«Պատասխանեմ հարցին՝ եթե առաջիկա ԱԺ ընտրությունները տեղի ունենան հին ԸՕ-ով, դրանով ՀՀ կոռումպացված համակարգը ռեւանշի հասնելու հնարավորություն կունենա՞: Պատասխանը միանշանակ է՝ ոչ, որովհետեւ համակարգն ու դավադրությունն ամբողջությամբ բացահայտված է ու ժողովրդի հետ երկխոսությամբ մենք կփակենք ապօրինի սողանցքի բոլոր հնարավորությունները»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում վարչապետի ընտրության հարցն է, առաջադրվել է Փաշինյանը՝ չընտրվելու մտադրությամբ
Փաշինյանն ասաց, որ նույնիսկ հին «Ընտրական օրենսգրքով» հաղթանակն անխուսափելի է: Նա հիշեցրեց, որ իրենք հեղափոխությունն արեցին՝ Սերժ Սարգսյանի Սահմանադրությամբ ու ինչպես կարողացան այդ սահմանադրությամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, այնպես էլ ՀՀԿ-ի համար գրված ԸՕ-ով կհասնեն ամբողջական իշխանափոխության:
Նա դիմեց ՀՀԿ-ին. «Հարգելի՛ ՀՀԿ-ականներ, ձեզ անընդհատ սխալ ուղղությամբ են տանում: Հին համակարգը ընտրելով՝ դուք մեզ մեծ ծառայություն եք մատուցում: Մենք ինչի ենք ուզում ԸՕ-ն փոխել, որ ընտրական պրոցեսը հնարավորինս քաղաքական բանավեճի տրամաբանության մեջ դնենք: Հենց այդ ռեւանշիստական մղումները պահեցիք՝ ընտրությունները մենք ուզենք-չուզենք՝ լինելու է սեւ ու սպիտակի տրամաբանության մեջ ու դուք 0 ձայն եք ստանալու: Ձեր միակ շանսը հնարավորինս քաղաքականացնելն է, որ մենք խոսենք ծրագրերից, բյուջեից, պրոբլեմներից, տնտեսական հեռանկարներից, որտեղ դուք ունեք բավականին մեծ ինֆորմացիա ու կարող եք հանդես գալ, ի վերջո այդ ռեւանշիստական բաները թողեք, որովհետեւ դա ձեզ մենակ վնասում է, ի վերջո համակերպվեք, գոնե ընդդիմություն մնալու ձեր շանսը պահպանեք: Հին Ընտրական օրենսգրքով դուք ընդհանրապես չեք անցնելու: Ձեր միակ շանսը փոփոխված ԸՕ-ն է, պարզ համամասնական ընտրակարգը: Ինչքան լարվածությունը մեծ եղավ, այնքան ձեր դեմ է աշխատելու: Շարմազանովը հարցնում է՝ էդ բարիկադները մե՞նք ենք կառուցել, բա ո՞վ է կառուցել: Դուք եք կառուցել՝ ձեր կոռուպցիայով, ձեր անընդհատ դավադրություններով, ձեր անադեկվատ մեկնաբանություններով: Դո՛ւք եք կառուցել էդ բարիկադները ու բարիկադները մի բան են,, որի վրա մենք այնքան վստահ ենք զգում, ուզում եք՝ կառուցեք, խնդիր չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ