Փաշինյանն այսօր բացատրեց, թե ինչու է ստիպված առաջադրվել վարչապետի թեկնածու: Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 2-ին ընդունված «ԱԺ կանոնակարգ» օրենքը նախագահը չի ստորագրել, ուղարկել ՍԴ. «Մենք ստանում ենք ինֆորմացիա, որ այդ գործի քննարկման համատեքստում ինչ-որ մարդիկ կան, ակտիվ բանակցում են, որ ՍԴ-ն որոշում կայացնի, որ եթե վարչապետի թեկնածու չի առաջադրվելու այդ հարցով քվեարկություն չի եղել, ուրեմն դա չի կարող հիմք դառնալ ԱԺ-ն լուծարելու: Այդ որոշումը կարող էր արագ կամ ուշ ընդունվեր ու ամբողջ արտահերթ ընտրությունների լեգիտիմությունը դրվեր կասկածի տակ, պրոցեսը մտներ փակուղի»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղից արձագանքեց, որ իրենք ՍԴ-ի հետ չեն բանակցում՝ Փաշինյանն էլ պատասխանեց. «Ես չասեցի դուք, ասեցի որոշ ուժեր, միանգամից ռեակցիա տվեցիք»:
Փաշինյանը հորդորեց դավադրություններին վերջ տալ ու համակերպվել՝ վերադարձ անցյալին չի լինելու երբեք ու ոչ մի պարագայում. «Հոկտեմբերի 2-ին ցույց ենք տվել, թե ինչքան վտանգավոր եզրագծով եք քայլում»:
Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ արտահերթ ընտրությունները ոչ թե իրենց, այլ Հայաստանին է պետք. «Դուք գոնե համոզվել եք՝ մենք մեր ձեռները կկտրենք՝ ընտրությունների արդյունքներ չենք կեղծի: Եթե ՀՀ-ում որեւէ ընտրության արդյունք կեղծվի, ես իմ ապրած կյանքը կհամարեմ անիմաստ, սա բոլորի համար է, սա շանս է ստեղծում, որ ոչ թե պատգամավորները գնան վարչապետից դաբրո ստանան, գնան ժողովրդի՛ց դաբրո ստանան, սա վա՞տ է: Ասենք թե այս փոլում մենք հաղթելու ենք, բայց մի փուլում պարտվելու ենք, չէ՞»:
Նա ասաց, որ հեղափոխությունը տեղի է ունեցել, որովհետեւ ընտրությունների արդյունքները կեղծվել են, եթե մարդիկ իմանան, որ ընտրություններով հնարավոր է իշխանափոխություն անել, հեղափոխություն չի անի: Հեղափոխություն ով ուզեց՝ անելու է՝ իր քվեով. «Ձեզ թվում է մարդկանց հաճելի՞ է, հա՞, ինձ տենց հաճելի՞ է Ֆրանսիայի հրապարակում վրանում քնել կամ ԱԺ պատգամավոր լինելով՝ սարեր-չոլերում դողալով…Հաճելի չի, բոլորն ուզում են այդ շանսը պահել՝ ընտրատեղամասո՛ւմ անել հեղափոխություն, իշխանափոխություն»:
Նա անդրադարձավ այն դեպքերին, երբ 5 հոգով հավաքվում են ու պահանջում գյուղապետի, քաղաքապետի հրաժարականը. «Տենց չի լինում, մենք եթե 5 հոգով հավաքվեինք հրապարակում, Սերժ Սարգսյանը հրաժարական կտա՞ր, կամ 10 հազար հոգով: Չի կարելի ամեն ինչը բերել, բան անել՝ 5 հոգով փակենք դուռը, փակենք հրաժարականը: Ստորագրություն հավաքեք 1500 հոգու, դիմեք կառավարություն, կառավարությունը կասի եղբայր, հրաժարական տուր, նշանակի արտահերթ ընտրություններ, կառավարությունը երաշխավորում է՝ ոչ մի ձայն չի կեղծվելու: Գնացեք ստացեք ձեր քվեն, ասեք՝ տեսա՞ք, որ մենք ճիշտ էինք, ի՞նչ կարիք կա այդպես կառչած մնալ աթոռներին, այդ նյարդային մթնոլորտից պետք է դուրս գալ: Անիմաստ գործ է առանց ժողովրդի վստահության լինել իշխանություն, ես այս 5 ամսում համոզվել եմ: Ձեր համայնքում կա 10 հազար ընտրող, 5000 ստորագրություն հավաքեք, պետք չի ամեն տեղ ու ամենուր փակել ամեն ինչ: Եթե չեք հավաքում այդքան ստորագրություն, նշանակում է՝ չի հասունացել ձեր համայնքում այդ խնդիրը: Քաղաքական ակցիաներ արեք, բայց առանց ուրիշների իրավունքները խախտելու: Հիմա կասեն՝ մարդը, ով ամբողջ ՀՀ-ի ճանապարհները փակել է, հիմա մի գյուղի ճանապարհ փակելու համար բան է անում: Ես որ մի ճանապարհ փակել եմ, հազար անգամ ներողություն եմ խնդրել այդ ճանապարհով անցնող մարդկանց, էնքան ներողություն եմ խնդրել, ասել են՝ լավ, փակում ես, փակիր: Ճանապարհ են փակում, ներողություն չեն խնդրում, մարդիկ էդ ճանապարհով 4 ժամ չեն կարողանում գնալ, չի՛ կարելի այդպես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ