Լրահոս
Օրվա լրահոսը

Կառլեն Խաչատրյան. ԱՎԾ-ի ցուցանիշները մտահոգիչ են, տնտեսական խնդիրները չպետք է ստորադասվեն

Հոկտեմբեր 24,2018 17:01

«Տնտեսական խնդիրները չպետք է ոչ մի կերպ ստորադասվեն ու կարծում եմ, որ կառավարությունը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնի հենց տնտեսական բլոկին, որովհետեւ այո քաղաքական խնդիրները կարեւոր են, բայց պետք է նաեւ արձանագրել, որ հասարակության մեջ նաեւ նոր կառավարության հետ կապված շատ մեծ սպասելիքներ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ցուցանիշներին, որոնք փաստում են, որ վերջին ամիսներին տնտեսական աճի տեմպերը նկատելի անկում են ապրում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին ԱՎԾ-ն հրապարակեց 2018-ի հունվար-սեպտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Սեպտեմբերի դրությամբ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմում է 6.5 %, մինչդեռ մինչ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները 9.7 % էր:
Կառլեն Խաչատրյանի խոսքով, հասարակության հիմնական սպասելիքներից՝ արդարության մթնոլորտի վերականգնումից, կոռուպցիայի դեմ պայքարից բացի նաեւ մարդկանց մոտ հասարակության կենսամակարդակի բարձրացման սպասելիքներ կան, իսկ դա առանց տնտեսության աշխուժացման, առանց հստակ տնտեսական քաղաքականության ու ծրագրերի, այդ ամենն իրականացնել հնարավոր չէ:

«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ցուցանիշներն, իրոք, մտահոգիչ են, որովհետեւ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հուլիս, օգոստոս, սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աստիճանաբար նվազում է ու սեպտեմբերին անկումը շատ կտրուկ էր ու մեծ: Տնտեսական ակտիվության ցուցանիշի նման վարքագիծը առավելապես պայմանավորված է ստեղծված քաղաքական-տնտեսական իրավիճակով»,-այսպիսի համոզմունք է հայտնում Կառլեն Խաչատրյանը՝

առանձնացնելով երկու կարեւոր գործոն. «Մեկն այն խնդիրն է, որ նոր կառավարությունը դեռեւս չի կարողանում կենտրոնանալ տնտեսական հիմնախնդիրների վրա ու տնտեսական որոշակի ծրագրեր առաջ քաշել ու իրականացնել, ու հիմնականում, փաստացի, տեսնում ենք, որ կառավարության ուշադրության կենտրոնում առավելապես քաղաքական, ընտրական, Ազգային ժողով-կառավարություն որոշակի առճակատման խնդիրներն են ու տնտեսական գործընթացները փաստացի երկրորդային պլան են մղված: Եվ երկրորդ գործոնը, որը նույնպես կարեւոր է եւ ունի ազդեցություն տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման վրա, տնտեսությունում առկա անորոշությունն : Թե՜ ներդրողները, թե՜ բիզնեսն ինքը այս պահին չի կողմնորոշվում՝ ինչ է տեղի ունենալու եւ այդ անորոշությունը բերում է նաեւ որոշակի զուսպ քայլերի: Այսինքն՝ բոլոր գործարարները՝ փոքր ու միջին բիզնեսից մինչեւ խոշոր բիզնես, սպասում են հասկանալու համար խաղի կանոնները, որպեսզի դրանից ելնելով էլ կարողանան իրենց վարքագիծը հարմարեցնել այդ խաղի կանոններին, ու այս իմաստով, այդ անորոշությունը թույլ չի տալիս, որպեսզի որեւիցե մեկը կտրուկ ներդրում անի, բիզնեսը մեծացնի, արտադրության ծավալներն ընդլայնի կամ նոր արտադրություն, գործ սկսի»:
Պարոն Խաչատրյանի խոսքով, տնտեսությունում, այդ սպասողական վիճակն էլ հենց փաստացի հանգեցնում է տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազման:

Մեր այն դիտարկմանը, որ անկում է ապրում նաեւ արտահանումը, տնտեսագետ Խաչատրյանն ասաց՝ «Սա եւս պետք է այդ անորոշության կոնտեքստում թերեւս դիտարկել, որովհետեւ նույն արտահանման ծավալները, մանավանդ, եթե նայենք, որոնք են մեր արտահանման շուկաները եւ ուղղությունները, ապա այստեղ օրինակ՝ Ռուսաստանի մասով խնդիրներ կան՝ կապված Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության հետ եւ դրանում տնտեսական պատժամիջոցների կիրառման հետեւանքով, Ռուսաստանի տնտեսության ոչ այդքան լավ վիճակով, ինչը բնականորեն փոքրացնում է դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքների ծավալը: Քանի որ ռուսական տնտեսությունը վատ վիճակում է գտնովում, այսինքն՝ պահանջարկը փոքրանում է, բնակչությունը համեմատաբար ավելի քիչ ֆինանսական ռեսուրսներ ունի ձեռք բերելու որոշակի ապրանքներ, այդ թվում նաեւ իրենց համար ներմուծվող, մեր համար արտահանվող ապրանքներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031