«Ժողովրդի կարծիքն է այն վճռական գործոնը, որը պետք է որոշի Ղարաբաղի հարցի լուծման այս կամ այն տարբերակը մեզ ձեռնտո՞ւ է, թե` ձեռնտու չէ»,- խորհրդարանում պատասխանելով պատգամավոր Շիրակ Թորոսյանի հարցին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ Հայաստանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը Ղարաբաղի հարցը լուծի առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու:
Հիշեցնենք, այս կարծիքը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր նաեւ վերջերս Լիբանան կատարած աշխատանքային այցի ժամանակ:
«Ղարաբաղի հարցի թաքուն տարբերակ, որ մեկ էլ մի օր արթնանանք` տեսնենք` հոպ, հարցը լուծվել է. այդպիսի բան ուղղակի չի կարող լինել», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ շատերը սխալ են թույլ տալիս, երբ հայտարարում են, թե ինքը հրաժարվում է բանակցություններից, քանի դեռ Արցախը չի վերադարձել բանակցային սեղանի շուրջ: Հստակեցրեց`ինքն ասել է, որ բանակցելու մանդատ ունի միայն ՀՀ-ի անունից: Ես էլի եմ ասում՝ քանի դեռ Ղարաբաղի իշխանությունը ներգրավված չէ բուն պրոցեսում, մենք մոտիկ չենք հարցի կարգավորմանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Իսկ այն, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը բանակցում էին երկու հայկական պետությունների անունից, Նիկոլ Փաշինյանը բացատրում-պարզաբանում է այսպես`Ռոբերտ Քոչարյանը եղել է Ղարաբաղի ընտրված նախագահ, իսկ Սերժ Սարգսյանը`Ղարաբաղի ինքնապաշտպանության ղեկավարներից է եղել: Ուստի, ըստ Նիկոլ Փաշինյանի. «Իրենք կարող են համարել, որ այդ մանդատն ունեն»:
Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է`եթե բանակցային գործընթացում կձեւավորվի մի տարբերակ, որն ինքն անձամբ կհամարի լուծման տարբերակ, որը արժի ներկայացնել ժողովրդի քննարկմանը, իր առաջին գործողությունը հենց դա է լինելու:
Նա վերահաստատեց հայկական կողմի մոտեցումը`չի պատկերացնում հարցի կարգավորում`առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ