Այսօր ԱԺ-ում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հիշեցրեց, որ մայիսի 1-ին ասել էր մենաշնորհները պետք է քանդվեն ու հատուկ գործիքներ է պետք կիրառել. «Տեսեք, հիմա բենզինի ու դիզվառելիքի ներկրման խնդիր չկա, նոր ներկրողներ չկան, նույն ներկրողներն են, խնդիրն այն է, որ եթե ներկրեն էլ, ցանցերը հիմնականում այդ երեքինն են»:
Մելքումյանն ասաց, որ պետք է խտրականություն չլինի ու թույլ տան, որ այդ ցանցերը գործարկեն նաեւ ուրիշները: Փաշինյանը պատասխանեց. «Բենզինի ոլորտում ոչ միայն ստանդարտներ են սահմանված, այլեւ ենթաստանդարտներ են սահմանված, քիչ է մնում անուն-ազգանուն գրեն, որ այսինչ մարդը պետք է բերի»: Փաշինյանն ասաց, որ պետք է 7 չափեն, մեկ կտրեն, որ հոնքը սարքելու տեղը աչքն էլ չհանեն, հետք էլ բնությունը չաղտոտեն, այս անգամ էլ բնապահպանները կասեն՝ չէի՞ք կարողանում մի ամիս սպասել:
Փաշինյանն ասաց, որ այսօր ՀՀ-ում կան բազմաթիվ չգործող բենզալցակայաններ, «ՄԻԿԱ»-ի բենզալցակայանները, նրանց նկատմամբ հետաքրքրություն կա ու չի բացառվում, որ առաջիկայում շուկայում նոր խաղացող հայտնվի. «Այս ոլորտում ուրիշ պրոբլեմներ էլ ունենք: Մարդը գնում է բենզալցակայան, ցույց է տալիս, որ լցվել է 10 լիտր բենզին, իրականում տասը լի՞տր է լցվել, իհարկե՝ ոչ: 10 լիտրը պետք է լինի 10 լիտր, դա էլ է գնագոյացում: Ե՛վ մենաշնորհների դեմ պայքարում, եւ՛ ամեն ինչում մենք կարեւոր քայլ ենք անում՝ սեփականության վերաբաշխում պետք է տեղի չունենա: Որեւէ մեկը չի կարող ասել, որ իր ձեռքից բիզնես է խլվել, տրվել ուրիշին: Այո, մարդիկ եղել են, որ ուզել են իրենց բիզնեսը վաճառել: ՀՀ-ում զարմանալի ավանդույթ կա, մեկն ուզում իր մեքենան պայմանական ծախի, գալիս վարչապետին հարցնում է՝ կլինի՞ մեքենաս վաճառեմ, թե՞ չէ: Երբ ասում ենք ՝ քո մեքենան է, ուզում եք վաճառեք, ուզում եք՝ մի վաճառել, ասում է՝ սա էլ է ուզում, սա էլ, ո՞ւմ վաճառեմ: Պայմանական ասում եմ մեքենա, բաժնեթղթերի մասին է խոսքը»:
Փաշինյանն ասաց, որ այսօր բոլոր գործարարները պետք է իրենց ազատագրված զգան, միակ պահանջը օրինականության պահանջն է:
Մելքումյանը հետաքրքրվեց գազի սակագների հետ կապված աշխատանքային խմբի ստեղծմամբ: Փաշինյանն ասաց. «Ես ուզում եմ ձեզ անկեղծ ասել՝ այդ աշխատանքային խմբի ստեղծումը պայմանավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ իմ ձեռք բերած պայմանավորվածությունների հետ, որովհետեւ հենց ես այդ փաստը ասեցի, որ մեր երկիր գազը մտնում է այս գնով ու հասնում է սպառողին այս գնով, ՌԴ նախագահը անկեղծ ասած զարմացավ, ինքը հիշեց իր անձնական նախաձեռնությունը, երբ Գյումրի էր այցելել: Հանդիպում էր եղել, բառացի ասեց՝ այնտեղ ես մարդկանց հագուկապից զգացի, որ սոցիալական վիճակն այնքան էլ լավ չի ու անձամբ հրահանգել եմ, որ այնպես անեն, որ բնակչության համար գազի գինը լինի տրամաբանական»: Նա դիմելով պատգամավորներին՝ հորդորեց, որ աջակցեն իրենց աշխատանքային խմբին, փաստեր ցույց տա ու այդ փաստերը քննարկեն ՌԴ գործընկերների հետ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ