Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում շաբաթ օրը նորածին է մահացել։ Հարազատները վստահ են, որ դժբախտությունը տեղի է ունեցել բժշկի մեղքով եւ դիմել են իրավապահներին։
Ծնունդն ընդունել է բժիշկ Ա. Հ.-ն։ Հենց նրան էլ երեխայի հարազատները մեղադրում են անուշադրության մեջ։ «Մեր հարսը մեզ ասաց, որ երեխային սպանեց իր անուշադրության, իր գոռոզության պատճառով։ Անուշադրության է մատնել, ամեն ինչ ուշացրել է: Նույն վերաբերմունքը ստացել ենք ընդհանուր հիվանդանոցի տնօրինությունից, մեզ ինչ-որ մեկը երեք օրվա մեջ չի կանչել, ասել ցավակցում եմ ձեզ, կներեք, որ այսպես եղավ։ Մենք ենք բաժնի վարիչին ման գալիս, գտնում, մտնում ենք իր մոտ, մուրաբայով, մեղրով թեյ է խմում։ Ասում ենք՝ երեխայի վիճակը ոնց է, ասում է՝ տեղյակ չեմ»,- պատմեց մահացած նորածնի հորեղբայր Անդրանիկ Գեւորգյանը։
Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն, ըստ նրա, ասել է, որ փոքրիկը գլխի հետ կապված խնդիր ունի եւ ապրելու դեպքում կարող է թերզարգացած լինել։ «Մեզ ասում էր Աստված կանչեք, որ երեխայի սիրտը չաշխատի։ Որ հարցրեցինք՝ ինչու, պատասխանեց՝ գլխի հետ կապված վնասվածք է ստացել, խնդիր ունի»,- նշեց հորեղբայրը։
Մահացած երեխայի հարազատները չգիտեն՝ այդ վնասվածքը նա ծնվելո՞ւ ժամանակ է ստացել։ Գիտեն, սակայն, որ հարսի հղիության ընթացքում, որն, ի դեպ, նույնպես հսկվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, միայն լսել են, որ ամեն ինչ իդեալական է։ «Վերջին հետազոտությունը նույն (ծննդաբերության) օրն է անցել, ասել են՝ իդեալական է»,- հավելեց նա։
Հարազատներին վրդովեցրել է նաեւ այն ձեւը, որով իրենց տեղեկացրել են փոքրիկի մահվան մասին։ «Ոտքի վրա գալիս են, ասում՝ ձեր երեխայի մահվան վկայականի համար այսինչ թղթերն են պետք։ Այդպիսի բանը ոտքի վրա ո՞վ է մոր ներկայությամբ ասում, երբ նա գիտի երեխան վերակենդանացման բաժանմունքում է, պիտի կարգավորվի ամեն ինչ։ Անձամբ ինձ ասել էին՝ հույս կա, որ սիրտը կաշխատի, բայց երեխան թերզարգացած կլինի։ Ես պատասխանել եմ ոչինչ, թող սիրտը աշխատի, երեխային տվեք ինձ։ Հետո ասում եմ՝ մենք ինչու չենք իմանում, որ երեխան մահացել է։ Ինձ մի բժիշկ պատասխանում է՝ ինչ իմանանք՝ դուք որտեղ եք, որ գայինք ձեզ հայտնեինք։ Ասում ենք՝ դուք այնքան անտարբեր եք, որ չգիտեք՝ այդ երեխայի մայրը որ հիվանդասենյակում է սթրեսի մեջ պառկած»,- շարունակեց Անդրանիկ Գեւորգյանը։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում