ԱԺ ՀՀԿ խմբակցությունը չի խախտելու նախնական պայմանավորվածությունը եւ Նիկոլ Փաշինյանին այսօր չի ընտրելու վարչապետ: Այսօր այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Մենք պայմանավորվածություն չենք խախտում եւ մենք վաղուց ենք պայմանավորվել, որ անակնկալներ չեն լինի»,- ասաց նա:
Վահրամ Բաղդասարյանը գնահատականներ չտվեց Նիկոլ Փաշինյանի ելույթին: https://www.aravot.am/2018/10/24/988972/
«Բնականաբար, քանի որ այս ամեն ինչը ձեւական բնույթ է կրում, ելույթը չէր կարող ծրագրային լինել»,- հարցին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթում անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին եւ հայտարարեց, որ այդ փոփոխությունների չանցնելը ՀՀԿ-ին «ձեռք չի տալիս», քանի որ, իր կարծիքով առանց այդ փոփոխությունների եւ ռեյտինգային համակարգի բացառման, ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններում «շանս չունի»: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Օրը կգա`կտեսնենք»:
Նա պնդում է ՀՀԿ-ի տեսակետը`ընտրություններից առաջ այսպիսի լուրջ փոփոխություններ անել «Ընտրական օրենսգրքում» խնդիր է առաջացնում Հայաստանի համար, միջազգային կառույցները չեն ընդունում դրանք, Հայաստանի միջազգային վարկն է տուժում դրանից. «Դա պետք է գիտակցեն բոլորը: Ընտրությունից մեկ ամիս առաջ չի կարելի նման փոփոխություններ անել»:
Aravot.am-ի դիտարկմանը` այնուհանդերձ այդ փոփոխությունները ձեռնտու են ՀՀԿ-ին, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես խնդրում եմ, մի անձնավորեք, ում շահերից ինչն է բխում: Իսկ դեկտեմբերին ընտրությունները շուտափույթ նշանակելն ու՞մ շահերից է բխում»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ