Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել իտալական փորձի հիման վրա հակակոռուպցիոն նոր քննչական մարմին ստեղծելու վերաբերյալ

Հոկտեմբեր 24,2018 15:34

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Արդարադատության նախարարության հետ համագործակցությունն իր համար առաջնայիններից է:

Նախարարի պաշտոնակատարը դեսպանի հետ զրույցում անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին, ներքաղաքական գործընթացներին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերին: Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակից՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ Հայաստանում մայիսին տեղի ունեցած հեղափոխությանը պետք է շարունակի իշխանափոխությունը: «Հայաստանում ներկայում հակասահմանադրական իրավիճակ է: Այս վիճակը կբարելավվի դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Մենք մեր առջև խնդիր ենք դրել անցկացնել այնպիսի ընտրություն, որի արդյունքին կհավատա հայ ժողովուրդը և որը հնարավորինս ճշգրիտ կարտահայտի ժողովրդի կամքը»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Անդրադառնալով ԱԺ-ում չընդունված Ընտրական օրենսգրքի նախագծին՝ Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ դրանով քաղաքական փոքրամասնությունների համար նախատեսվում էին առավել մեծ հնարավորություններ ԱԺ-ում հայտնվելու համար, ինչն ավելի ժողովրդավար կդարձներ Խորհրդարանը: Արդարադատության նախարարի պաշտոնակատարը հույս է հայտնել, որ պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում նախագիծը կընդունվի, իսկ չընդունվելու դեպքում վստահեցրել է, որ Կառավարությունը գործող օրենսգրքով կարող է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքներին կհավատան բոլորը, այնպես ինչպես տեղի ունեցավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

Նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ տարվող աշխատանքներին, տեղեկացրել է, որ Վիեննայում ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԵԱՀԿ խողովակի միջոցով համագործակցել իտալացի գործընկերների հետ՝ իտալական փորձի հիման վրա հակակոռուպցիոն նոր քննչական մարմին ստեղծելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև նոյեմբերին Հռոմում նախատեսվելիք «Հակակոռուպցիոն ռազմավարությունների զարգացումը թվային ժամանակաշրջանում. վերջին միտումներն ու ԵԱՀԿ շրջանակում լավագույն փորձը» համաժողովին նախարարի պաշտոնակատարի մասնակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031