ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենն առայժմ չի կարող կոնկրետ թվերով փաստել, բայց վստահեցնում է՝ Սեւանա լճում ձկան պաշարի աճի միտումներ են նկատվում:
«Հստակ թվեր չեմ կարող ներկայացնել, քանի որ ուսումնասիրություններն ավելի ուշ կամփոփվեն, բայց մեր նախնական ուսումնասիրության արդյունքում այդ միտումը պահպանվում է, ինչպես եւ նախորդ տարիներին»,- այսօր «Հայելի» ակումբում ասաց ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Նրա խոսքով, հիմա շատ կարեւոր է, որ նախաձվադրական փուլում պահպանվի վտառը. «Հիմա կուտակումներ են առաջանում, խոսքը գնում է սիգի եւ իշխանի մասին, այդ կուտակումների ժամանակ ավելի հեշտ է որսալ: Դրա համար ձկնորսները մի քանի առումով գերադասում են այս սեզոնին որսալ: Այն ժամանակահատվածներում, որ շատ խիստ պետք է վերաբերվել եւ անթույլատրելի է որսը կատարել, հակառակ՝ որսվում է բավականին մեծ քանակով, էլ չասած, որ շուկաներում վաճառում են այդ ձկնկիթը: Այսինքն՝ հազարավոր, միլիոնավոր ձկներ, որ կարող էին դառնալ ձուկ, մենք այդ հնարավորությունը չունենք որսագողության պատճառով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Ա1+»-ի