Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ ես, դու ծրագիր ես ընդունել, որ մեկ տարվա ընթացքում պիտի տեղի ունենան ընտրություններ, ինչո՞ւ ես պանիկյորություն անում, կեսգիշերով գնում խորհրդարան». Պարույր Հայրիկյան

Հոկտեմբեր 24,2018 16:20

Լրագրողների հետ «Հենարան» ակումբում հանդիպման ընթացքում ԱԻՆ նախագահ Պարույր Հայրիկյանը նշեց, թե կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին փոխել է:

Նա հիշեցրեց՝ առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի շարժման նկատմամբ վերապահ վերաբերմունք կար անգամ իր խորհրդարանական գործընկերների կողմից, այն ժամանակ իրենք աջակցել են Փաշինյանին և հանդես եկել հայտարարությամբ, որտեղ մի կարևոր դրվագ կար. «Ես ասում էի, որ շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է սխալ լինել, բայց ամենակարևոր հարցում ճիշտ է: Դա վերաբերում էր նրան, որ իշխանությունը պետք է պատկանի քաղաքացիներին, ժողովուրդը լինի երկրի տերը: Այսօր կարող եմ ասել հակառակը, շատ հարցերում Նիկոլ Փաշինյանը կարող է ճիշտ լինել, ի տարբերություն նախկինի, հիմա ամենակարևոր հարցում Նիկոլ Փաշինյանը սխալ է, որովհետև, եթե դու խոստանում ես իշխանությունը փոխանցել ժողովրդին, դա կարող է արվել միայն Սահմանադրությամբ»:

Ըստ Պարույր Հայրիկյանի, եթե ուզում ենք քաղաքացուն երկրի տերը դարձնել, պիտի գնալ Սահմանադրությունը փոխելու ճանապարհով, ոչ թե վերացական ճանապարհով, այլ փոփոխությունը կատարելը միշտ հաշվի առնելով մեկ սկզբունք՝ քաղաքացիների իրավունքներն ավելանո՞ւմ են, թե պակասում. «Եթե Սահմանադրության փոփոխություն ես կատարում, քաղաքացիների իրավունքները պիտի ավելանան: Սահմանադրության նպատակն է քաղաքացիների իրավունքների ամրագրումն ու իշխանության առաջ սահման դնելը: Եթե այսօր որոշ դեղնակտուցներ ասում են, թե տարբեր տեսակետները պիտի համադրենք, դա անցած փուլ է: Միայն մի բանն է կարևոր՝ այս փոփոխություններով քաղաքացիների իրավունքներն ավելանո՞ւմ են, թե՞ պակասում: Ռեյտինգայինից հրաժարվելը նվազեցնում է քաղաքացիների դերակատարությունը, ուրեմն սկզբունքորեն սխալ է»:

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ Նիկոլ Փաշինյանի թիմն այսօր զբաղված է տասներորդական հարցերով: Ըստ նրա՝ տեղին չէ նաև վարչապետի՝ խուճապի մատնվելը. «Վարչապետ ես, դու ծրագիր ես ընդունել, որ մեկ տարվա ընթացքում պիտի տեղի ունենան ընտրություններ, ինչո՞ւ ես խուճապի մատնվում: Էհ, ինչ, ինչի՞ համար է պանիկյորությունը, որ կեսգիշերով վազում ես պառլամենտ, ի՞նչ է պատահել: Խորհրդարանը նրա համար է, որ ինքնուրույն որոշում ընդունի: Դու էլ վարչապետ ես նրա համար, որ դրան այո, կամ ոչ ասես»:

Ըստ Պարույր Հայրիկյանի՝ էական որևէ բան կարող է լինել այն դեպքում, երբ ամենակարևորին մեծ ուշադրություն դարձվի: Պարույր Հայրիկյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է որպես վարչապետ շարժվել իր լծակներով. «Վարչապետ ես ընտրվել, քո լծակներով գործիր, առանց խուճապի, խուճապը շատ ենթակայական երևույթ է և իրավիճակի հետ կապված չէ: Քո խմբակցությունը քո թեկնածությունն է առաջադրում, որ մերժվի: Էհ, ընդհանրապես մի առաջադրեք: Հիմա որ խորհրդարանը քվեարկի քո օգտին, նորից մնաս վարչապետ, մի շաբաթ հետո հրաժարական պիտի տաս: Տուն-տունիկ. մանկապարտեզում երևի վատ դաստիարակներ են ունեցել, երեխաներին տրվող ամեն բան չեն տվել նրանց, ուզում են չափահաս տարիքում ստանալ: Երկիրը մանկապարտեզի վերածելն անընդունելի է»:

Պարույր Հայրիկյանը զգուշացրեց՝ անձնական, կուսակցական որևէ հավակնություն չունի. այսօր են ԱԻՄ-ով հավաքվելու:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031