Հայաստանցի լողորդ Արթուր Բարսեղյանը Բուենոս Այրեսում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցեց երեք լողաձեւում ու բոլորում էլ ոչ միայն Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ սահմանեց, այլեւ 50 մետր ազատ ոճում մտավ եզրափակիչ:
Սա Անկախ Հայաստանի լողի պատմության մեջ նախադեպը չունեցող երեւույթ է:
Արթուր Բարսեղյանի մարզիչ Արմինե Ավետիսյանը Aravot.am-ի խնդրանքով գնահատեց իր սանի մրցելույթներն Արգենտինայում եւ պատմեց, թե ինչպես են հասել այդ հաջողությանը:
«Անկախացումից հետո մեր լողորդները օլիմպիական խաղերում, թեկուզ՝ պատանեկան, երբեք այսպիսի մարզական ցուցանիշ չէին ունեցել, անգամ կիսաեզրափակիչ չէին մտել: Այս առումով, Արթուրի արդյունքը շատ բարձր է: Նախնական հաշվարկով ասեմ՝ 50 մետր ազատ ոճի կիսաեզրափակչում նրա ցույց տված 22,69 արդյունքը 0,02-ով է պակաս օլիմպիական խաղերի վարկանիշային արդյունքից: Իսկ եզրափակչում նա եզրագիծը ութերորդը հատեց, որովհետեւ շատ էր ուրախացած, ինչը ավելի շատ խանգարեց: Մենք մեկնելուց առաջ խնդիր դրել էինք գոնե կիսաեզրափակիչ մտնելը: Մի բան էլ ասեմ. Արթուրը տարիքով մեկ-երկու տարով փոքր էր մրցակիցներից, ինչը շատ բան է նշանակում սպորտում: Իսկ պատանեկան օլիմպիական խաղերում հանդես էին գալիս լողի գերտերություն համարվող երկրների շատ ուժեղ մարզիկներ, որոնք արդեն իսկ երիտասարդական եւ ազգային հավաքականների անդամներ են եւ որոնցից շատերին ամենայն հավանականությամբ կտեսնենք Տոկիոյի օլիմպիական խաղերում»:
Հարցին, թե ինչպե՞ս հաջողվեց այսպիսի արդյունքներ գրանցել, մարզիչը պատասխանեց. «Մենք նախապատրաստական լիարժեք փուլ ենք անցել: Դա թիմային աշխատանքի արդյունք է: Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը վերջին երկու տարում մեծ ծրագրեր է իրականացնում լողը Հայաստանում զարգացնելու համար: Նրա ջանքերով Արթուրը եւ մեր մյուս առաջատար լողորդները ավելի հաճախ են մասնակցում միջազգային հեղինակավոր մրցաշարերի, ինչը աճելու եւ մրցափորձ ձեռք բերելու հիանալի միջոց է: Մենք «Գրանդ Սպորտի» 50 մետրանոց լողավազանում օրական երկու անգամ մարզվելու հնարավորություն ունենք: Արթուրի այս հաջողության մեջ իր անուրանալի ներդրումն ունի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միսաք Գաբրիելյանը, որը նրա հետ ամեն օր նաեւ անհատական մարզումներ է անցկացնում: Սակայն հաջողությունը գուցե այսքան չլիներ, եթե մեզ մշտական աջակցություն ցույց չտային ՀԱՕԿ-ն ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչի համար շնորհակալ ենք»:
Հաջողությունն առկա է, արդյունքը՝ գոհացնող: Ի՞նչ պետք է արվի այն զարգացնելու համար: «Պետք է ամեն բան անենք Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար: Դեռ մեկուկես տարի ունենք: Մոտ ժամանակներս Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանի մոտ կհավաքվենք, կկազմենք հեռանկարային աշխատանքային պլան: Արթուրը պիտի ավելի շատ մրցումների մասնակցի, հատկապես՝ վարկանիշային, որպեսզի կարողանա անհրաժեշտ միավորներ հավաքել եւ օլիմպիական ուղեգիր նվաճել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ