Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանն ուշադրություն է հրավիրել Հյուսիս-Հարավ մայրուղու վրա, որի կառուցումը լիովին տեղավորվում է Գոտի և ճանապարհ չինական նախաձեռնության տրամաբանության մեջ

Հոկտեմբեր 24,2018 23:00

Հոկտեմբերի 24-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստան ժամանած չինացի գործարարների պատվիրակությանը՝ Չինաստանի առևտրա-արդյունաբերական բանկի (ICBC) Ծիանսու նահանգի մասնաճյուղի նախագահ Յան Ջիհանի գլխավորությամբ։

Հանդիպման սկզբում Տիգրան Ավինյանը նշեց, որ ողջունում է չինացի գործարարների այցելությունը Հայաստան, ընդգծելով, որ նոր կառավարության որդեգրած քաղաքականությունը միտված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունների առավել խորացմանը և արդյունավետության բարձրացմանը: Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս չինական կապիտալի ներգրավմանը տնտեսության մեջ, ինչպես նաև երկկողմ առևտրաշրջանառության  ծավալների մեծացմանը, և հետաքրքրված է գործարարների հետ քննարկելու փոխշահավետ ծրագրերի իրականացումը։

Փոխվարչապետի խոսքով, ներկայումս մի շարք գործընթացներ են ընթանում հայ-չինական հարաբերություններն առաջ մղելու ուղղությամբ, մասնավորապես քննարկվում են մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման և ուղիղ ավիաչվերթի բացման հարցերը:

Յան Ջիհանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նշեց, որ իրենց բանկը ակտիվներով գրավելով առաջին տեղը աշխարհում, շուրջ 70 մլրդ ԱՄՆ դոլար ծավալ ունեցող ֆոնդ է առանձնացրել Գոտի և ճանապարհ նախաձեռնության տարածքում գտնվող պետություններում ներդրումներ կատարելու համար, որը կբերի ներգրավված պետությունների փոխադարձ զարգացմանը և աճին:

Հանդիպման ընթացքում քննարկումներ տեղի ունեցան տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում չինական ներդրումների ներգրավվման հնարավորությունների մասին: Այս առումով փոխվարչապետի պաշտոնակատարը զրուցակիցների ուշադրությունը հրավիրեց Հյուսիս-Հարավ մայրուղու վրա, որի կառուցումը լիովին տեղավորվում է Գոտի և ճանապարհ չինական նախաձեռնության տրամաբանության մեջ և նոր հնարավորություններ ստեղծում տարբեր տարածաշրջանները իրար կապելու համար:

Անդրադառնալով հանքաարդյունաբերությանը՝ չինական կողմը նշեց, որ իրենց երկիրը մտահոգ լինելով բնապահպանական խնդիրներով, մեծ առաջընթաց է գրանցել պատասխանատու հանքաարդյունաբերության զարգացման ուղղությամբ և ստեղծել առավել ժամանակակից, մաքուր տեխնոլոգիաներ այս ոլորտում: Պատվիրակության անդամները հավելեցին, որ պատրաստ են քննարկել ինչպես հանքարարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելը, այնպես էլ Հայաստանից հանքաարդյունաբերական արտադրանքի ներմուծման հեռանկարները: Տիգրան Ավինյանը նկատեց, որ Հայաստանը բացասական փորձառություն է ունեցել հանքաարդյունաբերության հարցում, և ցանկանում է այս ոլորտում ստանդարտները առավել բարձր մակարդակի հասցնել, այնպես որ չինական կողմի հավանական ներգրավումը դրական ազդեցություն կարող է ունենալ:

Անդրադառնալով գյուղատնտեսական համագործակցությանը, չինացի գործարարները նաև ասացին, որ արդեն իսկ նախատեսում են տեղի գործընկերների հետ համագործակցելով՝ կտրուկ ավելացնել հայկական գինու արտահանումը Չինաստան:

Վերջում կողմերը պայմանավորվեցին շարունակել քննարկումները՝ առավել հեռանկարային ներդրումային ծրագրերի շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Լավ է գոնե հիմա հասկացել եք, որ այդ ճանապարհը տնտեսապես նպատակահարմար է և մրցունակ այլընտրանքային ուղիների համեմատ: Բայց մյուս երկրները այդ ուղղությամբ գործնական մեծ աշխատանք են կատարել ի տարբերություն մեր չինովնիկների, որոնք հատկացված գումարները օգտագործել են ոչ նպատակայի ու փոշիացրել…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031