Բեն Ֆերինգայի, Ֆրեյզեր Ստոդդարտի և Ժան-Պիեր Սուվաժի կողմից կազմած տրիոն 2016թ.-ին քիմիայի ոլորտում արժանացել է Նոբելյան մրցանակի, մոլեկուլային շղթաների նախագծման և սինթեզի վրա կատարած իրենց աշխատանքի համար: Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին այցելեցին Մ. Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարան (ԵՊԲՀ): Նրանք մասնակցեցին Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը, նաեւ դասախոսություն կարդացին ուսանողների համար:
Քիմիկոսները Հայաստան են ժամանել «Քիմիայի սահմանները, Հայաստան»-ARMCHEMFRONT 2018 քիմիային նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում, որի կազմակերպիչն է Գրոնինգենի համալսարանի հայազգի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանը:
Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի ձեւակերպմամբ, օրը ծայրահեղ հիշարժան է` անվանի գիտնականներին հյուրընկալելու առումով: Նա շրջանավարտներին մաղթեց լինել հաջողակ կառավարիչներ ու պատասխանատու` իրենց ցանկացած որոշման համար: Նաեւ կոչ արեց միշտ հիշել, որ ոչ միայն Բուժհաստատությունների կառավարում մագիստրոսական ծրագրի շրջանավարտներ են, այլեւ բժշկական համալսարանի:
Մանրամասն` տեսանյութում քիչ անց:
Ռեկտորի խորհրդական Շուշան Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է 1,5 տարվա կուրս, որը թույլ է տալիս հիվանդանոցներում ունենալ պրոֆեսիոնալ կառավարիչներ, որոնք պատրաստվել են միջազգային չափանիշներին համապատասխան ծրագրերով, նրանց դասավանդել են 15-ից ավելի աշխարհահռչակ բուհերի դասախոսներ:
ԵՊԲՀ պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Միխայիլ Աղաջանովը նշեց, որ շատ կարեւոր է Նոբելյան մրցանակակիրների այցը, դրանով բարձրանում է նաեւ բժշկական համալսարանի վարկանիշը. «Այն, որ եկան համալսարան, արդեն խոսում է այն մասին, որ շատ մեծ տեղ են տալիս մեր բուհին: Մեր համալսարանում կա մի ավանդույթ` պատվավոր դոկտորի կոչում շնորհել աշխարհի լավագույն հայտնի մասնագետներին: Այսօր մենք Նոբելյան մրցանակակիրներին նույնպես շնորհում ենք մեր բուհի պատվավոր դոկտորի կոչումը: Հույս ունենք, որ մեր կապերը նրանց հետ կամրապնդվեն»:
«Մենք միշտ հետեւում ենք բոլոր միտումներին, եւ երբ լավագույն գիտնականները գալիս են Հայաստան, անպայման փորձում ենք կապ հաստատել նրանց հետ, մեր ուսանողների հետ ծանոթացնել: Մեր համալսարանն ունի նոմինացիոն կոմիտե, որտեղ որոշում ենք ընդունում եւ գիտական խորհրդին տեղյակ ենք պահում անվանի գիտնականներին մեր համալսարանի պատվավոր կոչում շնորհելու մասին»,- հավելեց ԵՊԲՀ պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Ազնավուրյանը:
Միխայիլ Աղաջանովն ու Արտաշես Ազնավուրյանն էլ բեմի վրա հայտնեցին, որ Նոբելյան մրցանակակիրներին շնորհվում է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
Հայաստանցի գիտնականների խոսքով, Նոբելյան մրցանակակիր ունենալու համար պետք է երկրի տնտեսական վիճակը լավանա, քանի որ գիտությունը ծախսատար է ու մեծ ներդրումներ է պահանջում:
Հայաստանի Հանրապետության առաջին առողջապահության նախարար, պրոֆեսոր Միհրան Նազարեթյանը նախ բարի գալուստ մաղթեց Նոբելյան մրցանակակիրներին, իսկ մագիստրոսական ծրագրի շրջանավարտներին ասաց, որ ավարտել են յուրահատուկ կուրս, որը վերջապես կտա այն հարցի պատասխանը` առողջապահության կառավարիչները պետք է լինեն բժիշկնե՞ր, թե՞ բիզնեսմեններ:
Նոբելյան մրցանակակիր Ֆրեյզեր Ստոդդարտը անչափ տպավորված էր Հայաստանով, դասախոսությունը սկսելուց առաջ ասաց, որ ոչ մի տեղ այսքան շատ ծաղիկներ չի տեսել: Նաեւ հավելեց. «Դուք ամենաառատաձեռն մարդիկ եք աշխարհում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ