Հիմնադիր համագումարով այսօր գործունեությունը սկսեց «Հայկական երազանք» կուսակցությունը, որը նախատեսում է մասնակցել առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության կորիզը նախկինում լուծարված «Հայազն» կուսակցության անդամներն են:
Նորաստեղծ քաղաքական ուժի վարչության անդամ Արմեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ չի բացառվում, որ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» հետ դաշինքով մասնակցեն, սակայն ներկայում իրենց օրակարգում ՀՀ բոլոր մարզերում գրասենյակներ բացելն է:
Իսկ օրերս ԱԺ-ի կողմից ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը չընդունելն Արմեն Մկրտչյանը որակեց որպես «անընդունելի սաբոտաժ»:
Համագումարի ելույթում էլ Մկրտչյանը հայտարարեց. «Հաճախ են հարցնում, թե ինչու ենք նոր քաղաքական ուժ ձեւավորում, չէ՞ որ արդեն կա վարչապետի գլխավորած քաղաքական ուժը, որի ղեկավարության գերակշիռ մասն իմ պայքարի եւ գաղափարակից ընկերներն են: Խնդիրը հետեւյալն է. հեղափոխության առաջին փուլը, որպես Սերժ Սարգսյանից ազատվելու տարբերակ, թվում է՝ կայացել է: Իրականում ԱԺ-ում ներկայում տարօրինակ իրադարձություն է տեղի ունենում: Հեղափոխության կողմնակիցները պահանջում են, որ վարչապետ չընտրվի (ըստ գործող Սահմանադրության՝ ԱԺ–ն պետք է երկու անգամ վարչապետ չընտրի, որպեսզի լուծարվի, եւ կայանան նոր ընտրություններ.-խմբ.): Ամիսներ առաջ պահանջում էինք հակառակը: Այս սահմանադրական կոլապսի հեղինակը Սերժ Սարգսյանն եւ նրան ծառայած քաղաքական ուժերն են»:
Արմեն Մկրտչյանի խոսքով՝ «Հայկական երազանք» կուսակցությունը հեղափոխական ուժերի շրջանում մրցակիցներ չունի. «Նրանք դաշնակիցներ են: Մենք ցանկացած պահի արձագանքելու ենք Նիկոլ Փաշինյանի կոչերին: Կարծում ենք՝ նոր խորհրդարանը պետք է լինի գաղափարական եւ բազմակարծիք: Եթե այդ խորհրդարանում մեկն ասելու է, մյուսները՝ ծափահարեն, դա զարգացում չի բերելու երկրին: Պաշտպանում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջը»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ