Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սա աղջկա գործ չէ` ավիամոդելավորող

Հոկտեմբեր 25,2018 13:00

18-ամյա Լիլիթ Եգանյանն արդեն 6 տարի զբաղվում է ավիամոդելավորմամբ: Մանկության եւ պատանեկության տարիներին վստահ էր` օդաչու է դառնալու, բայց նախորդ տարի, երբ ինքն ասում էր «oդաչու», կյանքն ասաց` «ֆիզիկ»: Լիլիթի հետ զրուցել ենք կիսատ մնացած երազանքի, շարունակվող հեքիաթի, ավիամոդելիզմի ու Հայաստանում դրա տարածվածության մասին:

-Ի՞նչը խանգարեց այսքան տարի երազանքով ապրող աղջկան քայլել դրա իրականացման ետեւից:

-Հայաստանում դեպի երազանքս տանող ճանապարհ չկա: Օդաչու դառնալու համար միայն ռազմական ուղղվածությամբ պիտի սովորել, իսկ եթե աղջիկ ես ու ամեն դեպքում ցանկանում ես փորձել` էլի շանսեր չունես: Աղջիկների համար ընդունելություն պարզապես չի լինում: Եվ քանի որ արտասահման գնալու համար շուտ էր, սկսեցի սովորել ֆիզիկայի ֆակուլտետում, ավելի ուշ ցանկությունս իրականացնելու որոշմամբ: Գուցե այլեւս մասնագիտությամբ օդաչու չդառնամ, բայց կուրսեր հաստատ կանցնեմ, կսովորեմ թռչել:

-«Ոչ աղջկական» մասնագիտություն ընտրելու որոշումդ ինչպե՞ս ընդունվեց ընտանիքում:

-Սպասվածին հակառակ` տանը բոլորը ոգեւորում էին, ասում, որ շատ հետաքրքիր ընտրություն եմ արել: Հայրս զինվորական է, կարծում էի` դեմ կլինի ռազմական ավիացիային, բայց ինքն էր հետաքրքրվում, փնտրում տարբերակներ: Մայրս երկմտում էր` աղջկա գործ չի, բայց ոչ էլ դեմ էր: Նրանք պարզապես գիտեն` ինչքան եմ սիրում:

-Սերդ գուցե արտահայտվում է 6 տարի ավիամոդելավորում սովորելով: Ինչի՞ց սկսվեց այդ ամենը:

– Խնդրեցի մորս հետաքրքիր մի բան մտածել, ինչի արդյունքում հայտնվեցի Մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործությունների կենտրոնում: Ընդունվելիս տնօրենը 3 անգամ հարցրեց` «Դու իրո՞ք ուզում ես ավիամոդելավորող դառնալ»: Դրական պատասխանիցս հետո դռները բացվեցին ու ես ուրիշ աշխարհ մտա:

-Այդ դռները մարդկանց առաջ քանի՞ տարեկանից են բացվում:

-Տարիքային սահմանափակում չկա, բայց նախընտրելի է, որ երեխան մոտ 3-րդ դասարանից արդեն սկսի հաճախել: Ուսուցումը ավարտում ենք 18 տարեկանում, վկայական ենք ստանում, դրանից հետո ցանկացողները շարունակում են որքան կուզեն: Բոլորը կարող են, բայց սովորաբար գալիս են միայն տղաներ: Այժմ մեր կայանում 41 հոգի է սովորում. 40 տղա ու ես:

-Ինչպե՞ս ես զգում քեզ այդպիսի տարբերության պայմաններում:

-Իրականում ամեն ինչ շատ լավ է, ինձ տանն եմ զգում, շատ հարազատ մթնոլորտ է, իսկ աղջիկ լինելու հանգամանքը ոչ մի կերպ չի կարող ազդել պատրաստածի որակի վրա, եթե սիրով ես անում:

-Ի՞նչ պիտի ունենա մարդ ավիամոդելավորմամբ զբաղվելու համար:

-Այս գործում ամենաշատը համբերություն է պետք, եթե դա չկա` հաստատ չի ստացվի: Մոդելները շատ նուրբ ու մանրակրկիտ աշխատանք են պահանջում: Նաեւ չպիտի մոռանալ, որ ավիացիան ու գիտությունը սերտորեն կապված են, որոշակի գիտելիքներ են պետք մաթեմատիկայից, ֆիզիկայից: Ինչքան խորն են գիտելիքները, այդքան թռիչքը լավ ես պատկերացնում, վստահ ես լինում:

-Հիշո՞ւմ ես պատրաստածդ առաջին մոդելը:

-Գիտե՞ս` բոլորը սկսում են մոդել սարքելուց, բայց ես սկսեցի վերանորոգելուց: Ինժեներս ինձ հնարավորություն տվեց ուրիշի մոդելով թռչել, քանի դեռ իմը չունեի: Թռա ու ջարդեցի, որոշեցի, որ ինքս պիտի վերանորոգեմ: Դա եղավ առաջինը: Իսկ իմ պատրաստած առաջին մոդելը կորցրի թռիչքի ժամանակ: Շատ տխուր է, բայց մեծ բարձրության վրա երկար տարածություն թռչելու հետեւանքով հաճախ է ադպես լինում:

-Մոդելների տարբեր տեսակներ կան, ո՞րն ես նախընտրում դու:

-Ես ազատ թռչող մոդելների մոդելավորող եմ, ամենասիրածս մոդելը կոչվում է պլաներ, դրա պատրաստմամբ էլ զբաղվում եմ: Այն չափերով ամենամեծն է, եթե երկու բառով նկարագրեմ, կասեմ` դասական թռիչք: Պլաները իրոք ամենաէլեգանտ թռիչքն ունի: Մոդելը պատրաստելիս ուշադրություն ենք դարձնում, որ օրինակ` թեւերի մեջ հավասարակշռություն լինի, թվում է` ամեն ինչ լավ է: Բայց թռչելու պահին կարող է տեսնես, որ մոդելը ոչ թե վերեւ, այլ կողք է գնում: Ուրեմն մի բան այն չես արել:

-Հաճա՞խ են մրցումներ անցկացվում: Ի՞նչ արդյունքներ ես գրանցել:

– Մրցումներն անցկացվում են տարին մեկ կամ երկու անգամ: Իմ արդյունքները շատ տարբեր են: Եղել է, որ ձախողել եմ, գրավել 2-րդ, 3-րդ հորիզոնականները, եղել է՝ դարձել եմ Հայաստանի չեմպիոն: Գիտեք` անկախ մրցույթի արդյունքից, հերթական թռիչքին սպասում ես մեծ անհամբերությամբ: Իրականում դժվար է բացատրել` ինչ ես զգում պատրաստածդ մոդելը երկնքում տեսնելիս, ամեն թռիչքի հետ դու էլ ես թռչում: Մրցույթին սպասածիդ չափ լավ չներկայանալը չի պակասեցնում հաջորդ թռիչքին սպասելու, այն ամբողջովին վայելելու ցանկությունը: Ի դեպ, հաղթում է այն մոդելը, որն ամենաերկարն է մնում օդում:

Զրուցեց
ԱՐՈՒՍՅԱԿ ԿԱՊՈՒԿՉՅԱՆԸ

«Առավոտ»

24.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031