Լրահոս
Օրվա լրահոսը

Սևան համայնքի ղեկավարը վստահեցնում է. «Եկել է ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ժամանակը»

Հոկտեմբեր 24,2018 17:59

Եվս մի քանի օր, և տեղի կունենա Սևանի քաղաքային զբոսայգու հարևանությամբ կառուցված ֆուտբոլի մարզադաշտի բացման արարողությունը: Մինչ ընթանում էին մարզադաշտի կառուցման աշխատանքները, որը Սևան համայնք-Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա համագործակցության լավագույն օրինակներից է, սևանցիներն էլ իրենց հիշողություն էին թարմացնում:

Անցյալ դարի 80-ական թվականներին Սևան քաղաքում գործում էր «Ախթամար» ֆուտբոլային թիմը, որը գրանցել էր լուրջ հաջողություններ` տեղացիներին պարգևելով հպարտանալու բազմաթիվ պահեր, սակայն 90-ական թվականներն իրենց գործն արեցին, և ֆուտբոլն ու ֆուտբոլային հաջողությունները դարձան միայն հիշողություն:

Երկու տարի առաջ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն իր նախընտրական ծրագրում Սևանի մարզական կյանքի աշխուժացման ուղղված հստակ ու կոնկրետ քայլեր էր մատնանշել, որոնց ուղղությամբ էլ հասցրել է իրականացնել մի շարք աշխատանքներ:

Տասնամյակներ անց` ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ճանապարհին, Սևանում կառուցվող ֆուտբոլի մարզադաշտը դարձավ այն կայծը, որն «ստիպեց» կրկին անդրադառնալ ֆուտբոլային թեմային:

Հաջորդ քայլը ֆուտբոլային թիմ ունենալն էր: Համայնքի ղեկավարի նախաձեռնություն-առաջարկն արժանացավ հավանության, և, ի ուրախություն բոլորիս, այսօր «Յունիոր Սևան» թիմը արժանապատվորեն ներկայացնում է Սևան քաղաքը:

Ռուսաստանի Դաշնությունում գործող «Յունիոր» ֆուտբոլային դպրոցն իր մասնաճյուղերն ունի շուրջ 16 երկրում, աշխարհագրությունն էլ ընդգրկուն է` Բելառուսից մինչև Ղազախստան, Սինգապուրից Չինաստան: Չնայած այս ընդգրկվածությանը` դպրոցը մինչ օրս պրոֆեսիոնալ թիմ չի ներկայացրել այլ երկրների առաջնություններում:

Հայաստանն առաջին է, որ «Յունիոր»-ի դպրոցի թիմ հայտավորեց, որի արդյունքում թիմի մարզիկները Սևանի նորակառույց մարզադաշտում կանցկացնեն իրենց հանդիպումները, կհիմնվի ֆուտբոլի ակադեմիա:

Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը մի կարևոր դիտարկում է անում. «Թիմի անվանման հետ կապված կային տարբերակներ, անգամ` «Ախթամար», սակայն ես նպատակահարմար գտա «Սևան» բրենդը օգտագործել, որը նաև առաջխաղացման լուրջ հայտ է»:

ՀՀ ֆուտբոլի առաջնության առաջին խմբի բացարձակ առաջատար «Յունիոր Սևան»-ն անցկացրել է 11 խաղ, տոնել 10 հաղթանակ, 1 ոչ ոքի: Առջևում հերթական տուրերն են, որոնք ևս խոստանում են լինել գոլառատ:

Սևանում գործելու է մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ պատրաստելու են թիմը համալրող ֆուտբոլիստներ: Կարծում եմ` սևանցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների մասին մենք դեռ կլսենք:

««Յունիոր Սևան»-ի հաջողություններն ակնհայտ են, հաղթանակները` ոգևորիչ ու պարտավորեցնող: Մասնակցել եմ թիմի բոլոր հանդիպումներին ու լավ գիտեմ, թե ինչպես են ծնվում այդ հաղթանակները: 1-ին խմբի մրցաշարային աղյուսակի 1-ին տեղում հաստատուն լինելն էլ դրա ապացույցն է: Սա ճանապարհ է հարթում բարձրագույն խումբ: Թիմի մուտքն արդեն տեսանելի է ու աչքի ընկնող, կասկած չկա, որ առաջմղման համար էլ պետք է գտնվեն բավարար միջոցներ: Թիմի տնային խաղերի անցկացումն էլ մոտ ապագայի խնդիր է: Նոյեմբերի կեսից էլ մարզադաշտը պատրաստ կլինի ընդունելու ֆուտբոլային հանդիպումներ,- նշում է Սևան համայնքի ղեկավար Մուրադյանը:- Եկել է ֆուտբոլային ավանդույթների վերականգնման ժամանակը»:

 

 Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031