ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարություններից մեկին, թե Արցախյան հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում Ադրբեջանի տարածքների «օկուպացիայի» դադարեցումն է եւ ԼՂ-ին Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակ շնորհելը: «Կարիք չկա մեկնաբանել նման հայտարարությունները, քանի որ ՀՀ-ն բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: ՀՀ-ի համար առաջնահերթություն է ԼՂՀ-ի կարգավիճակն ու անվտանգությունը: Վերջինս կենսական նշանակություն ունի արցախահայության համար, որը տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից ենթարկվել է բռնությունների»,-նախ նշեց Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ ԼՂՀ բնակչությունն այլեւս չպետք է ենթարկվի նման ոճրագործությունների. «Բանակցային գործընթացում ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարեւոր է: Նա պետք է որոշիչ ձայն ունենա այդ գործընթացում»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից մեկին, թե օպերատիվ կապ է հաստատվել ՀՀ-ի եւ Ադրբեջանի ղեկավարության միջեւ, Աննա Նաղդալյանը նշեց. «Այո, հաստատվել է, դա պետք է դիտարկել հետեւյալ տեսանկյունից՝ այն ուղղված է խաղաղության մթնոլորտի հաստատմանը, ամրապնդմանը: Այդ կապը չի հաստատվել հանրության առաջ հայտարարություն անելու համար, դա իսկապես գործող կապ է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ