Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է «Առավոտի» «ՀՀԿ-ական պատգամավորի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը» հրապարակմանը:
Հիշեցնենք, որ հրապարակման մեջ մասնավորապես պնդում կա, թե Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, որը Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի տնօրենն է՝ «Հեղափոխությունից հետո՝ 2017-2018 ուսումնական տարում, տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել. մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը»:
Նախարարը պարզաբանում է. «Լավագույն ուսուցիչ մրցանակաբաշխությունը եղել է Երևանի քաղաքապետարանինը, նախարարությունն այդ մրցույթի հետ կապ չի ունեցել, այն ամենամյա մրցանակաբաշխություն է՝ կազմակերպված համայնքի կողմից, որին ես ներկա էլ չեմ եղել, առավել ևս՝ մրցանակ տվել: Նախարարությունը ինքն իր մրցանակաբաշխությունն ունի»:
Հրապարակման մեջ նաեւ հիշատակված էր. «Ռուզաննա Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է ստացել` 20 մլն դրամի չափով»:
Արայիկ Հարությունյանը պարզաբանել է. «Խոսվում է 20 միլիոնի մասին։ Այդ գումարը հատկացվել է 2017 թվականի երկրորդ կեսին, երբ ես նախարար չեմ էլ եղել»:
ԿԳ նախարարը նաեւ հայտնել է․ «Ռուզաննա Մուրադյանի հետ հանդիպել եմ հուլիս ամսին, ու շատ լավ կարծիք եմ կազմել նրա արած աշխատանքի մասին։ Անցած ամիս էլ պայմանավորվել էինք, որ նոյեմբերին գնալու եմ իր կազմակերպության կողմից վերապատրաստվողների հետ հանդիպմանը՝ որակը տեսնելու համար։ Ձեր լրագրողներին էլ հրավիրում եմ»: