Հոկտեմբերի 25-ին Երեւան կժամանի ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նրա փոխանցմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյան հանդիպելու է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի հետ:
«Սա ամերիկյան ամենաբարձր մակարդակի եւ խոշոր պատվիրակության այցն է ՀՀ՝ վերջին տասնամյակներում»,-ընդգծեց Աննա Նաղդալյանը: Նա չմանրամասնեց, թե Բոլթոնի հետ հանդիպումների ընթացքում ինչ հարցեր են շոշափվելու:
Հաջորդիվ նա տեղեկացրեց, որ եկող շաբաթ սպասվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցը Հայաստան: Ենթադրվում է, որ համանախագահները տարածաշրջանային այցի ընթացքում կլինեն նաեւ Բաքվում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ