«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց. «ՀՀԿ–ն ուզում է, որ ռեյտինգային համակարգը մնա և ձևավորվի թաղային հեղինակություններ ունեցող խորհրդարան: Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն, ես ասել եմ, որ դա անակնկալ էր, և եթե ընտրությունները գոնե մեկ շաբաթ ավելի ուշ լինեին, մենք ավելի շատ ժամանակ կունենայինք: Բայց, պատգամավորների ստորագրությամբ, երկուշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ կգումարվի: Մեր բախտը բերեց զուտ նրանով, որ առաջիկա շաբաթ օրը աշխատանքային չէ, հակառակ դեպքում այդ հնարավորությունը չէինք ունենա»:
Նա նաև նշեց, որ այս պահին հարցը փակված չի կարելի համարել և ինքը հիմնավոր ակնկալիքներ ունի, որ Ընտրական օրենսգիրքն, այնուամենայնիվ, կընդունվի:
«ԱԺ–ում կան բազմաթիվ պատգամավորներ, ովքեր տրամաբանորեն պետք է «կողմ» քվեարկեին, բայց նիստին ընդհանրապես ներկա չէին: Եվ ես կարծում եմ, որ եթե այդ պատգամավորները արտահերթ նիստին գան, ապա անհրաժեշտ 63 ձայնը կհավաքվի և օրինագիծը կընդունվի: Հակառակ դեպքում, հայաստանյան քաղաքական ապագայի համար գործող Ընտրական օրենսգրքով ընտրություններ անցկացնելու պարագայում շատ վատ հետևանքներ կլինեն: Այդ դեպքում խորհրդարանն ավելի պակաս քաղաքական կլինի, ինչը կազդի ներկայացվածության վրա, և քաղաքական մշակույթը Հայաստանում կզարգանա նվազագույնը 5 տարի ուշացումով: Եվ եթե ինչ–որ մեկը ավելորդ 5 տարի ժամանակ ունի և կարող է սպասել, ապա ես, որպես քաղաքացի, չեմ ուզում 5 տարով երկարաձգել քաղաքական մշակույթի զարգացումը»,– ասաց Դ. Իոաննիսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում