«Որեւէ վստահելի աղբյուրի կողմից այդ տեղեկությունը չի հաստատվել: Միայն նշեմ, որ տարածաշրջանում սպառազինության մրցավազքը միշտ գտնվում է հայկական կողմի օրակարգում»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկությանը, թե Իտալիան զենք է վաճառում Ադրբեջանին, ասաց ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին կամ անկայունության հաստատմանը»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր հանդիսացող ԱՄՆ-ից ձեռք է բերել նոր ուղղաթիռներ, Աննա Նաղդալյանը հստակեցրեց. «Մեզ վստահեցրել են, որ դրանք քաղաքացիական կիրառության ուղղաթիռներ են՝ արտակարգ իրավիճակներում օգտագործման նպատակով: Դրանք չեն կարող կիրառվել ռազմական նպատակներով: Խոսքը վերաբերում է նաեւ երրորդ երկրի միջոցով նման նշանակության ուղղաթիռներ ձեռք բերելուն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ