Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր». Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբեր 24,2018 14:29

«Գործարարի ինչի՞ն է պետք լինել ԱԺ պատգամավոր, մեկը կարա՞ ինձ բացատրի: Մենք երաշխավորում ենք, որ բոլոր գործարարները կունենան նույն հնարավորությունները, պատգամավորի կարգավիճակը որեւէ մեկին ոչ բան կավելացնի, ոչ էլ կպակասեցնի»,- խորհրդարանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին: Այն վերաբերում էր վարչապետի տեսլականներին`Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի մասով եւ թռիչքաձեւ զարգացումներ ապահովելու հնարավորություններին:

«Տնտեսության զարգացման մոդելը ո՞րն է: Մոդելը հնարավորություններն են: Թռիչք հնարավոր է, եթե շատ թվով մարդիկ տեսնեն, որ երկրում հնարավորություններ են ստեղծված: Խորհրդային միության ժամանակները չեն, սրանք այլ ժամանակներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` գործարար լինելը համեմատելով գրող կամ մեկ այլ ստեղծագործական աշխատանք կատարելու հետ: Նա պատկերավոր համեմատություն էլ արեց` նույն գումարը, նույն պայմանները երկու հոգու տանք`մեկը կզարգանա, մյուսը`կսնանկանա: Պետության խնդիրը հավասար պայմանների ստեղծումն է:

Այս համատեքստում, արձագանքելով նաեւ Սերգեյ Բագրատյանի այն դիտարկումներին, որ մենաշնորհ ունեցող բոլոր ընկերությունները նախորդ իշխանության օրոք, պաշտպանվել են հարկային եւ մաքսային օրենսգրքերով, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարկային օրենսգրքերում կատարվելիք փոփոխություններին՝ վերահաստատելով` անհրաժեշտ է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, որպեսզի նոր խորհրդարանում իրենք կարողանան պատշաճ ներկայացնել եւ իրականացնել իրենց ծրագրերը։

«Հարկային օրենսգիրքը մեր օրակարգում է, մենք անընդհատ ուզում ենք դրա շուրջ հանրային քննարկումներ սկսել, բայց մի օր լինում է հոկտեմբերի 2, մի օր քաղաքական ուրիշ դավադրության մասին ուրիշ ինֆորմացիա է լինում։ Մենք չունենք հնարավորություն. քաղաքական կուլմինացիան անընդհատ այնտեղ է, որ մարդկանց այլ գործնական հարցեր են հետաքրքրում, մարդկանց հետաքրքրում է՝ հեղափոխությո՞ւն է, թե՞ հակահեղափոխություն։ Այս առումով ես կարեւորում եմ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որովհետեւ կան ռեֆորմների պատրաստ փաթեթներ, որը մեր կառավարությունը պետք է իրականացնի: Մենք ուզում ենք հարկային օրենսգրքի համար մանդատ ստանալ ժողովրդից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ ՀՀԿ-ն այս համատեքստում է, որ իր շահերից բխող քայլեր չի անում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031