Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահներ Արմեն Աշոտյանի եւ Սաջադ Քարիմի նախագահությամբ տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը:
Նոր մակարդակի խորհրդարանական այս ձեւաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձեւաչափին եւ կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ փոխգործակցությունը:
Խորհրդարանական գործընկերության ավելի ընդլայնված ձեւաչափն Ազգային ժողովին ընձեռում է հնարավորություն՝ մշակելու եւ կիրառելու անհրաժեշտ մեխանիզմներ խորհրդարանական վերահսկողության ուժեղացման, հասարակության իրազեկման բարձրացման եւ ներգրավվածության համար:
Նիստում Արմեն Աշոտյանը որպես պատմական իրադարձություն է որակել նոր ձեւաչափում գործընկերության ծավալման մեկնարկը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հիմքերը Եվրոպական խորհրդարանի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ խորհրդարանական գործընկերության ամրապնդման, ինչպես նաեւ ավելի շոշափելի արդյունքներ արձանագրելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ