Լրահոս
Օրվա լրահոսը

Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությանն Ադրբեջանի հավատարիմ մնալուն թերահավատորեն եմ վերաբերվում. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Հոկտեմբեր 24,2018 12:55

Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությանն Ադրբեջանի հավատարիմ մնալուն թերահավատորեն եմ վերաբերվում: 1994թ. զինադադարից հետո նման պայմանավորվածություններ շատ են ձեռք բերվել, սակայն դրանք Ադրբեջանի կողմից չեն կատարվել: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի փոխխոսնակ Վահրամ Բալայանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հիմա սպասողական իրավիճակում է, որը կապված է Հայաստանում առաջիկա ներքաղաքական զարգացումների հետ և նման պայմանավորվածության գնալն ինչ-որ խնդիրներ լուծելու համար է, միգուցե նաև նպատակ՝ հայկական կողմի զգոնությունը թուլացնել:

Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը, որ ղարաբաղյան հիմնահարցի ցանկացած կարգավորում պահանջելու է «գրավյալ տարածքների մի մասի վերադարձ», Վ. Բալայանն ասաց, որ այդ հայտարարությունն ինչ-որ ձևով ուղերձ է Ադրբեջանի իշխանություններին ուղղված, որ ԱՄՆ-ը շարունակում է մնալ Ադրբեջանի բարեկամ երկիր և համենայն դեպս հետամուտ է լինելու, որպեսզի հարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի:

«Կարծում եմ, որ սա ականջ շոյելու դիվանագիտական միջոց է, որով փորձ է կատարվում բարեկամ երևալու ցանկություն դրսևորել: Ինձ թվում, որ այդ հայտարարությունը լուրջ չէ այն առումով, որ հաշվի չի առնվել այն իրողությունները, որոնք վերջին տարիներին առկա են տարածաշրջանում:

«Տարածքներ՝ խաղաղության դիմաց» նախկինում գոյություն ունեցող բանաձևը պատերազմի վերսկսման վտանգ է պարունակում, և եթե քաղաքագետներն ավելի խորությամբ ծանոթանան այն իրողություններին, որոնք գոյություն են ունեցել նախկինում և առկա են այսօր, ապա չեմ կարծում, թե նման հայտարարություններ կանեն»,- շեշտել է ԱԺ փոխխոսնակն՝ ընդգծելով, որ նման կարգի դիվանագետները պետք է լուրջ վերաբերմունք ցուցաբերեն և ավելի շատ փորձեն զսպել Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները՝ այդ ճանապարհով տարածաշրջանում խաղաղություն ապահովելու համար:

Ինչ վերաբերում է ԱՄՆ պաշտոնյաների կողմից Հայաստան կատարված և նախատեսվող այցերին, ապա ըստ Վ. Բալայանի, դրանք պայմանավորված են նրանով, որ Թրամփի վարչակարգը փորձում է արտաքին քաղաքական ասպարեզում ավելի նախաձեռնողական լինել և ազդեցության նոր գոտիներ ունենալ:

«Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների հետևանքով ԱՄՆ-ը ցանկություն ունի նոր իրավիճակում նոր մոտեցումներ ցուցաբերել՝ իր ազդեցությունը մեծացնելու համար: Բացի այդ կարծում եմ նաև նպատակ կա Հայաստանի հետ հարաբերությունները ջերմացնելու միջոցով որոշակի խնդիրներ ձևավորել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ի ամեն մի քայլը պայմանավորված է նաև Ռուսաստանի համար որոշակի խնդիրներ ստեղծելուն:

Սակայն ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից հակամարտության կարգավորման հարցում նոր նախաձեռնությամբ հանդես գալուն, ապա չեմ կարծում, որ ղարաբաղյան հարցի լուծումը հնարավոր է առանց Ռուսաստանի ակտիվ մասնակցության, որովհետև մենք վերջիվերջո չպետք է մոռանանք, որ այս խնդիրը ձևավորվել է գրեթե մեկ դար առաջ՝ հենց Ռուսաստանի միջամտությամբ»,- նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

Վ. Բալայանի կարծիքով անհրաժեշտ է, որ Ռուսաստանը վերանայի իր մոտեցումը, որով առաջնորդվեց 1920-ականներին՝ վնասելով նախ հենց ինքն իրեն, քանի որ Հայաստանը իրական բարեկամ է՝ ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031