Օրեր առաջ Երեւանի Ազնավուրի կեցավայրում Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների մասնակցությամբ հանրությանը ներկայացվեց Ազնավուրի կենտրոնի «վերակառուցման» մի նախագիծ, որը երբեւէ Հայաստանի որեւէ իրավասու ատյանում չի քննարկվել եւ չի համաձայնեցվել: Որպես նախագծի հեղինակ՝ ներկայացվել է ֆրանսահայ ճարտարապետ Արիս Ադամյանը: Այս մասին իրենց դժգոհությունն են բարձրաձայնել Հայաստանի վաստակավոր ճարտարապետներ Աշոտ Ալեքսանյանը, Հովհաննես Մութաֆյանը եւ Լեւոն Վարդանյանը, ովքեր նաեւ նամակով դիմել են Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանին եւ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին՝ կոչ անելով հարգել պրոֆեսիոնալ էթիկայի, հեղինակային իրավունքի նորմերը եւ թույլ չտալ խեղաթյուրել կառույցների ճարտարապետական դիմագիծը։
«Խիստ մտահոգիչ էր այն հանգամանքը, որ նշված միջոցառմանը հրաժարվել էր իր մասնակցությունը բերել կառույցի նախագծի հեղինակը` ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, որը, ինչպես պարզվում է, հեղինակային իրավունքի ուժով չէր տվել իր համաձայնությունը կառույցի նման վերաձեւումների համար։ Հայ ճարտարապետների ստեղծագործություններն արտերկրյա կառուցապատողների կողմից կամայական ձեւախեղելու այս անընդունելի երեւույթը, ցավոք, մեր ժամանակներում սովորական է դառնում՝ հաշվի առնելով նախորդ տարիների բազմաթիվ նմանատիպ օրինակները: Ճարտարապետների էթիկայի նորմերը միջազգային բնույթ ունեն եւ պարտադիր են բոլոր երկրների ճարտարապետների համար»,- մասնավորապես նշված է նամակում:
Ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանն ասում է՝ Ազնավուրի մահից հետո՞ որոշեցին այդ թանգարանը վերակառուցել եւ դրա համար դիմել են ֆրանսահայ ճարտարապետի։ «Այդ ճարտարապետն էլ Շառլի ընտանիքի հետ ցուցաբերել է ակտիվություն, հետո վարչապետի, այն ժամանակ նաեւ Սերժ Սարգսյանի հետ է հանդիպել եւ ստացել է քարտ բլանշ, եկել է Երեւան ու այդ կառույցը վերակառուցում է ըստ իրեն։ Դա նշանակում է մեր մասնագետների վրա թքած ունենալ, մենք էլ մեր մասնագետներին տիրություն չենք անում, թողել ենք ինքնահոսի։ Ֆրանսիայից եկել է մի ճարտարապետ, ով Հայաստանում գործելու լիցենզիա չունի եւ անում է վերակառուցում։ Մենք դեմ ենք նման վերակառուցմանը նման հեղինակի մասնակցությամբ»,- ասաց Ալեքսանյանն ու հավելեց, որ Ճարտարապետների պալատի վարչության նիստում այս թեմայով քննարկում է նախատեսված։
Ի՞նչ փոփոխություններ են արվելու՝ հավելյալ կցակառույցի մասի՞ն է խոսքը, թե՞ պետք է ինչ-որ բան քանդվի՝ նորից կառուցվի։ «Կերպարը փոխել չի կարելի, այն պետք է փոխի միայն հեղինակը, ուրիշը չի կարող դա անել, մենք արգելում ենք, դա բարոյական չէ»,- ասաց ճարտարապետը։
Իսկ ինչո՞ւ կառույցի նախագծի հեղինակ՝ ճարտարապետ Նարեկ Սարգսյանը չի միացել իրենց նամակին։ Ալեքսանյանն ասաց․ «Նարեկ Սարգսյանը վիրավորված է, ինչո՞ւ պետք է միանա, իսկ ես հանդես եմ գալիս որպես միության, վարչության անդամ, որպես ՀՀ քաղաքացի, փորձված ճարտարապետ»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում