Վերջերս օպերային երգչուհին Շումանի «Կնոջ կյանքը եւ սերը» 8 մասից բաղկացած երգաշարով ներկայացավ որպես նուրբ եւ ամոթխած աղջիկ, հետո ճաշակեց սերը՝ էմոցիաների անակնկալ պոռթկումով, այնուհետեւ խառնվեցին բոլոր զգացմունքները, եւս մի քանի քառատող, երբ հերոսուհին մայրանալու սպասման մեջ է: Այստեղ կինն ամբողջացված է իր ողջ կերպարով՝ երջանիկ կին, մայր… Իսկ միակ տրագիկ գիծը այս ստեղծագործության մեջ այն է, որ արտահայտում է հերոսուհու կորստի զգացումը… Իսկ հիշյալ ստեղծագործության մեկնաբանը Ազգային օպերային թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանն էր՝ Arev Art Gallery ցուցասրահում, դաշնակահար-կոնցերտմայստեր Լեւոն Ջավադյանի ընկերակցությամբ:
Կայացած երեկոն զուգադիպությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն, քանի որ «Առավոտի» հետ զրույցում (24.08.2018) օպերային դիվա Հասմիկ Պապյանը ցանկություն էր հայտնել վոկալ կամերային երաժշտության ասպարեզում տեսնել հայաստանյան երբեմնի հարուստ ավանդույթների վերադարձը: Այնպես չէ, որ վերջին շրջանում մեզ մոտ չեն անցկացվում կամերային վոկալ երեկոներ, բայց համամիտ լինելով տիկին Պապյանի հետ՝ դրանց թիվը սակավ է: Անդրադառնալով Շումանի երգաշարին, նշենք, որ 2015թ. ճանաչված նկարիչ Արեւ Պետրոսյանի հիմնած Arev Art Gallery-ում նախկինում հանդիպել էինք պոեզիայի մեկ-երկու երեկոների: Այս անգամ տիկին Պետրոսյանն ասաց, որ իր սալոնում կամերային երաժշտության երեկոները կլինեն շարունակական:
Ինչ վերաբերում է սալոնային կամերային արվեստին, ապա այն տարածում է գտել 19-րդ դարի երկրորդ կեսին, սկզբնական շրջանում վերաբերելով այն գործերին, որ հովանավորում էր Փարիզի հայտնի Սալոնի ժյուրին: Ավելի ուշ սալոնային երաժշտությունն ընդգրկեց «սալոն» բառի բացասական նրբերանգներ, ինչը նախորոշված էր քաղքենիական ճաշակը բավարարելու համար: Միաժամանակ սալոնային արվեստը ձգտել է ուղղություն տալ հասարակության գեղարվեստական ճաշակին: Իսկ 20-րդ դարի կեսերից այն վերածվել է բուրժուական մշակույթի ընդհանուր վիճակը արտահայտող «մասսայական մշակույթի» բաղադրատոմսի:
Անդրադառնալով վերջերս կայացած համերգին, նշենք, որ կամաց-կամաց Հասմիկ Պապյանի ցանկությունը՝ վոկալ կամերային երաժշտության ասպարեզում վերադառնալ հայաստանյան երբեմնի հարուստ ավանդույթներին, կարծես իրականանում է, այն էլ ոչ թե կամերային երեկոների ձեւաչափով, այլ նաեւ ավելի մտերմիկ, «սալոնային» ձեւաչափով:
Շումանի «Կնոջ կյանքը եւ սերը» երգաշարի կատարումը Վարսենիկ Ավանյանի եւ Լեւոն Ջավադյանի մատուցմամբ օվացիաներով ընդունվեց: Մեզ հետ զրույցում ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Բերնհարդը տիկնոջ հետ փաստեցին Վարսենիկ Ավանյանի ամիսներ առաջ Ազգային օպերային թատրոնում, իրենց խոսքերով՝ Բիզեի «Կարմեն» օպերայում երգչուհու գլխավոր հերոսուհու կերտած ինքնատիպ կերպարը, հավելելով, որ այս պատկերասրահում կայացած երեկոն իսկապես եզակի առիթ է շփվելու ոչ միայն բարձրակարգ կատարման, այլեւ պրոֆեսիոնալ հանդիսատեսի հետ: Տեր եւ տիկին Բերնհարդները խնդրեցին իրենց խոսքից «չմոնտաժել» հիացական խոսքերը տանտիրուհու՝ Արեւ Պետրոսյանի կտավների մասին, որոնք պակաս դեր չխաղացին Շումանի ստեղծագործությունը հավուր պատշաճի հնչեցնելու եւ ընկալելու համար:
Վարսենիկ Ավանյանի ամուսնուն՝ հանրահայտ ջազմեն Վահագն Հայրապետյանին հարցրինք՝ չի՞ պատրաստվում ջազում «փորձել» իր տիկնոջը, մեր զրուցակիցը կտրուկ պատասխանեց՝ «Վարսենիկի տեղը օպերան է»: Մինչդեռ երգչուհին ասաց, որ ժամանակին ամուսնու «Ակուստիկ գույներ» ջազ քառյակի հետ հանդես է եկել՝ սինթեզելով ջազի, ֆոլկի եւ դասականի «գույները»: Մի անգամ էլ Կիպրոսում, ամուսնու հետ հյուրախաղերի ժամանակ, հույն հանրահայտ դիրիժոր, դաշնակահար Յանին առաջարկել է իրեն կատարել Գերշվին, որից հետո կարծիք է հայտնել, թե դասական ջազը պետք է հնչի օպերային երգչի մատուցմամբ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Վարսենիկ Ավանյանն ու Լեւոն Ջավադյանը ելույթի պահին:
«Առավոտ»
24.10.2018