Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ին ռեյտինգային համակարգով մեծ թվով ձայներ ապահոված օլիգարխներն ու գործարարները կա՛մ այլեւս ՀՀԿ-ում չեն, կա՛մ չեն համագործակցում այդ կուսակցության հետ. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2018 11:44
yntrutyun

Վերջին ամիսների իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀԿ-ին ռեյտինգային համակարգով մեծ թվով ձայներ ապահոված օլիգարխներն ու գործարարները կա՛մ այլեւս ՀՀԿ-ում չեն, կա՛մ չեն համագործակցում այդ կուսակցության հետ։ Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն զրկվում է տարբեր օլիգարխների, գործարարների ու կլանային խմբերի միջոցով հավաքվելիք հսկայական ձայներից։ Մանավանդ՝ եթե փողի գործոնը եւս վերանում է։ Ուրեմն ինչո՞ւ իշխող կուսակցությունը չի ցանկանում ընտրությունների գնալ ռեյտինգային համակարգով, երբ թե՛ քաղաքապետի, թե՛ ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններն այլեւս իրողություն են ,եւ երբ անձամբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան, չկան նաեւ բարիկադներ։

Երեւանի քաղաքապետի ընտրություններում ավելի քան 82 տոկոս ձայն հավաքած «ՔՊ»-ն այլ իրավիճակ ունեցավ ՏԻՄ ընտրություններում։ «ՔՊ»-ի կողմից ներկայացված թեկնածուների մի մասը ժողովրդի շրջանում կա՛մ ճանաչում չունի, կա՛մ մեծամասնության հարգանքը չի վայելում, եւ մեծամասամբ դրական արդյունքներն ապահովվում են Նիկոլ Փաշինյանի անձի եւ հեղափոխության հանգամանքով։ Եվ ռեյտինգային ցուցակներով գնալ ընտրությունների՝ նշանակում է ցուցակներում ընդգրկել անուններ, որոնք գոնե ընտրողների մի մասին անծանոթ են կամ ոչ ցանկալի։ Այդ պարագայում Փաշինյանը կրկին, ինչպես Երեւանի քաղաքապետի ընտրություններում, ստիպված է լինելու հայտարարել, որ ձայնը տալով իրենց թեկնածուին՝ ժողովուրդն իր ձայնը տալիս է հեղափոխությանը կամ անձամբ իրեն։ Սակայն, ինչպես ցույց տվեցին Կապանի քաղաքապետի ընտրությունները, դա էլ կարող է չօգնել․ Կապանում «ՔՊ» թեկնածուն չընտրվեց, թեեւ նրան ինտենսիվ աջակցում էր «ՔՊ» ողջ թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Նման անցանկալի իրավիճակներից խուսափելու համար պետք է ընտրություններին գնալ փակ համամասնական ցուցակներով։

Արդարության համար նշեմ, որ «ՔՊ» կուսակցությունում կան մարդիկ, ովքեր վայելում են հասարակության լայն զանգվածների հարգանքը եւ կարող են ռեյտինգային համակարգով լուրջ ձայներ ապահովել կուսակցության համար։ Եթե Երեւանում «ՔՊ»-ն ունի թեկնածուներ, որոնց միջոցով ռեյտինգային համակարգով ընտրությունների դեպքում կարող է ներկայանալ հանրությանը՝ ապահովելով ցանկալի արդյունք, ապա մարզերում նրանց թիվը փոքր է, եւ հույսը պետք է դնել ոչ թե անձամբ թեկնածուի, այլ՝ Փաշինյանի ու հեղափոխության վրա։

Ռեյտինգային համակարգը, ըստ էության, ընտրողի համար հնարավորություն է ստեղծում հասկանալու, թե ում է տալիս իր ձայնը եւ ումից է պահանջելու սպասվող արդյունքները, այն դեպքում, երբ փակ համամասնական ցուցակները դրա հնարավորությունը չեն տալու, սակայն ապահովելու են համեմատաբար բարձր ցուցանիշներ «ՔՊ» կուսակցության համար։

Արամ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031