Լրահոս
Օրվա լրահոսը

«5 ամիս է՝ ձեր հարեւանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը ՀՀ-ից դուրս է». Զուրաբյանի բողոքը՝ Փաշինյանին

Հոկտեմբեր 24,2018 14:17

«Տեղի է ունեցել հեղափոխություն, որի համար պայքարել ենք շատ երկար տարիներ: 5 ամիս է՝ ձեր հարեւանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը Հայաստանից դուրս է, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում է: Սրանք շատ ցավոտ խնդիրներ են, իրավական լուծումը բարդ է գտնելը, բայց անհնարին բան չկա»,- այսպես այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ԱԺ-ում հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:

Նա հորդորեց լուծումներ գտնել, որ արդարացվեն այն մարդիկ, որոնք հանիրավի, քաղաքական դրդապատճառներով հետապնդվել են իշխանությունների կողմից՝ քաղաքական շղարշի տակ:

Փաշինյանը պատասխանեց. «Ես 5 ամիս է` խնդրում եմ Շանթին, որ ինքը բանտից դուրս գա: Վերջին անգամ ինձ բերել են գրություն, որ ինքը համաձայն չէ դուրս գալ ոչ պայմանական վաղաժամկետով, ոչ համաներումով, ոչ ռեժիմը փոխելով, ոչ բաց կալանքով: Դուրս չեմ գալիս: Այսինքն, Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն՝ դիմակավորված «սպեցնազը» մտնի, իրեն բանտից հանի դուրս եւ դռները փակի, որ ինքը ներս չմտնի: Արդարացի պահանջ է ինքը ներկայացնում, ասում է՝ թող ինձ արդարացնեն: Իսկ ո՞վ պետք է արդարացնի, դատարանը, չէ՞, ի՞նչն է խանգարում, որ իր փաստաբանները մինչեւ այսօր համապատասխան հայցով դատարան չեն դիմել: Ասում ենք՝ դատարան դիմեք, ինձ ասում են, որ դիմենք հիմա, դատարանը կարդարացնի՞, թե՞ չէ: Այստեղ հարց է՝ ես զանգե՞մ դատարանին ասեմ՝ արդարացրու: Եթե ես հիմա սկսեմ զանգեմ ասեմ՝ արդարացրու, վաղը անխուսափելիորեն զանգելու եմ ասեմ՝ կալանավորի, կամ մի կալանավորի: Մենք ուզո՞ւմ ենք այս ճանապարհով գնալ, թե՞ չենք ուզում: Ես գիտեմ, որ լիքը մարդ կա այսօր ասում են՝ էդ ո՞նց ա, անարդարություն գործելու համար զանգում ասում էին, արդարություն գործելու համար չե՞ս զանգում ասես: Էն որ ասում ա՝ ո՞նց դառար այդպիսին, ասում ա՝ հարցուփորձ անելով: Հիմա սկսում ես լավ նպատակներով զանգել, հարցուփորձը շարունակվում է, հետո տեսնում ես՝ ոչ մի դատավոր առանց զանգի որոշում չի կայացնում»:

Փաշինյանն ասաց, որ առաջին օրից, ինչ մտել է վարչապետի իր աշխատասենյակ, ստացել է այդ ուղերձները, որ դատավորները սպասում են. «Ես չեմ ասելու»:

Արարատ Զուրաբյանն արձագանքեց, որ երբ ինքը, Փաշինյանը բանտում էին, գիտեին, որ եթե ներման դիմում գրեին՝ կազատվեին, բայց չեն արել դա, որովհետեւ վստահ են եղել, որ քաղաքական դրդապատճառներով է եղել: Ըստ Զուրաբյանի, չի կարող մի լուծում չլինել այդտեղ, գուցե օրենսդրական փոփոխությունների խնդիր կա. «Մարդը ասում է՝ ես արդար եմ, հեղափոխություն անելիս եմ եղել, չի հաջողվել ու ես միայն արդարացմամբ կարող եմ դուրս գալ»:

Փաշինյանը պատասխանեց, որ այդ խնդիրները լուծելու ճանապարհը անցումային արդարադատությունն է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031