Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում իր ելույթում ողջունեց լրագրողների՝ բոլոր պաշտոնյաների կյանքը, ունեցվածքը խոշորացույցի տակ առնելու քայլերը: Նա ասաց, որ չեն խուսափում ճշմարտությունն ընդունել. «Հույս ունեմ որեւէ մեկը չի ուզում ՀՀ-ում տեսնել անողնաշար, ամեն քննադատությունից ճկվող, նոկաուտի ենթարկվող կառավարություն: Աշխարհում կան անարդյունավետ, արդյունավետ, վատ ու լավ կառավարություններ, բայց յուրաքանչուր պետության համար ամենամեծ աղետը թույլ իշխանությունն է: Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ, լինելու է սկզբունքային, այնտեղ, որտեղ պետք է հարվածի՝ հարվածելու է, որտեղ պետք է հարվածներ ստանա՝ ստանալու է ու ամուր կանգնելու էիր ոտքերի վրա ու մի միլիմետր չի շեղվելու ճշմարտությունից»: Նա ասաց, որ որեւէ մեկը կարող է չկասկածել՝ Մարտի 1-ի գործը մինչեւ վերջ բացահայտվելու է ու կոչ արեց բոլորին հոգեբանորեն պատրաստ լինել այդ բացահայտումներին:
«Այսօր շատ լեգիտիմ հարց են տալիս, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան: Տպավորություն է, որ պրոցեսը կանգնել է: Այո, դա ճիշտ է ու ունի կոնկրետ պատճառներ, այսօր ՀՀ-ում բոլոր քննիչների ծանրաբեռնվածությունը կրկնակի ավելացել է, քննիչներ կան, իրենց վարույթում 20-30 գործ են քննում: Դատարանները համատարած, առնվազն շատ հաճախ կիրառում են գրավ ու մարդկանց կալանքից ազատում, եթե այդպիսի մեկնաբանություններ կան, որ աաա՜, դուք մի կողմից բռնում եք, հետո պայմանավորվում եք ու բաց եք թողնում, սա շատ կարեւոր հարց է ու լուրջ մեղադրանք: Ես որեւէ կերպ չեմ միջամտում դատական իշխանության գործերին,ոչ թե նրա համար, որ չեմ կարող, այլ պարտավորվել եմ հանրության առաջ»:
Փաշինյանն ասաց, որ նախ քրեակատարողականների ծանրաբեռնված լինելը պատահական չի, նախկին իշխանությունները քրեականների հետ գործարքներ են ունեցել, հատուկ են արել, ըստ նրա, պատահական չի, որ ՔԿՀ-ներում քնելու տեղ չունեին որոշ կալանավորներ. «Քնելու տեղ չունենալը փող է, ով ավելի շատ կմուծվի, որ քնելու տեղ ունենա, լավ տղու բազար է, ով է իրեն ճիշտ պահում ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո, ով է ճշտի իշխանությանը բավարար չափով ծառայում: ՔԿՀ-ները ՀՀ-ում եղել են ամենախոշոր բիզնեսներից մեկը»:
Նա ասաց, որ մարդը ՔԿՀ մտավ՝ ամբողջ համակարգը աշխատում է, որ նրանից հնարավորինս «փող քամեն». «Այս մաֆիոզ կառույցի մի մասը այսօր էլ ՀՀ ՔԿՀ-ներում պաշտոններ են զբաղեցնում: Ինչու մենք բոլորին չենք հանել, նախ ճիշտ չի թացը չորից խառնել, երկրորդը, որ իրենց հանենք, ո՞ւմ ենք նրանց տեղը բերելու աշխատելու 70 հազար դրամով, հարցեր են այս ամեն ինչը: Կալանքի պրակտիկան ահավոր ցածր է, երկրորդը՝ կա պրոբլեմ, իրոք մարդկանց գրավով ազատում են: Այս կապակցությամբ քննչական մարմինները անհանգստացած են, որովհետեւ դա լավ է, թե վատ՝ նախկինում նրանք աշխատել են այդ տրամաբանությամբ, որը շատ դեպքերում օբյեկտիվ է: Եթե մարդը մեղադրվում է ընտրակաշառքի մեջ ու նրան կալանքից ազատ են արձակում, նա արդեն իր ամբողջ ցանցի հետ՝ որպես վկա, աշխատելու հնարավորություն է ունենում: Մարդիկ տեսնում են՝ բռնեցին-բաց թողեցին, ուրեմն այնքան էլ լուրջ չի: Սա խնդիր է, որը քննչական մարմիններն ունեն, բայց մյուս կողմից չեմ բացառում, որ դատարանն իրոք իր համոզմունքի, ոչ թե այլ կոռուպցիոն եղանակներով որոշում է կայացնում, այստեղ էլ թացը չորից տարանջատելու խնդիր կա: Առաջիկայում պետք է նստենք վերլուծենք բոլոր գործերը եւ հասկանանք, թե գործերի քանի տոկոսն է, որ իրոք համաձայն ենք, որ իրոք պետք է մարդը գրավով ազատ արձակվեր ու քանի տոկոսն է, որ դա արվել է՝ քրգործին խոչընդոտելու համար, պետք է գանք համապատասխան հետեւությունների»:
Փաշինյանը չի բացառում, որ դատարանները կարող են հրահանգներ դեռ ստանալ նախկին իշխանության որեւէ օղակից կամ թեկուզ այս իշխանության որեւէ օղակից, պետք է «դիագնոզ» դնեն, նոր բուժեն, բայց մի բան պարզ է. «Ժողովրդից գողացվածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ