Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Շիրակ Թորոսյանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցրեց՝ մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ ԱԺ ընտրություններից հետո կառավարության օպտիմալացում է նախատեսվում, նախարարությունների կրճատում, կադրային բազայի վերանայում, դա ճի՞շտ է:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ներպետական կառավարման համակարգի անարդյունավետությունը եւ դանդաղաշարժությունը խնդիր է, ամենապրիմիտիվ խնդիր լուծելու համար ստիպված են երկար սպասել, մինչեւ բոլոր տեղերով ու ընթացակարգերով անցնի. «Չեմ ուզում թաքցնել, մենք ոչ թե խնդիր ունենք կրճատելու, խնդիր ունենք կառավարման համակարգի արդյունավետությունը բարձրացնելու: Այսօր մեր նախարարությունների թիվը շատ ավելին է, քան մենք օբյեկտիվորեն ունենք դրա անհրաժեշտությունը: Այո, մեր քաղաքական ընկալումն այն է, որ մեր նախարարությունների թիվը պետք է շոշափելիորեն կրճատվի»:
Փաշինյանն ասաց, որ սա չի նշանակում, թե իրենք պետք է փակ աչքերով ֆանատիկորեն բոլորին կրճատեն, հավասարակշռված մոտեցում են ցուցաբերելու, որ նոր խնդիրներ չառաջացնեն. «Ընդհանուր առմամբ կառավարման համակարգի արդյունավետությունը, այդ թվում թվայնացման միջոցով, մեզ համար առաջնահերթ է եւ մենք պետք է լուծենք»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ կառավարությունն ու նրա կառուցվածքը երեւացող մասն է, բայց շատ ավելի չերեւացող մաս կա. «Ունենք նախարարություններում վարչություններ եւ այլն, կառավարությանը զուգահեռ ունենք հիմնադրամներ, ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ նրանք երբեմն ավելի մեծ համակարգ են, ըստ էության, կառավարման ֆորմալ համակարգին զուգահեռ համակարգ ունենք: Մենք լրջորեն այս համակարգին անդրադառնալու ենք, մասնավորապես, 2019-ի բյուջեի քննարկման համատեքստում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ