«Եկեք ոչ մի բան չասեմ, որ չստացվի, թե պիտակավորում եմ անում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ ի պատասխան հարցի`ո՞ւմ նկատի ուներ ինքը, երբ ասում էր, որ առաջիկայում, պատգամավորի կողմից ամենախոշոր կաշառք տալու դեպքի վերաբերյալ բացահայտում է սպասվում, ինչն աննախադեպ է երրորդ հանրապետության ընթացքում։ Այդ մասին նա խոսել էր առավոտյան խորհրդարանի ամբիոնից:
Նիկոլ Փաշինյանը չասաց նաեւ, թե ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը. «Կարծում եմ, ավելի խոշորներն էլ կբացահայտվեն, բայց սա դեռ բացահայտվածներից ամենախոշորն է։ Ես ասեցի, որ մենք սպասում ենք թղթի։ Դրա պաշտոնական պատասխանի ոչ պաշտոնական թուղթը ֆաքսով է ուղարկվել, որն այսօր ունենք»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ առաջիկա ընտրական գործընթացներին`վերահաստատեց`իշխանությունը պատրաստ է նաեւ հին օրենսգրքով ընտրությունների գնալ: Նա չբացառեց, որ ՔՊ-ի նախընտրական ցուցակում 3-4 ՀՀԿ-ականներ լինեն, չի բացառում նաեւ, որ այլ կուսակցություններից էլ անհատներ լինեն ՔՊ-ի ցուցակում, բայց ասաց, որ կուսակցական պայմանավորվածություններ չեն լինելու: Նաեւ ասաց, որ չի կարծում, թե Գեւորգ Կոստանյանը կլինի ՔՊ-ի ցուցակում: Իսկ Շիրակ Թորոսյանի մասով`չբացառեց:
ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ի դեմս «Լուսավոր Հայաստանի», գործող իշխանությունը գրպանային ընդդիմություն է ունենալու: «Պարոն Շարմազանովին հարիր չէ նման բառապաշար օգտագործել»,-հակադարձեց Նիկոլ Փաշինյանը:
Պատասխանելով ԸՕ-ի տապալման մասով Դանիել Իոաննիսյանի`իրեն ուղղված մեղադրանքին էլ, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոստանում եմ ուղղվել»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ