2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով հերթական դատական նիստում այսօր պետք է հայտարարվեր, թե վերջերս մահացած՝ գործով մեղադրյալ Արայիկ Խանդոյանի հարազատներն ինչ դիրքորոշում ունեն վերջինիս մասով գործի վարույթը շարունակելու ուղղությամբ, սակայն հարազատները պաշտպանի միջոցով տեղեկացրել էին, որ որոշում դեռ չունեն:
Հաջորդ նիստում նախատեսվում է ներկայացնել, թե ով է լինելու Խանդոյանի իրավահաջորդը դատարանում: Այդ հիմքով այսօրվա նիստը հետաձգվեց:
Մինչ այդ դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ նիստն ուշացմամբ է սկսվում, քանի որ մեղադրյալներից Արեգ Կյուրեղյանն ուշ է ներկայացել:
Հիշեցնենք, որ այս գործով կալանքի տակ են միայն ոստիկանների սպանության համար մեղադրվողներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը:
Արեգ Կյուրեղյանը տեղից ինչ-որ բան ասաց իր ուշացման հետ կապված, ինչի պատճառով դատարանը նրան կրկին հիշեցրեց, որ պետք է ժամանակին ներկայանալ, ապա սանկցիա կիրառեց՝ նկատողության տեսքով:
Արեգ Կյուրեղյանը շարունակեց տեղից խոսել եւ երկրորդ նկատողությունը ստացավ: Ապա դատավոր Մակյանը վրդովվեց. «Դատարանը սպառնալիքով չի խոսում ձեր հետ: Ձեր ուշացումը կարող է դիտվել որպես գործի քննությունից խուսափելու հանգամանք»:
Կյուրեղյանը, սակայն, շարունակեց հակադարձել դատավորին, ինչի պատճառով Մակյանը որոշեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից տասը ժամով՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար:
«Մեղադրյալները վերջերս հայտարարեցին, թե կառուցողական մոտեցում են դրսեւորելու դատաքննության ընթացքում, բայց Կյուրեղյանի պահվածքից նման տպավորություն չստացա, պարոն Ավետիսյան: Իհարկե, դուք չեք նրան դաստիարակողը»,-դիմելով խմբի խոսնակ Վարուժան Ավետիսյանին՝ ասաց Մեսրոպ Մակյանը:
Ավետիսյանն արձագանքեց. «Մեր կառուցողական մոտեցումը կշարունակվի, միջադեպը կփորձենք հարթել: Կյուրեղյանը հասուն մարդ է եւ դաստիարակության կարիք չունի: Թյուրընկալում եղավ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ