Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի կոչը. «Պարտաճանաչ վճարեք հարկերը»

Հոկտեմբեր 24,2018 14:06

«Մեր օրակարգում աշխատանքը խրախուսող հարկային քաղաքականություն վարելն է»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հարցին`ի՞նչ հարկային քաղաքականություն է վարելու կառավարությունը: Հարկային օրենսդրության փոփոխությունների քննարկումների ժամանակ վարչապետն ասել է`եթե ցանկանում ենք այնպես անել, որ 80 հազար դրամ աշխատավարձը դադարի փոքր աշխատավարձ լինելուց եւ համարվի մեծ աշխատավարձ, այդ խնդիրը որեւէ կերպ չենք կարող լուծել: Անգամ, եթե 100 հազար դրամը ազատվի հարկերից, այն չի կարող համարվել բարձր աշխատավարձ: «Հետեւաբար, մեր հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խրախուսի բարձր աշխատավարձը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը` հավելելով, որ մարդկանց աշխատավարձերը հազար դրամով բարձրացնելով, նրանք չեն կարող գոհ ու երջանիկ լինել, քանզի դա ոչ ոքի ոչինչ չի տալիս: Կառավարության խնդիրը լինելու է իրական աշխատավարձերի բարձրացումը, հնարավորություններ ստեղծելը, որ մարդկանց գործարար հմտություններն իրացնելու իրական հնարավորություն ստանան, ոչ թե նախարարություններում կառչած մնան 80 հազար դրամ աշխատավարձից` իրենք եւ կառավարման համակարգը մնան կաթվածահար վիճակում:

Լենա Նազարյանը մի դեպք պատմեց. փոքր բիզնեսի ներկայացուցիչ իրեն պատմել է, հարկային տեսուչի պատմածը`«վերեւները» իրենցից ոչինչ չեն պահանջում: Պատգամավորն ասում է`սա տեղի է ունեցել առանց օրենսդրության փոփոխության, բայց օրենսդրությունը պետք է խթանի փոքր եւ միջին բիզնեսի զարգացումը:

Վարչապետի պաշտոնակատարը արձագանքեց. «Հարկային տեսչության բարձրաստիճան պաշտոնյա կաշառք ստանալու պահին ձերբակալվել է: Սա խայտառակություն է: Եվ կա նաեւ ուրիշ բան. ձեռնարկությունը ՀԴՄ չի խփում, հարկայինը մտնում եւ ասում է`խնդրում ենք այդպիսի բան մի արեք, այս նոր իրավիճակում դա անընդունելի է: Երկրորդ անգամ է զգուշացնում, էլի մարդը շարունակում է: 7-15 օրվա ընթացքում, երրորդ անգամ գնում են, բռնում են`տուգանում եւ այդ մարդը դուրս է գալիս, ցույց է անում, ինչ ա թե իրա ընկերոջ ընկերոջ ընկերը կառավարությունում ինչ-որ պաշտոն է զբաղեցնում: Սա անընդունելի է. եթե մենք պիտի շարունակենք հարկեր թաքցնել, հետո ասել`բա բանակը, բա աշխատավարձերը, բա թոշակները, բա արտաքին քաղաքականությունը…էդպես չի լինում: Հեղափոխությունը պետք է իջնի էդ մակարդակի: Բյուջեն մեր ընտանիքի էն տեղն ա, դարակն ա, որտեղ մեր փողերը պահում ենք: Բա ոնց ենք ուզում, ուզում ենք հարկեր չվճարե՞նք: Է, յուրաքանչյուրն էլ հարկեր չվճարելու պատճառ ունի. փողը երբեք շատ չի լինում, բոլորն էլ կուզենան մի քիչ ավելի գումար աշխատեն: Բայց այդպես չի լինի: Ում հարկայինը տուգանի`վեր կենա ցույց անի: Էդ ցույց անելը մթնոլորտ է ստեղծում կաշառակերության վերականգնման համար, որովհետեւ տեսնում են ցույց ա անում, ասում են`էս մարդը ոնցոր հարկ չի ուզում վճարի. Չես ուզո՞ւմ, ախպեր ջան, արի էն տակի մնացածն էլ կիսվենք: Ես բոլորի կոչ եմ անում`պարտաճանաչ վճարել հարկերը, հակառակ դեպքում մենք տեղապտույտից դուրս չենք գա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031