ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրելու հարցի քննարկման ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում անդրադարձավ պատգամավորների ելույթներում հնչեցված հարցերին: Միքայել Մելքումյանը խոսել էր մարզային խանութների մասին: Փաշինյանն ասաց. «Շրջանառության հարկ ունենք, թվում էր, թե շեմ սահմանենք, ասենք ,58 մլն ու շեմից ներքեւ այլ հարկ սահմանվի, ամեն ինչ նորմալ կլինի: Մեկ էլ, ենթադրենք, ընկերություն կա, ունի 150 մլն շրջանառություն, ասում է՝ սենց լավ հնարավորություն կա, կիսեմ, կեսը նրանով անեմ, կեսը՝ նրանով ու քիչ կվճարեմ: Արդյունքում դա ավելի է խեղաթյուրում: Ի՞նչ անի կառավարությունը, մասկի շոուներ, չգիտեմ ինչ, հետո ասեն՝ այստեղ հետապնդում է, այստեղ հետապնդում չի…»:
Փաշինյանն ասաց, որ պետք է հասկանալ՝ սա մեր ընդհանուր գումարն է, ով ումից է գողանում: Ինքը գտնում է, որ մարզային խանութները պետք է ազատել հարկերից, չնայած ասում են նաեւ սիմվոլիկ պետք է հարկ վճարել, որ հարկ վճարելու կուլտուրա լինի:
Փաշինյանը, համաներման մասին խոսելիս ասաց՝ ավելի լավ է հանցագործը մնա ազատության մեջ, քան անմեղ մարդը հայտնվի բանտում:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը խոսել էր քաղաքական ուժերին պիտակավորելու մասին: Փաշինյանն ասաց. «Հեղափոխության առաջին օրվանից մարդիկ կիսասթրեսային վիճակում են, որ կարո՞ղ ա ամեն ինչ հետ պտտվի ու վերադառնա ամեն ինչ հնի: Երբ որ սա ունենում է հանրային դրսեւորումներ, լինում են քաղաքական գործիչներ, ուժեր, որոնք բացահայտում են իրենց այդպիսի մտքերի ընթացքը, լարվածությունը միանգամից հասնում է 100-ի, 1000-ի: Հոկտեմբերի 2-ին, երբ պարոն Բաբլոյանի սենյակում քննարկում էր, դուք ասում էիք՝ պիտակավորման մթնոլորտ է, սա է, այն է, այդ մթնոլորտը միայն կառավարությունը չի կարող փոխել: Բա օգնեք, եթե այդպիսի նիստ է տեղի ունենում, այդպիսի քայլեր, մարդիկ վրդովվում են, էմոցիոնալ ֆոնը բարձրանում է: Իմ վարչապետ լինելու մեջ չի խնդիրը, մարդիկ մտածում են՝ հիմա իրենք լինելո՞ւ են իշխանություն, թե՞ ոչ»:
Փաշինյանը խոսեց նաեւ տնտեսական խնդիրների մասին, ասաց, որ ՀՀ-ում շատ են խոսում աշխատատեղերի մասին, ուր գնում ես՝ ասում են՝ «մի գործ լիներ՝ աշխատեինք», բայց հայտարարեց՝ «Որ գործարան այս ընթացքում գնացել եմ, ասել են՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարողանում լրացնել: Դեռեւս այդպիսի ձեռնարկություն չի եղել, որ ես մտնեմ ու ղեկավարությունը չասի՝ թափուր աշխատատեղ ունենք, չենք կարում՝ 100, 150, 200, 300: Այդպիսի արտադրական ձեռնարկություն չի եղել, որ չասեն՝ ունենք աշխատուժի, պարտնյորի պահանջ: Մենք չաշխատելը խրախուսել ենք ու դա ունեցել է քաղաքական ենթատեքստ: Մարդիկ մտածել են, որ հնարավորություն չկա, բայց մենք հիմա պետք է ապացուցենք, որ յուրաքանչյուրը կարող է զրոյից փող աշխատել, հարստանալ: Մենք ուզում ենք, որ հարուստները շատ լինեն մեր երկրում: Ուր գնում ենք, ամենակարեւոր խնդիրը՝ օգնեք, օգնեք: Մենք պիտի ուղերձ հղենք, որ մարդն իր վրա աշխատի: Այն մարդը, ով իր վրա չի աշխատում՝ սկսած լեզուներից, կրթական մակարդակից, բա ինքը ինչո՞վ պիտի կառավարությանը օգնի: Նորմա՞լ ենք համարում, որ մարդը մտածում է, որ 15 տարի պետք է նպաստով ապրի ու իր տնից 100 մետր այն կողմ չգնա աշխատի, որ նպաստից չզրկվի: Մենք սա նորմա՞լ ենք համարում, սա դեգրադացման ճանապարհ է: Մենք մարդկանց զրկում ենք հույսից, հեռանկարից»:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե որեւէ մեկը մտածում է, որ պիտի դիվանին պառկի ու խնդիրները լուծվեն, նման բան չի լինելու. «Հարց՝ եթե մարդը ջանք չի թափում՝ ինքն իր ընտանիքի բարեկեցությունն ապահովի, բա կառավարությունն ի՞նչ անի, գլուխը ո՞ր պատին տա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ