ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանը «Եվրասիական շաբաթ» համաժողովի շրջանակներում մասնակցել է «ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեությունը որպես գործարարության զարգացման հարցում տնտեսական աճի և կայունության գործոն» խորագրով պանելային քննարկմանը։ Քննարկումը վարում էր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Վերոնիկա Նիկիշինան։
Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության ներսում արտաքին տնտեսական ակտիվության խթանման ուղիները։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ԵԱՏՄ-ն ունի արտահանման ծավալների ավելացման հնարավորություններ և, առաջին հերթին, ոչ հումքային արտադրանքի արտահանման ուղղությամբ։
«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը հնարավորություն է տալիս փնտրել նոր և ընդլայնել արդեն իսկ առկա արտաքին շուկաները` մեր արտադրանքի արտահանման ծավալների ավելացման նպատակով», – նշել է նախարարը՝ հավելելով, որ այս համատեքստում անհրաժեշտ է մշակել պրագմատիկ մոտեցումներ՝ արտաքին շուկաներ մուտք գործելու գործընթացը բարելավելու, օպտիմալացնելու, ինչպես նաև գործունեության հիմնական ուղղությունները և արտաքին տնտեսական գործառույթները հստակեցնելու համար:
Տիգրան Խաչատրյանն իր ելույթի ընթացքում ներկայացրել է, թե արտահանման խթանման ինչ գործիքներ են ներկայումս կիրառվում Հայաստանում՝ արտահանման վարկավորում, խորհրդատվական, տեղեկատվական ծրագրերի իրականացում, արտահանողների աջակցություն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, արտահանմանն առնչվող նորարարական և արդյունաբերական նախագծերի ֆինանսավորում և աջակցություն, արտաքին տնտեսական գործունեության ապահովագրություն:
Նախարարի պաշտոնակատարը արտահանման խթանման տեսանկյունից կարևորել է ԵԱՏՄ-ի և երրորդ երկրների միջև համագործակցությունը․ «Մենք շահագրգռված ենք ձևավորելու առևտրատնտեսական ամուր հարաբերություններ առաջատար և հեռանկարային տնտեսական կենտրոնների հետ», – նշել է Խաչատրյանը՝ անդրադառնալով նաև ԵԱՏՄ-Իրան ժամանակավոր ազատ առևտրի մասին համաձայնագրից ակնկալվող արդյունքներին:
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է համագործակցության այնպիսի մեխանիզմների ձևավորման կարևորությունը, որոնք թույլ կտան բացահայտել փոքր և խոշոր տնտեսությունների կոոպերացիոն ներուժը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն