«Ես եթե մասնակցեմ, ոչ թե որպես պատգամավոր եմ մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ նույնասեռականությունը թափանցի ավանդական ընտանիք։ Գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում, եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես Հայաստանի պետական ապարատում տեղ ունենամ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։ Նա չի բացառում, որ կմասնակցի ԼԳԲՏ համայնքի ֆորումի տապալման ցույցերին։
Պատգամավորի համար անընդունելի է «նման երեւույթների» ներխուժումը հայկական ընտանիք. «Չեմ ասում՝ տվեք սպանեք, բռնության կոչ չեմ անում, ես ընդամենը դեմ եմ, որ այդ երեւույթները թափանցեն հայկական ընտանիք ու մեր ուսումնական հաստատություններ։ Գտնում եմ, որ մեր համար դա ազգային եւ պետական անվտանգության սպառնալիք է»:
Գեւորգ Պետրոսյանը ահազանգում է` ՀՀ-ում ծնելիության ցուցանիշները նվազել են, ժողովրդագրական իրավիճակը լավը չէ: Ինքն էլ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ անձնապես ոչինչ չունի, մինչդեռ խնդիրը երկրի անվտանգության մեջ է ու բանակը համալրելու կարիք կա. «Պատերազմող երկիր ենք, շատ հետաքրքիր է արական սեռի երկու ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որը ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը։ Ձեզ հայտնի՞ է այսպիսի միջոց։ Ես անձամբ գիտեմ, որ նման միջոց հայտնի չէ»։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ