Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորի՝ մանդատը վայր դնելն ու Արարատ Միրզոյանի հեռախոսազանգը

Հոկտեմբեր 24,2018 21:21

Aravot.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության  պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի՝ մանդատը վայր դնելուն նախորդած իրադարձություններից:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԺ նիստում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ռուզաննա Մուրադյանը մեկ շաբաթ ժամկետ ունի, նա կարող է հետ վերցնել հրաժարականի՝ իր դիմումը. եթե չվերցնի, նրա լիազորությունները կդադարեն:

Նշենք, որ Ռուզաննա Մուրադյանը մեկն էր ՀՀԿ-ական այն պատգամավորներից, որոնք կառավարության ներկայացրած Ընտրական օրենսգրքի նոր նախագծին «կողմ» քվեարկեցին:

Ականատեսները մեզ պատմեցին, որ հենց այս քվեարկության օրը Ռուզաննա Մուրադյանն ԱԺ նիստերի դահլիճ է մտել բավականին այլայլված, իսկ քվեարկությունից հետո խորհրդարանի շենքից հեռացել է՝  համարյա լաց լինելով: Մեր տեղեկություններով՝ այդ քվեարկությունից մի քանի օր առաջ Ռուզաննա Մուրադյանին զանգահարել է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Թե ինչ է ՀՀԿ-ական պատգամավորի հետ նա խոսել, մեզ հայտնի չէ, սակայն  հիշեցնենք, որ Ռուզան Մուրադյանի դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը, Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոցի տնօրենն է: Լիլիթ Անտոնյանը հեղափոխության օրերին փակում էր դպրոցի դռները և թույլ չէր տալիս աշակերտներին դպրոցից դուրս գալ, ինչն արժանանում էր հեղափոխականների քննադատությանը. Լիլիթ Անտոնյանին անարգանքի սյունին էին գամում:

Սակայն նշենք, որ Լիլիթ Անտոնյանը հեղափոխությունից հետո՝ 2017-2018 ուսումնական տարում, տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել. մրցանակը հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: Ռուզաննա Մուրադյանի գլխավորած «Դպրոց-կենտրոններ միավորում» իրավաբանական անձանց միությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ֆինանսական աջակցություն է ստացել` 20 մլն դրամի չափով:

Բացի այդ, հանրապետական պատգամավորը, օգտագործելով իր կապերը, իրեն պատկանող մյուս՝ «Կրթություն առանց սահմանի» հ/կ-ով ևս դրամաշնորհ է ստացել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով:

Այսինքն՝ կան մի շարք դրվագներ, որոնց մասին հնարավոր է նոր իշխանությունները հիշեցրել են Ռուզաննա Մուրադյանին և, հավանաբար, հենց դա էլ նրա՝ մանդատը վայր դնելու պատճառն է եղել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Մեկ այլ լրատվամիջոց էլ գրում է, Սերժ Սարգսյանն է հորդորել վայր դնել մանդատը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031