«ՀԱՊԿ համապատասխան մարմինների հետ խորհրդակցությունները դեռ շարունակվում են՝ լուծումներ գտնելու եւ կանոնակարգերը հասկանալու շուրջ: Արդյունքները հայտնի կդառնան առաջիկայում, երբ դրանք կներկայացվեն ՀԱՊԿ խորհրդի հաստատմանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ռուսական մամուլում առկա տեղեկություններին, թե ՀՀ-ն մտադիր է ՀԱՊԿ-ում իր նախագահության իրավունքը ժամկետից շուտ փոխանցել Բելառուսին (նախագահելու է հաջորդ տարվանից), ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք՝ վերջերս ՀՀ-ն ձեռնարկեց ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինման գործընթացը, քանի որ նրան մեղադրանք է առաջադրվել «Մարտի մեկի» հայտնի քրեական գործի շրջանակում՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար (ընթանում է նախաքննություն):
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ հերթական խորհրդարանական վեհաժողովի՝ Երեւանից Մոսկվա տեղափոխելու որոշմանը, Աննա Նաղդալյանը նշեց, որ դա բացառապես տեխնիկական որոշում էր՝ պայմանավորված ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներով. «Որեւէ այլ պատճառ չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ