի` Մարգարյան հիվանդանոցում, կիրակի օր: Մայրս պատմում է, որ սով է եղել պատերազմից հետո, ու երբ ծնվել եմ, սովը վերացել է, մենք բնակարան ենք ստացել»,- ժպտալով նշեց ճանաչված երաժիշտը:
Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նրա գործունեության սկզբներին:
Քյոսայանը հիշում է, թե 19 տարեկանում ինչ մեծաթիվ երկրպագուներ ուներ Սովետական Միությունից, ու ինչպես էր Երեւանից գնում Մոսկվա, որ ջազմեն ընկերները` Մոսկվայից, Կիեւից, Լենինգրադից, Ուֆայից, Բառնաուլից, Դոնեցկից ու այլ քաղաքաներից գան իրեն լսելու:
Մեր զրուցակիցը մի դրվագ էլ 1983 թվականից պատմեց, երբ համերգներ էր ունենում Համբուրգում, Մյունխենում, Ֆրանկֆուրտում: Ասում է` Ֆրանկֆուրտյան լեփ-լեցուն դահլիճում մտածել է` ինչպես գրավել գերմանացիների սիրտը, երկիր, որը Բախի, Բեթհովենի հայրենիքն է: Մեկ էլ գտել է լուծումը` նվագել է ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի հիմների խառնուրդը, ու ժողովուրդը ոգեւորվել է: Գարի Քյոսայանը հիշում է, որ Գերմանիայում ջերմ ընդունելության է արժանացել, ընդունել է նաեւ Բրեմենի բուրգամիստրի հրավերը: Սակայն Բրեմենում միջադեպ է գրանցվել. երբ ջազ փառատոնի ժամանակ հայտարարվել է, որ ելույթ կունենա ջազ երաժիշտ Սովետական Միությունից, բոլորը սկսել են սուլել: Պատճառն այն էր, որ այդ ժամանակ ռուսական ուղղաթիռները կորեական ինքնաթիռ էին խփել: Իրավիճակը շտկել է թարգմանչուհին, նա դուրս է եկել ու հայտարարել, որ Գարի Քյոսայանը Սովետական Միությունից է, բայց ոչ թե ռուս է, այլ հայ: Նաեւ ասել է, որ եթե Գարի Քյոսայանը չնվագի, ոչինչ չի կորցնելու, քանի որ գիշերը համերգ ունի, կորցնողը լինելու է ունկնդիրը: Դրանից հետո հայ ջազմենին բացականչություններով ու ծափերով բեմ են հրավիրել: Ինքն էլ գեղեցիկ ջազային վալս է նվագել, որի տակ մարդիկ սկսել են պարել:
Մեր զրուցակիցը ջազը համարում է արվեստի հեքիաթային ճյուղ, որ աշխարհին նվիրել են ամերիկացիները, նաեւ ափսոսում է, որ կարծես ողջ աշխարհում, նաեւ ԱՄՆ-ում միտում կա` ցանկանում են ոչնչացնել այդ բարձրագույն արվեստը, որպեսզի իր ձեւակերպմամբ, մարդիկ չկարողանան մտածել, համբուրգեր ուտեն, ռոբոտանան: Նույն միտումը նա Հայաստանում էլ է տեսնում. «Այսօր մարդիկ են ասպարեզում, ջազ են ներկայացնում, որը կապ չունի ջազի հետ, չէ՞ որ ջազն ունի իր հարմոնիկ կանոնները: Այո, ջազը ազատություն է, բայց ինչպես կյանքում, այնպես էլ ջազում ազատության սահմանը մինչեւ այնտեղ է, երբ չես ոտնահարում ուրիշի իրավունքը: Հիմա վերցնում մի հատ «Արա, վայ- վայ» են նվագում ու ինչ-որ իմպրովիզներ են անում, սկսում են դաշնամուրը կոտրել, մարդիկ ասում են` տես ոնց է նվագում: Աստվածաշնչում ասվում է` կգան սուտ քրիստոնյաներ ու կքարոզեն, հիմա նույն բանն է ջազում: Եթե նորմալ մարդը նման վատ երաժշտություն լսի, կհիվանդանա, այդ ներվային ակորդներից մարդու օրգանիզմում եղած ջրի բջիջները ճիճուանում են, իսկ լավ երաժշտությունից բյուրեղանում»:
Գարի Քոսայանից նաեւ տեղեկացանք, որ մտածում է հրատարակել ջազի անթոլոգիա, ունի շատ մեծ արխիվ, որը լավ կլիներ, որ հրատարակվեր ու թվայնացվեր, քանի որ կարծում է, որ այդ ամենը օգտակար կլինի նաեւ երիտասարդ ջազմեններին, մարդկանց, որոնք ցանկություն ունեն հաղորդակցվել բարձրակարգ ջազի հետ, որը հավասարակշռություն է ստեղծում:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Գերման ԱՎԱԳՅԱՆԻ
«Առավոտ»
24.10.2018