Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Հարգելի լրագրողներ,
Սիրելի հայրենակիցներ,
Նախ ուզում եմ պարզաբանել, որ այսօրվա իմ առաջադրումը որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածու, կրում է ֆորմալ բնույթ, և ես «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվել եմ ոչ թե վարչապետ ընտրվելու, այլ վարչապետ չընտրվելու համար: Հետևաբար, Ազգային ժողովն այսօր չպետք է քվեարկի իմ օգտին: Իսկ առաջադրման իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրություններին լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցքը բացառելն է, ինչին ես ավելի ուշ ավելի մանրամասն կանդրադառնամ: Այս պահին ուզում եմ ընդգծել, որ միանշանակ է ու աներկբա, որ առաջիկա դեկտեմբերին ունենալու ենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք, ի վերջո, պետք է դառնան Հայաստանում 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության վերջնական հաղթանակի վերջնական հանգրվանը: Մինչ այդ, սակայն, Ազգային ժողովի այս ամբիոնին վերստին գտնվելը լավ առիթ եմ համարում` խոսելու վերջին հինգ ու կես ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խորքային իմաստի և քաղաքական նշանակության մասին:
Նախ ուզում եմ անդրադառնալ հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ էր Հայաստանում տեղի ունեցածը՝ հեղափոխությո՞ւն, թե՞ պարզապես իշխանափոխություն: Ինձ համար միանշանակ է և աներկբա, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն, հատկապես հեղափոխություն, որովհետև տեղի է ունեցել հասարակական ֆորմացիայի իրական փոփոխություն: Իսկ այդ փոփոխության իմաստն այն է, որ մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանում դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ ուժը հանդիսանում էր քրեական, տնտեսական, քաղաքական էլիտան, որին և պատկանում էր ողջ իշխանությունը, իսկ հեղափոխությունից հետո Հայաստանի դոմինանտ քաղաքական գործոնը, որոշիչ քաղաքական ուժը հանդիսանում է ժողովուրդը, որը և կարողացավ այդ նույն քաղաքական և տնտեսական էլիտային պարտադրել՝ իր նախընտրած թեկնածուին ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ և ճանաչել ժողովրդի իշխանությունը: Այս թեման հրատապ է այնքանով, որ կան քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, ովքեր հայտարարում են և պնդում, թե Հայաստանում ընդամենն իշխանափոխություն է տեղի ունեցել, ոչ թե հեղափոխություն: Ճշմարտությունն իրականում հակառակն է՝ Հայաստանում հեղափոխություն տեղի է ունեցել, սակայն իշխանափոխություն դեռևս տեղի չի ունեցել, համենայնդեպս, ամբողջական իշխանափոխություն: Այո′, Հայաստանում հաստատված է ժողովրդի իշխանություն, այո′, Հայաստանում հաստատված է ժողովրդի կառավարություն, բայց ժողովուրդը և ժողովրդական կառավարությունը դեռևս չունեն իրենց գաղափարներն ու իդեալները լիարժեքորեն կյանքի կոչելու գործիքը, որովհետև պետական կառավարման համակարգը, եթե ոչ ամբողջությամբ, առնվազն մի հսկայական մասով ոչ միայն գործում է հին տրամաբանությամբ և սովորույթներով, այլև հին համակարգի վերադարձի թաքուն հույսը սրտի մեջ պահած:
2018 թվականի մայիսի 8-ից, այսինքն՝ իմ վարչապետ ընտրվելուց հետո, Հայաստանում տասնյակ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ չարաշահումների, կաշառքների, յուրացումների մեղադրանքով: Ես տվյալ պահին նկատի չունեմ այն գործերը, որոնք հարուցվել են մայիսի 8-ից կամ ապրիլ-մայիսից առաջ տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ և խոսում եմ այն արարքների մասին, որոնք տեղի են ունեցել հեղափոխությունից հետո, իմ վարչապետ ընտրվելուց հետո: Ինձ համար երկար ժամանակ հասկանալի չէր, թե ինչպես կարող է 2018 թվականի ապրիլ-մայիսից հետո որևէ պաշտոնյայի մտքով Հայաստանի Հանրապետությունում անցնի կաշառք վերցնել, յուրացումներ անել և այդպես շարունակ, ընդ որում՝ հեղափոխությունից ամիսներ, շաբաթներ, նույնիսկ օրեր անց: Այսինքն՝ պատկերացնո՞ւմ եք Հայաստանում այդպիսի իրադարձություններ են տեղի ունեցել՝ հրապարակային, բոլորի աչքի առաջ, և Հայաստանում կա պաշտոնյա, որը կաշառք է պահանջում և վերցնում, Հայաստանում կա պաշտոնյա, որը յուրացում է թույլ տալիս իրեն: Սա անտրամաբանական է. պատկերացնո՞ւմ եք հեղափոխությունից մի շաբաթ, 15-20 օր անց կա պաշտոնյա, որը կաշառք է վերցնում և բռնվում, և դա ապացուցվում է:
Պատասխանը մեկն է. որևէ այլ տրամաբանություն չի կարող լինել: Կոնկրետ այս դահլիճից և նախկին խորհրդարանական մեծամասնություն հանդիսացող քաղաքական ուժից հեղափոխության հաղթանակի հաջորդ իսկ պահից հին համակարգին ազդակներ են փոխանցվել և փոխանցվում, թե այս ամենը մի քանի ամսվա հեռանկար ունի, թե այս ամենը շուտով ետ է պտտվելու, և հին համակարգը վերադառնալու է: Այսինքն՝ այդ մարդիկ, ովքեր շարունակում են գործել հին տրամաբանությամբ, գերմարդիկ չեն, պետք է ներշնչանքի աղբյուր ունենան, չի լինում այդպես: Հետևաբար, ներշնչանքի աղբյուրը խորհրդարանական նախկին մեծամասնությունն է և նախկին իշխող համակարգը, Ընդ որում՝ այդ ներշնչանքը եղել է ոչ միայն ներքին խողովակներով, այլև հրապարակային: Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները պարբերաբար հրապարակային հայտարարել են, թե Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար նախադրյալներ չկան, Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2022 թվականին: Այս մասին Հանրապետական խմբակցության ներկայացուցիչները մի քանի անգամ հարցազրույցներ են տվել, հայտարարություններ արել: Այս ամենն արվել է մի քանի նպատակով. նախ հնարավորինս կոնսոլիդացված պահել երկար տարիներ Հայաստանում գործած պետական կոռումպացված համակարգը, երկրորդը՝ Հայաստանում հաստատված մթնոլորտը դարձնել հնարավորինս նյարդային, այսինքն՝ անընդհատ մարդկանց «տոկի» տալ, որ մարդիկ հանդարտ իրենց կյանքով ապրելու հնարավորություն չունենան, հնարավորինս խաթարել տնտեսական և ներդրումային միջավայրը և հնարավորինս մեծ խոչընդոտներ ստեղծել գործող կառավարության համար և սպասել հարմար պահի՝ ռևանշի հասնելու համար: Ընդ որում, մինչ օրս 3 այդպիսի իրական փորձ է եղել՝ ռևանշի հասնելու.
առաջինը՝ Ռոբերտ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացիա իրականացնելու փորձն էր, որը, սակայն, ձախողվեց հիմնական քաղաքական գործոնի՝ ժողովրդի միանշանակ և հուժկու մերժման պատճառով:
Երկրորդ փորձը հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, երբ խորհրդարանական մեծամասնության ձեռամբ այնպիսի փոփոխություններ էին իրականացվում «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, որ ժողովրդի գործոնը զրոյացվի ընթացիկ քաղաքական գործընթացների համատեքստում: Բայց ընդամենը 2 ժամվա ընթացքում շուրջ 80000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ շրջափակեցին Ազգային ժողովի շենքը և ցույց տվեցին, որ ժողովրդի քաղաքական գործոնը բացառելու բոլոր փորձերը, առանց բացառության բոլոր փորձերը կարժանանան ընդարձակ ժողովրդական դիմադրության:
Ռևանշի հասնելու երրորդ քայլն այս երկուշաբթի օրն Ազգային ժողովում տեղի ունեցածն էր, երբ Հանրապետական կուսակցությունը, ըստ էության, բոյկոտեց և տապալեց Ընտրական օրենսգրքում առաջադրվող փոփոխությունները: Սա արվում էր նրա համար, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան գործող Ընտրական օրենսգրքով, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով, որովհետև Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների և նրանց հետ ասոցացվող ուժերի և անձանց շրջանում հանկարծակի հույս ծագեց, թե ռեյտինգային ընտրակարգը նրանց կարող է շանս տալ առաջիկա արտահերթ ընտրություններին հասնել ռևանշի:
Իսկ ի՞նչն էր պատճառը, որ այդ մարդիկ սկսեցին մտածել այսպես: Պատճառը պետք է ուղիղ կապել Կապանում՝ Սյունիքի մարզկենտրոնում, տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունների հետ: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Կապանում: Պարզվել է, որ հին ընտրական համակարգը, հին ընտրական մշակույթը Սյունիքի մարզում դեռևս կենսունակության ինչ-որ նշաններ է ցույց տալիս: Ի՞նչ է սա նշանակում գործնականում: Սա նշանակում է, որ Սյունիքի գործող քրեական, քաղաքական և տնտեսական էլիտան, իր ձեռքում շարունակելով պահել բավական շոշափելի լծակներ, կարողացել է կոնսոլիդացիա ապահովել և, ի վերջո, մարդկանց մի որոշակի հատվածի հին մշակույթի և արժեքների տրամաբանությամբ, կամ, ավելի ճիշտ հին մոդելների մոդիֆիկացված ձևերով նրանց ուղղորդել որոշակի քվեարկության՝ ի վերջո, հասնելով իրենց համար ցանկալի արդյունքի: Հանրապետականները հույս ունեն ահա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում նրանց կհաջողվի գործարկել կապանյան մոդելը:
Լրագրողներն ու վերլուծաբանները միանշանակ ճիշտ են, որ այդքան մեծ ուշադրություն են դարձնում Կապանի ընտրություններին, բայց նրանք սխալվում են մեծապես, երբ տեղի ունեցածը կապում են Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու հետ: Ընդհակառակը, Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշումն էր կապված Սյունիքում հին համակարգի գոյության վերաբերյալ կառավարության համոզմունքի և ստացված տեղեկատվության հետ: Իմ համոզմունքը հետևյալն է. Սյունիքում հեղափոխություն տեղի չի ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ մարզում կան տնտեսական և քրեական ուժեր, ովքեր մտածում են, թե իրենք ավելի հզոր են ու կարող, քան պետական ժողովրդական իշխանությունը:
Սյունիքում պետական իշխանությունը պետք է այլընտրանք չունենա, Սյունիքում պետք է հաստատվի անառարկելի և աներկբա պետական, ժողովրդական իշխանություն, ու սա ոչ թե քաղաքական խնդիր է, այլ ազգային անվտանգության կարևորագույն հիմնահարց, որի մի շարք պարամետրերի անդրադարձել եմ հոկտեմբերի 19-ին Կապանում ունեցած ելույթում: Եվ հինգ ամիսների ընթացքում ձևավորված իմ աներկբա համոզմունքն է, որ այս խնդիրը կկարողանա լուծել միայն ու միայն կառավարման մեծ փորձ, քաղաքական հին համակարգի գործունեության բոլոր մանրամասներին և նրբություններին ծանոթ այնպիսի մի մարզպետ, ով կկարողանա կասեցնել նաև իրավապահ համակարգի նկատմամբ հին տնտեսական և քրեական էլիտայի ազդեցությունը: Ինչպես ասում են, սա այն դեպքն է, երբ սեպը սեպով պիտի հանես: Ահա հենց սա էր Հայաստանի ոստիկանության պետի երկարամյա տեղակալ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման պատճառը, և այդ որոշման հիմնական պատճառը ոչ թե Սյունիքում նոր դիկտատուրա հաստատելն է, այլ Սյունիքի հպարտ քաղաքացիների ազատությունների և իրավունքների երաշխավորումը, որը պարզապես անհնար կլինի առանց քրեական էլիտայի, առանց տնտեսական էլիտայի անառողջ ազդեցությունները չեզոքացնելու: Եվ դա մի խնդիր է, որ լուծելու ենք հստակ, վճռական և անառարկելիորեն:
Այս ամենի ֆոնին հարց կծագի բնական, թե ինչու այդ պարագայում մենք ընդունեցինք Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները, և դա համարեցինք ժողովրդավարության հաղթանակ: Առաջին հերթին ցույց տալու համար մեր անկեղծությունը, որ քվեարկողների մեծ մասը քվեարկել է իր անկեղծ համոզմունքի համաձայն, և հին ընտրական համակարգի տրամաբանությամբ քվեարկել է բացարձակ փոքրամասնությունը, որի պահվածքը, ցավոք, վճռական է եղել ընտրությունների վերջնական արդյունքների համար: Տեղի ունեցած ընտրության արդյունքները ընդունելով է, որ մենք կարող ենք շարունակել մեր անկեղծ երկխոսությունը հանրության հետ՝ նրան ավելի մանրամասն և տեսանելի բացատրելով մեր գործողությունների մոտիվացիան, նրան գործնականում ի ցույց դնելով յուրաքանչյուր քաղաքացու քվեի վճռական և շրջադարձային նշանակությունը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի ավելի շոշափելի տեսնի, թե իր քվեարկությունն ինչպիսի արձագանքների և ազդեցությունների տեղիք է տալիս ողջ քաղաքական դաշտում և ողջ ներքաղաքական իրավիճակի վրա: Իմ ամբողջ քաղաքական գործունեությունը նվիրված է եղել սրան, որ ես փորձել եմ ամեն քաղաքացու ներկայացնել, համոզել, որ իր մի քվեն ամենավճռական գործոնն է, որ կարող է գոյություն ունենալ:
Իմ երկարամյա քաղաքական գործունեության բանավեճը, երկխոսությունը մարդկանց հետ դա է եղել, որ մարդիկ չասեն, դե մենք մի ձայնով ի՞նչ ենք որոշում, մեր մի ձայնից է կախված, և ես փորձել եմ համոզել մարդկանց, որ այո՛, ամեն ինչ կախված է ձեր մի ձայնից: Եվ հեղափոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը մի պահ ընդունեց և գիտակցեց, որ այո՛, վճռական քաղաքական գործոն է իր, բացառապես իր՝ մի քաղաքացու որոշումն է, թե ինչ պետք է տեղի ունենա: Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք այս տրամաբանությունը հստակ նկարագրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
Հատուկ ուզում եմ ընդգծել՝ Կապանում տեղի ունեցած քվեարկությունը ու դրա արդյունքներն օրինական են: Քվեարկության պաշտոնական արդյունքներն արտահայտում են մարդկանց ընտրությունը, բայց իմ քաղաքական դիրքորոշումն այն է, որ քրեական և տնտեսական էլիտան անառողջ ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա միայն այն բանի շնորհիվ, որ հեղափոխությունը, իրոք, դեռևս ոչ բոլորին է հասել, և ոչ բոլորն են զգացել և գնահատել իրենց ազատությունը: Եվ մեր խնդիրը կոնկրետ է և գործնական. ազատությունը ողջ Հայաստանում, այդ թվում և Սյունիքում պետք է լինեն ոչ թե դեկլարացիա և հայտարարություն, այլ կիրառական գործիք, որից կարող է օգտվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, և մեր քաղաքական խնդիրն է այդ ազատությունն իրապես դարձնել հասանելի:
Ի դեպ, ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել ևս մեկ հանգամանքի վրա, երբ Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացող Վալերիյ Օսիպյանը, նախկինում բարձրաստիճան, հեղափոխությունից առաջ բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած Վալերիյ Օսիպյանը և Ազգային անվտանգության ծառայությունում նախկինում բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած Արթուր Վանեցյանը նշանակվեցին համապատասխանաբար Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, շատ մեծ աղմուկ բարձրացավ, անհասկանալիության շատ մեծ դիսկուրս եղավ, բայց մեկ-երկու քննարկումից հետո այդ թեման, ըստ էության, փակվեց: Հունան Պողոսյանի դեպքում ֆեյսբուքյան և ոչ միայն ֆեյսբուքյան ալիքը բավական երկար տևեց, որովհետև ազնիվ հարցադրումների, ընդունելի հարցադրումների և մտահոգությունների ֆոնը Սյունիքում հաստատված որոշ տնտեսական և քրեական շրջանակներ հմտությամբ օգտագործեցին՝ այդ թվում օգտագործելով իրենց ձեռքի տակ գտնվող և իրենց վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները և հնարավոր է՝ կրկին փորձեն օգտագործել իրենց անվտանգության խնդիրն ապահովելու Սյունիքում միահեծան և հակապետական իշխանություն պահպանելու և հաստատելու համար: Այս թեմային այսքան մանրամասն անդրադառնում եմ, որովհետև, ինչպես ասեցի, սա չափազանց կարևոր նշանակություն ունեցող ներքաղաքական դրվագ է: Մյուս կողմից, որպես ժողովրդի պահանջով վարչապետ ընտրված մարդ՝ ես չեմ կարող թույլ տալ, որ մեր որոշումների հետ կապված որևէ տարընթերցում և այլաբանություն, որևէ սխալ մեկնաբանություն լինի՝ սխալ մեր մոտիվացիաների առումով: Ես չեմ ասում՝ մենք անսխալական ենք, հանկարծ սխալ չհասկանաք, բայց մեր մոտիվացիաները պետք է մինչև վերջ բաց, անկեղծ, թափանցիկ, տեսանելի լինեն մեր հանրությանը և ժողովրդին:
Այս համատեքստում, իհարկե, բազմաթիվ և մի շարք լեգիտիմ հարցեր են առաջանում: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ երբ մենք, այնուամենայնիվ, չենք բացառում, որ այդ թվում Հանրապետական կուսակցությունը ներկայացրած, կամ իշխանությունը ներկայացրած, նույնիսկ խմբակցությունը ներկայացրած անձինք կարող են համագործակցել մեզ հետ, շատ լեգիտիմ հարց է առաջանում՝ ո՞րն է սահմանը: Չէ՞ որ պետք է լինի սահման: Ես ուզում եմ ընդգծել երկու կարևորագույն գործոն՝
Առաջինը՝ կոռուպցիայի մեջ ներգրավված լինել-չլինելը, ընդ որում ոչ թե որպես քաղաքական դեկլարացիա, այլ որպես կոնկրետ գործ, կոնկրետ փաստ, կոնկրետ մեղադրանք: Ինչո՞ւ եմ այսպես ասում, որովհետև այսօր ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի յուրաքանչյուր գործ՝ սկսած գործող պաշտոնյաներից, շարունակած նախկին պաշտոնյաներով, այսպես ասած, նոր սերնդի պաշտոնյաներով, ովքեր հեղափոխությունից հետո են պաշտոնյա դարձել կամ հեղափոխությունից առաջ պաշտոնյա դարձած կամ եղած անձանցով, որևէ խոչընդոտ չկա, որ որևէ գործ մանրամասն և մինչև վերջ քննվի: Որոշ տեխնիկական խոչընդոտներ կան, որոնց ես հիմա քիչ հետո իմ ելույթում կանդրադառնամ:
Այսինքն՝ ես այս ամբիոնից հայտարարել եմ որպես վարչապետի թեկնածու կամ հետագայում նաև վարչապետ, եթե մի գործ առնչվի նույնիսկ ինձ և իմ ընտանիքի անդամներին, ես իմ քաղաքական գործունեությունը, անցած ճանապարհն անիմաստ կհամարեմ, եթե որևէ քաղաքական խոչընդոտ լինի քննության և ճշմարտության ամբողջական բացահայտման ճանապարհին: Ուրեմն՝
առաջինը՝ կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած և կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն,
երկրորդը՝ արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ,
երրորդը՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները:
Ընդ որում՝ այս սկզբունքները վերաբերում են ոչ միայն նախկինին: Ինչո՞ւ ենք մենք անընդհատ կենտրոնանում նախկինի վրա: Իսկ ո՞վ է ասում, որ նրանք, ովքեր նոր են միայն պաշտոն ստանձնում, հրեշտակներ են: Ես այս ընթացքում անտանելի հիասթափություններ և սթրեսներ եմ ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր մի քանի ամսվա մեջ, մի քանի շաբաթվա մեջ քանդուքարափ են եղել: Եվ ես չեմ կարող այս մասին չասել, որովհետև դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ, անազնիվ կլինի առաջին հերթին ինքներս մեր առաջ: Այս կտրվածքով ինձ համար բացարձակապես տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Մեզ համար տարբերություն չկա, նույնիսկ եթե խոսքը լինի իմ մասին, որովհետև սկզբունքը և ճշմարտությունն ամենակարևորն են: Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, եթե մի միլիմետր շեղվեցինք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելուց, ուրեմն մեր ամբողջ կյանքը, գործունեությունը և այս ամեն ինչն անիմաստ են: Մենք իրավունք չունենք որևէ ընկերական, ազգակցական, ընտանեկան կապ ավելի բարձր գնահատել, քան այն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանություն պետության, հայրենիքի, ժողովրդի նկատմամբ:
Ես ուզում եմ ասել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տարբեր առիթով մեզ քննադատում են՝ ձեր յուրաքանչյուր քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, վերլուծվում է, հետևություններ են արվում, բայց նույնիսկ այդ պարագայում մենք, քավ լիցի, չենք մտածում, որ պետք է լինենք այնպիսի կառավարություն, որին ընդհանրապես չքննադատեք, որովհետև դա բնական պրոցես է: Ընդհանրապես շատ է խոսվում այն մասին՝ ով փորձ ունի, ով փորձ չունի. մեզ քննադատում են և′ անփորձներին նշանակելու մեջ, և′ փորձվածներին նշանակելու մեջ, որովհետև ամեն քայլ, իհարկե, արժանի է քննադատության, և լավ է, որ քննադատում են:
Բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասել. այն, ինչ մենք հիմա անում ենք, և այն, ինչ արել ենք, դրա փորձը ոչ ոք չունի, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, աշխարհի ոչ մի երկրում նախկինում երբեք տեղի չի ունեցել: Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, այդպիսի փորձ չկա, որ մենք իմանանք, բանաձևեր չկան: Այսօր աշխարհում գոյություն ունեցող բոլոր համակարգերի ձևավորման համար կան գիտահետազոտական, մանրամասն նկարագրված գրքեր, տեսություններ և այլն: Այն, ինչ մենք արել ենք, դուրս է եղել բոլոր տեսություններից, և այդ թվում, խոստովանենք, մեր ընկալումներից, և այն, ինչ մենք հիմա անում ենք, դուրս է բոլոր ընկալումներից, բոլոր ստանդարտներից, և սա է մեր հիմնական առաքելությունը: Սա է, որ Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովրդին առանձնահատուկ է դարձնում երկիր մոլորակի վրա: Այնպես որ որևէ մեկը չմտածի, թե ինքն ունի բավարար փորձ այն երկիրը, այն նոր Հայաստանը, որ մենք պետք է ստեղծենք, ստեղծելու, որովհետև այդ նոր Հայաստանը երբեք չի եղել: Չի եղել նաև նոր Շոտլանդիայի կամ նոր Նորվեգիայի կամ Դանիայի կամ Բրիտանիայի տեսքով: Այն, ինչ մենք ուզում ենք անել, այն, ինչ մենք արդեն արել ենք, եզակի է, ունիկալ, և աշխարհում սրա փորձը չկա: Որևէ մեկը չի կարող մեզ ասել, որ հաջորդ քայլը սա է, ճանապարհային քարտեզը սա է: Սա մի գործընթաց է, որի միջով մենք պետք է անցնենք: Մենք առաջամարտիկ ենք այս իմաստով, և չպետք է վախենանք առաջամարտիկ լինել, որովհետև դա բարձրացնում է մեր ժողովրդի և մեր պետության հեղինակությունն ամբողջ աշխարհում:
Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, ձեր բոլոր մեսիջներն ընկալված են, ձեր բոլոր քննադատություններն ընդունված են, և այո, ես ողջունում եմ քաղաքացիական հասարակության այն ներկայացուցիչներին, այն լրատվամիջոցներին, ովքեր խոշորացույցի տակ են առնում բոլոր պաշտոնյաների կյանքը, կենսագրությունը, ունեցվածքը, եկամուտները: Մենք երբեք ճշմարտությունից չենք վախենալու, մենք միշտ համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության, անկախ նրանից՝ այդ ճշմարտությունը մեզ համար դրական կլինի, թե բացասական: Բայց, մյուս կողմից, ես հույս ունեմ՝ որևէ մեկը չի ուզում Հայաստանում տեսնել անողնաշար, անդեմ անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող և նոկաուտի ենթարկվող կառավարություն: Ես հույս ունեմ՝ ոչ ոք չի ուզում այդպիսի կառավարություն ունենալ, որովհետև աշխարհում կան լավ, վատ, արդյունավետ, անարդյունավետ կառավարություններ, բայց յուրաքանչյուր պետության համար ամենամեծ աղետը թույլ կառավարությունն է: Ցանկացած երկրի համար ամենամեծ աղետը թույլ ղեկավարն է, թույլ իշխանությունը: Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ: Մեր իշխանությունը լինելու է սկզբունքային, այնտեղ, որտեղ պիտի հարվածի, հարվածելու է, այնտեղ, որտեղ պիտի հարվածներ ստանա, ստանալու է և ամուր կանգնելու է իր ոտքերի վրա և մի միլիմետր չի շեղվելու ճշմարտությունից, ծառայությունից, առաքելությունից:
Ես ուզում եմ ևս մեկ անգամ ասել. այո′, կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք մեր ամենակարևոր առաքելություններից մեկը: Որևէ մեկը չկասկածի, որ մարտի 1-ի գործը մինչև վերջ, մինչև վերջին անկյունները բացահայտվելու է, և ես բոլորիս ուղղակի կոչ եմ անում ուղղակի հոգեբանորեն պատրաստ լինել բացահայտումների ողջ ծավալին, որովհետև հեշտ չի լինելու իմանալ այն ամենը, ինչ ես, համոզված եմ, առաջիկայում կիմանաք: Եվ ոչ միայն այս գործով:
Այսօր շատ լեգիտիմ հարց են տալիս. ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, այսինքն՝ տպավորություն է, որ այդ գործընթացն ինչ-որ ձևով կանգնել է կամ տեղապտույտի մեջ է հայտնվել: Այո, դա ճիշտ է, և դա ունի կոնկրետ պատճառներ.
1. Այսօր Հայաստանում բոլոր քննչական մարմինների և բոլոր քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է, այսինքն՝ քննիչներ կան, որ իրենց վարույթում միանգամից 20, 30 և ավելի գործ են քննում: Քննչական մարմինների քրեական գործերի ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է:
2. Հաջորդը՝ դատարանները եթե ոչ համատարած, ապա առնվազն շատ հաճախ կիրառում են գրավ և մարդկանց կալանքից ազատ են արձակում: Իմիջիայլոց ասեմ, ուզում եմ շատ պարզ լինել, որովհետև այդպիսի մեկնաբանություններ էլ կան, որ դուք մի կողմից բռնում եք, հետո այնտեղ պայմանավորվում եք, հետո բաց եք թողնում: Սա շատ կարևոր հարց է և շատ ծանր մեղադրանք: Ես ուզում եմ ազնվորեն ասել, չնայած գիտեմ, որ շատերը դա թուլություն կհամարեն. ես որևէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին՝ ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ որովհետև ես պարտավորվել եմ հանրության առաջ: Եվ այո, դատարանները գործում են՝ այստեղ կա լավ լուր և կա վատ լուր: Լավ լուրը հետևյալն է, որ մենք այսօր մեր քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության, կալանքի կիրառման պրակտիկայի առումով գտնվում ենք աննախադեպ ցածր մակարդակի վրա: Այսինքն՝ այն խնդիրը, որ մենք 20 տարի ուզում ենք լուծել, ասում էինք քրեակատարողական հիմնարկներում հերթով են քնում, 6 հոգով են քնում և այլն…Իմիջիայլոց չմտածեք, որ դա պատահական է այդպես արվել: Ո′չ, դա շատ հատուկ է արվել, որովհետև ես որպես քրեակատարողական հիմնարկներում երկար, բավարար ժամանակ անցկացրած մարդ, ասեմ, որ դա հատուկ է արվել: Որ ասում են քրեական էլիտան Հայաստանում իշխանություն է ունեցել, դա դրա հետ է կապված. քնելու տեղ չունենալը փող է, ով ավելի շատ կմուծվի՝ քնելու տեղ կունենա, այդ քնելու տեղ ունենալը այսպես ասած «լավ տղու բազար» է: Քրեակատարողական հիմնարկները Հայաստանի Հանրապետությունում եղել են ամենախոշոր բիզնեսը կամ ամենախոշոր բիզնեսներից մեկը: Եվ դրա իմաստը եղել է շատ պարզ. մարդը, դատապարտյալը քրեակատարողական հիմնարկից ներս մտավ՝ ինքը կոնվեյերի վրա էր դրվում, և այդ երևույթը հիմա էլ կա: Բայց դա էլ արմատախիլ կանենք, քրեակատարողական հիմնարկից ներս մտավ՝ ինքը դրվում է կոնվեյերի վրա և ամբողջ համակարգն աշխատում է մինչև իր դուրս գալը հնարավորինս նրանից շատ փող «քամել»՝ կլինի դա ղումարի տեսքով, կլինի դա չգիտեմ ինչի տեսքով: Մարդիկ տներ են ծախում, որ քրեակատարողական հիմնարկում իրենց պարտքերը փակեն, և ինչքան շատ կալանավոր գա, այնքան ավելի շատ մարդուց են իրենք փող հավաքում: Եվ այո, ուզում եմ ասել, որ այս մաֆիոզ կառույցի մի մասն այսօր էլ քրեակատարողական հիմնարկներում պաշտոններ է զբաղեցնում: Իսկ ինչո՞ւ մենք բոլորին չենք հանել՝ շատ պարզ պատճառով, նախ ճիշտ չէ թացը չորին խառնել, ամեն ինչը համահարթեցնել, երկրորդն էլ ՝ եթե իրենց հանենք, իսկ ո՞ւմ ենք բերելու իրենց տեղն աշխատելու 70 հազար դրամով: Այս ամեն ինչը հարցեր են, չէ՞: Ուրեմն այդ կալանքի պրակտիկան ահավոր ցածր է, երկրորդը՝ կա խնդիր, իրոք մարդկանց գրավով և այլն կալանքից ազատում են, և այս կապակցությամբ, այո, քննչական մարմինները շատ անհանգստացած են, որովհետև լավ է դա թե վատ, ի վերջո Հայաստանում քննչական մարմինները նախկինում աշխատել են այդ տրամաբանությամբ, և շատ դեպքերում իրոք օբյեկտիվ է: Եթե, օրինակ, մարդը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու մեջ և նրան կալանքից ազատ են արձակում, նա արդեն իր ամբողջ ցանցի հետ՝ վկաների հետ աշխատելու հնարավորություն է ունենում, բայց մարդիկ տեսնում են՝ բռնեցին, բաց թողեցին, ոնց որ այս թեման այնքան էլ լուրջ չէ, իրենց էլ եթե բռնեն նույնիսկ, էլի բաց են թողնելու: Այսինքն՝ սա կոնկրետ խնդիր է, որ, այո, մեր քննչական մարմիններն ունեն, բայց մյուս կողմից ես չեմ բացառում, որ կան դեպքեր, որտեղ դատարանն իրոք իր համոզմունքի, ոչ թե այլ կոռուպցիոն եղանակներով կամ ազդեցություններով է որոշում կայացնում: Այստեղ էլ թացը չորից տարանջատելու խնդիր կա, և մենք, կարծես թե, եկել ենք այն համոզման, որ առաջիկայում պետք է ուղղակի վերլուծենք գործերը և հասկանանք քանի տոկոսն է գործերի, որ իրոք մենք համաձայն ենք, որ այդ մարդը պետք է գրավով կամ որևէ ձևով ազատ արձակվի, իսկ քանի տոկոսն է, որ անթույլատրելի է և դա արվել է կոնկրետ քրեական գործին խոչընդոտելու համար: Եվ մենք պետք է գանք այստեղ համապատասխան հետևությունների, բայց ես ուզում եմ ձեզ ասել՝ միանշանակ, որ ես որևէ մեկի հետ որևէ պայմանավորվածություն, առավել ևս դատարանների վրա ազդեցություն չունեմ: Եվ ասեմ՝ չեմ էլ բացառում, որ պետական կառավարման մարմիններում կարող են լինել օղակներ, որ եթե դատական համակարգին ես հրահանգ չեմ տալիս, դա չի նշանակում, որ դատական համակարգը հրահանգներ չի փնտրում: Ես չեմ բացառում, որ այդ հրահանգները կարող են ստանալ և այսօրվա իշխանության որևէ օղակներից, ես չեմ բացառում, որ կարող են ստանալ նախորդ իշխանության որոշ օղակներից: Մի բան պարզ է՝ ինչպես նախկինում ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ ժողովրդից թալանվածը կոպեկ-կոպեկ վերադարձվելու է: Իմիջիայլոց, ուրիշ խոչընդոտներ էլ կան, օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ կա գործ, որն արդեն 100 տոկոսով ապացուցված գործ է, և արդեն երկու ամիս մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի, պաշտոնական պատասխանի ենք սպասում, որ օրը դա եղավ, լինելու է նախաձեռնություն այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ, դա կաշառքի գործ է: Բայց, դա կապված է օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ և երեք ամիս է այդ թուղթը չի գալիս: Լավ, կարելի է մի շաբաթ էլ ձգել, կարելի է մի ամիս էլ ձգել, տարբերակ չկա, այդ պատգամավորը կալանավորվելու է, դա լինելու է երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը, որն իր թելերով տանելու է ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաների հետևից: Սա ինչի՞ համար եմ ասում, ժողովուրդ պետք չէ, որ ամեն անգամ, ամեն օր ես հայտարարեմ այս ամենը, սրանք հայտարարված են մի քանի անգամ և բացառված է, որ մենք մեր սկզբունքներից մի միլիմետր անգամ շեղում տանք: Ասենք, երկու օր առաջ ձերբակալվում է հարկային տեսչության պետի տեղակալ՝ 1 մլն դրամ կաշառք վերցնելիս: Դուք բացատրեք, ով է այն մարդը, որ այսօրվա Հայաստանում կաշառք է պահանջում ու վերցնում, ով է այդ մարդը, ի՞նչ է ներկայացնում, ի՞նչ է տեղադրված նրա գանգատուփի մեջ, որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատել:
Եվ այս առումով ուզում եմ ասել հետևյալը, այո հեղափոխությունը տեղի է ունեցել, իշխանափոխություն տեղի չի ունեցել, քանի Հայաստանում պաշտոնյա կա, որ մտածում է, որ ինքը կարող է կաշառք վերցնել, նշանակում է իշխանափոխություն տեղի չի ունեցել: Հեղափոխությունը, այո հաջողվեց անել 1,5 ամսվա ընթացքում, իշխանափոխությունը շատ ավելի բարդ պրոցես է, և այդ պրոցեսն առանց նոր խորհրդարանի տեղի չի ունենալու, որովհետև այդ պաշտոնյանների մեծ մասը՝ թե՛ հարկային, թե՛ մաքսային, թե՛ ոստիկանական, բոլոր համակարգերում նշանակված են այստեղից գնացած ազդակներով:
Վերադառնալով Ընտրական օրենսգրքի թեմային՝ ի վերջո պատասխանեմ նաև այն հարցին, թե արդյոք, եթե առաջիկա խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հին Ընտրական օրենսգրքով, դրանում կոռումպացված համակարգը ռևանշի հասնելու հնարավորություն կունենա, պատասխանը միանշանակ ոչ է, որովհետև համակարգն ու դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է, և ուրեմն ժողովրդի հետ երկխոսությամբ մենք կփակենք ապօրինի ռևանշի բոլոր հնարավոր սողանքները: Ժողովրդի հաղթանակն առաջիկա խորհրդարանական ընտրություններում անխուսափելի է, նույնիսկ հին Ընտրական օրենսգրքով: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ աշխարհի բոլոր կոռումպացված համակարգերը պարտվել են իրենց իսկ գրած օրենքներով, աշխարհում չկա այնպիսի իշխանություն, որ ուրիշի գրած օրենքով է պարտվել: Բոլոր կառավարությունները, խորհրդարանական մեծամասնություններն իրենց գրած օրենքով են պարտվել: Ինչպես մեզ հաջողվեց հենց Սերժ Սարգսյանի համար գրած Սահմանադրությամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, այնպես էլ ՀՀԿ-ի համար գրված օրենքներով մենք ընտրություններում կհաղթենք Հանրապետականին՝ ապահովելով հեղափոխության վերջնական հաղթանակը և կդնենք իրական իշխանափոխության հիմքերը: Եվ չնայած կա արտահերթ նիստով Ընտրական օրենսգրքում փոփոխություններն անցկացնելու հնարավորություն, բայց ես ուզում եմ մի բան ասել՝ հարգելի Հանրապետականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում, որովհետև այդ հին Ընտրական օրենսգիրքը պահելով դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում, որովհետև մենք ինչո՞ւ ենք ուզում Ընտրական օրենսգիրքը փոխել, որպեսզի ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք: Հենց այդ ռևանշիստական մղումները պահեցիք, ընտրություններն ուզենք թե չուզենք լինելու են սև ու սպիտակի տրամաբանության մեջ, դուք զրո ձայն եք ստանալու, ձեր միակ շանսը հնարավորինս քաղաքականացնելն է, որպեսզի մենք արդեն փակված համարենք հին թեման, խոսենք ծրագրերից, բյուջեից, հարկերից, խնդիրներից, տնտեսական հեռանկարներից, որտեղ դուք բավականին մեծ տեղեկատվություն ունեք: Ի վերջո, այդ ռևանշիստական բաները թողեք, որովհետև դա ձեզ միայն վնասում է, ի վերջո համակերպվեք, որ դուք վերջ, ընդդիմություն եք, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք, դուք նույնիսկ դա չեք ուզում պահպանել: Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու, ձեր միակ շանսը փոփոխված Ընտրական օրենսգիրքն է՝ պարզ համամասնական ցուցակը, այդ լարվածությունը որքան մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատում: Դուք եք չէ՞ անընդհատ ասում՝ այս մթնոլորտը պետք է փոխել: Շարմազանովը հարցնում է՝ այդ բարիկադները մե՞նք ենք կառուցել, բա ո՞վ է կառուցել: Դուք եք կառուցել ձեր կոռուպցիայով, ձեր անընդհատ դավադրություններով, ձեր անընդհատ անադեկվատ մեկնաբանություններով, դուք եք կառուցել այդ բարիկադները: Եվ բարիկադները մի բան են, որի վրա մենք մեզ այնքան վստահ էինք զգում, որ ուզում եք կառուցեք՝ կառուցեք, մենք խնդիր չունենք, բայց մեկը չկա՞, որ ձեզ ձեր շահը բացատրի:
Ի դեպ, այլ դավադրությունների մասին, խոսքի սկզբում ասացի, որ այսօր իմ վարչապետի թեկնածու առաջադրելն ունի ֆորմալ նշանակություն: Եվ առաջադրման իմաստն առաջիկա խորհրդարանական ընտրությունների լեգիտիմության շուրջ շահարկումների որևէ հնարավորություն չթողնելն է, առաջիկա ընտրությունները կասեցնելու որևէ իրավական սողանցք բացառելը: Ուզում եմ պարզաբանել, թե ինչպես և ինչու է կայացվել այսօրվա՝ իմ առաջադրվելու որոշումը: Ինչպես գիտեք Հանրապետության նախագահը չի ստորագրել Ազգային ժողովի կանոնակարգում կատարված տխրահռչակ փոփոխությունները, որ հոկտեմբերի 2-ի ճգնաժամի պատճառ դարձավ և օրենքի սահմանադրականության հարցով նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: Հիմա ի՞նչ կապ ունի սա այս իրավիճակի հետ: Մենք ստանում ենք հավաստի տեղեկատվություն, որ այդ գործի քննարկման կոնտեքստում ինչ-որ մարդիկ կան, ակտիվ բանակցում են, որ Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվել և այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող Ազգային ժողովը լուծարելու հիմք դառնալ: Եվ այս որոշումը կարող էր շատ արագ ընդունվել և նույնիսկ կարող էր շատ ուշ ընդունվել, և ամբողջ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դնել կասկածի տակ, պրոցեսը մտցնել փակուղի: Եվ որպեսզի պարզ լինի, թե ինչ մասին է խոսքը, Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է. «վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն» և այլն, այս քվեարկությունը բառի համար է:
Իմ առաջադրվելու ամբողջ իմաստն այն է, որ այսօր ի վերջո տեղի ունենա քվեարկություն, որին դուք չմասնակցեք կամ մասնակցելուց կողմ չքվեարկեք կամ դեմ քվեարկեք, որպեսզի այս հարցը փակվի: Այս ամենն այսքան մանրամասնորեն նկարագրում եմ ոչ միայն մեր ժողովրդի, մեր գործողությունների բոլոր մոտիվացիաներն ի ցույց դնելու, այլ ի վերջո նախորդ իշխանության ներկայացուցիչներին կոչով դիմելու համար: Պարոնայք, վերջ տվեք ձեր դավադիր կեցվածքին և պահվածքին, համակերպվեք ի վերջո, որ Հայաստանում տեղի են ունեցել անշրջելի քաղաքական փոփոխություններ, որ ժողովրդի հաղթանակն այլընտրանք չունի, որ վերադարձ անցյալին չի լինելու երբեք և ոչ մի պարագայում: Մի քանի անգամ՝ օգոստոսի 17-ին, հոկտեմբերի 2-ին մենք ի ցույց են դրել ձեզ, թե ինչքան վտանգավոր եզրագծով եք քայլում, բայց ամեն անգամ, երբ հանուն մեր պետության և հայրենիքի, հանուն հեղափոխության արժեքների՝ սիրո և համերաշխության վերադարձել ենք սովորական կյանքի և առօրյայի, նույն պահից դուք սկսել եք դավադիր թելեր թելել, ինչի համար մեզ քննադատում են: Ճիշտ են ասում, նույնիսկ հոկտեմբերի 2-ին ներկա են եղել մարդիկ, տեսել, թե ինձնից ինչքան մեծ ջանքեր է պահանջվել, որ ամեն ինչը նորմալ, հանգիստ այդ օրը հանգուցալուծենք, բայց ամեն անգամ ես չեմ հասկանում, կարելի՞ է այդքան շարունակաբար քաղաքավարությունը, կոռեկտությունը մեկնաբանել որպես թուլություն: Այսինքն, որևէ մեկը դեռ կարիք ունի՞ համոզվելու ժողովրդի ուժի մեջ: Մի գնացեք այդ ճանապարհով, որովհետև չի կարելի երկիրն անընդհատ պահել նյարդային մթնոլորտում: Ժողովրդի նյարդերը պինդ են, շատ պինդ են, և այս ընթացքում ցույց են տվել, բայց ի վերջո կարող է մարդկանց նյարդերը տեղի տալ, ի՞նչ եք ուզում դուք ընդհանրապես: Դադարեցրեք այդ դավադիր կեցվածքն ու պահվածքը: Այսինքն ի՞նչ, մեզ ուզում եք հավասարակշռությունից հանե՞լ, մեզ չեք կարող՝ անկեղծ ասեմ, բայց ժողովրդին կարող եք, դա էլ անկեղծ ասեմ, ու դա հեչ լավ ճանապարհ չէ:
Ես ասացի, որ հեղափոխություն տեղի է ունեցել, իշխանափոխություն պետք է տեղի ունենա և նաև այս ամենի արդյունքում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անխուսափելի են, որպեսզի արձանագրվի քաղաքական իրավիճակը: Ես ասում էի, նկարագրում էի ցույց տալու համար, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ թե մեր կուսակցության, մեր քաղաքական թիմի, այլ Հայաստանի շահերից է բխում, որովհետև մի անգամ մենք շատ ձայն կստանանք, մյուսները քիչ կստանան, հաջորդ անգամ մյուսները շատ կստանան՝ մենք քիչ, դուք գոնե համոզվել եք չէ՞, որ մեր առաջադրած ոչ բոլոր թեկնածուներն են հաղթել, մի քանի տեղերում մենք պարտվել ենք: Դուք գոնե համոզվել եք չէ՞, ես բացառում եմ, մենք մեր ձեռքերը կկտրենք, ընտրությունների արդյունքներ չենք կեղծի: Ես ասում եմ, եթե Հայաստանում որևէ ընտրության արդյունք կեղծվի, ես անձամբ իմ ապրած կյանքը կհամարեմ անիմաստ: Այն, ինչ որ տեղի է ունենում, սա ինձ համար չէ, սա մեզ համար չէ, սա բոլորիս համար է, ցանկացած քաղաքական մարդու համար է, ով ուզում է քաղաքականությամբ զբաղվի՝ բոլորի համար է: Սա շանս է ստեղծում, որ ոչ թե պատգամավորները գնան վարչապետից դաբրո ստանան, այլ գնան ժողովրդից դաբրո ստանան, սա ի՞նչ վատ է՝ ես չեմ հասկանում: Լավ, ասենք հաղթեցինք մի ընտրություններում, մյուսում էլ պարտվելու ենք, որևէ մեկ ուրիշն է հաղթելու չէ՞: Այս փուլում մեր բոլորի շահերից է բխում, որպեսզի մենք նորմալ քաղաքական մշակույթ հաստատենք Հայաստանում: Ի՞նչի համար է հեղափոխություն տեղի ունեցել, ժողովուրդ, որովհետև անընդհատ ընտրությունների արդյունքները կեղծվել են, եթե մարդիկ իմանան, որ ընտրություններով իշխանություն և կառավարություն կարող են փոխել, հեղափոխության կարիք չի լինի, որովհետև հեղափոխության օրը, տեղը, ժամը բոլորն իմանալու են, ով որտեղ, երբ ուզեց հեղափոխություն անի, գնալու է անի, իր մի քվեով գնալու է հեղափոխություն անի: Ինչի ձեզ թվում է, թե մարդկանց հաճելի՞ է, ինձ այդպես հաճելի՞ է գնալ Ֆրանսիայի հրապարակում վրանի մեջ գիշերը քնել, դա այդպես առանձնահատուկ հաճելի՞ է, հա՞, կամ ԱԺ պատգամավոր լինելով սարեր-չոլերում ենթադրենք դողալով, մրսելով, չգիտեմ և այլն, և այլն: Հաճելի չի, բոլորն ուզում են այդ շանսը պահել, ընտրական տեղամասում անել հեղափոխություն, իշխանափոխություն, և մենք հանուն այդ շանսի ենք պայքարում: Ես էլի եմ ասում և դրա մեջ չափազանցություն չկա, որ պահին որոշի ժողովուրդը, որ ես պետք չէ, որ լինեմ վարչապետ, ես 15 րոպե չեմ մնա, վաղը որոշի, ես վաղվանից էլ չեմ լինի:
Այս առումով իշխանափոխության, հեղափոխության տրամաբանությունը հիմա տեսնում եք, անընդհատ տարբեր գյուղերում դրսևորումներ են լինում՝ գյուղապետի հրաժարական են պահանջում և այլն: Սա էլ է կոնկրետ խնդիր, ճանապարհ են փակում: Ես կարծում եմ, որ այս տրամաբանության մեջ երկու մեթոդ պետք է լինի. նախ այն համայնքների ղեկավարները, որոնք գտնում են, որ իրենք ունեն ժողովրդի վստահությունը և որևէ կասկած կա դրա հետ կապված, պետք է իրենք հրաժարական տան, ասեն արտահերթ ընտրություններ ենք նշանակում, որպեսզի ես համոզվեմ, որ ժողովուրդն ինձ է ձայն տալու: Այդ պայմաններում մենք երաշխավորում ենք՝ ոչ մի քվե չի կորելու: Իսկ երկրորդը՝ նրանք, ովքեր պահանջում են հրաժարական, թեկուզ համայնքի ղեկավարը հրաժարական չի տալիս, դրա համար պետք է աշխատել մեթոդաբանորեն, թող գնան իրենց համայնքի ընտրողների կեսից ավելիի ստորագրությունը հավաքեն, ուղարկեն կառավարություն, թե չէ այդպես չի լինի, որ հինգ հոգով կանգնեն ասեն՝ մենք պահանջում ենք հրաժարականը: Մենք որ հինգ հոգով մնայինք հրապարակում, Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ր, կամ տաս հազար հոգով լինեինք: Գնացեք ստացեք ձեր քվեն և ասեք՝ տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք: Ի՞նչ կարիք կա այդպես կառչած մնալ աթոռներից: Այնպես որ ես կոչ եմ անում և՛ գործող գյուղապետերին, և՛ քաղաքապետերին, և նրանց, ովքեր պայքարում են նրանց դեմ: Չի կարելի, այդ նյարդային մթնոլորտից պետք է դուրս գալ, անընդհատ նույն ցիկլի մեջ մնալ: Ես, օրինակ, այս հինգ ամիսների ընթացքում մի բանում համոզվել եմ և կարող եմ դա շատ հստակ խոստովանել՝ անիմաստ գործ է առանց ժողովրդի վստահությունն ունենալու լինել իշխանություն, ուղղակի անիմաստ գործ է, ժամավաճառություն, չի ստացվի ոչ մի բան, որովհետև հենց այդ ինստիտուտի իմաստն է դա, նույնը գյուղապետի և քաղաքապետի: Այսինքն նրանք. ովքեր գործող պաշտոնյա են և խնդիր կա համայնքում, իրենք պետք է նախաձեռնեն արտահերթ ընտրություններ, լավ, չեն նախաձեռնում՝ իրենց դեմ գործողները պետք է գնան ինստիտուցիոնալ ճանապարհով, ոչ թե չորս հոգով համայնքապետարանի դուռը փակեն, ասեն ներս մի մտեք: Այո՛, քաղաքական ակցիաներ արեք, ձեր դիրքորոշումներն արտահայտեք, բայց առանց ուրիշների իրավունքները խախտելու: Ես ասում եմ, երբ մի ճանապարհ եմ փակել, հազար անգամ ներողություն եմ խնդրել այդ ճանապարհով անցնել չկարողացող մարդկանց, այնքան ներողություն եմ խնդրել, որ ասել են լավ, փակի: Այսքան ժամանակ ես չեմ տեսել, որ ճանապարհ փակող մեր հայրենակիցները որևէ մեկից ներողություն խնդրեն: Մարդիկ գնում են, միջպետական ճանապարհ է փակվում, տեղից տեղ են գնում, մեկ էլ պարզվում է՝ չորս ժամ չեն կարող գնալ: Չի կարելի այդպես: Ես ձեզ կոչ եմ անում և հույս ունեմ, որ այս կոչին կհետևեք, որովհետև իշխանությունը նաև ունի այդ ենթակառուցվածքների աշխատանքն ապահովելու պարտականություն:
Անկեղծ ասած, ուզում էի անդրադառնալ ընթացիկ տնտեսական վիճակին և այն պրոցեսներին, որոնք կատարվում են տնտեսության մեջ և տնտեսական ցուցանիշներին, հարկային օրենսգրքին, արտաքին քաղաքական հարցերին և Լեռնային Ղարաբաղի հարցին, չնայած վերջինիս հետ կապված այն, ինչ ուզում էի ասել, ընդհանուր առմամբ չորս օր առաջ Լիբանանի մեր հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ ասել եմ և դրա տեսագրությունները կան: Ուզում եմ կոչ անել, երեկվանից լարվածություն է և խառնաշփոթ է՝ մի մասն անհանգստանում է, որ այսօր ինձ վարչապետ չեն ընտրի, մի մասն անհանգստանում է, որ ինձ վարչապետ կընտրեն, ես ուղղակի իսկապես կոչ եմ անում, որ մենք մեր գործողություններով գնանք ուրիշ ճանապարհով, այս մթնոլորտը, հին էջը պետք է իսկապես փակել և նոր էջ բացել: Երևանի ավագանու ընտրություններից հետո այլ պնդումներ կային, բայց տեսաք Կապանի օրինակը, որտեղ մի քվեաթերթիկի որևէ մեկը չի կպել և չի կարող կպնել, քանի ես Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ: Երկրում նույնիսկ մի քվեաթերթիկով որևէ ընտրությունների արդյունք չի կեղծվելու՝ անկախ նրանից, թե այդ ընտրությունների արդյունքներն ինչ է նշանակում մեզ համար, կառավարության համար, իշխանության համար: Այնպես որ ձեզ կոչ եմ անում քվեարկությանը չմասնակցել կամ դեմ, կամ ձեռնպահ քվեարկել և որևէ կերպ կողմ չքվեարկել այսօր ինձ վարչապետ ընտրելու համար: Շնորհակալ եմ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ